Շուտով մարդկանց մոտ կվերջանա ոչ միայն փողը, այլև սննդի պաշարը, և իշխանությունը կկանգնի դիլեմայի առաջ` շարունակել կարանտինը, թե շուտ չեղարկել՝ վարակի երկրորդ ալիքի ռիսկով. Արթուր Մարտիրոսյան. Tert.am
Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում հնարավոր աշխարաքաղաքական վերադասավորումների մասին: Նրա խոսքով` մարդկությունը մտնում է մի տուրբուլենտ անորոշության դարաշրջան, որտեղ գոյատևելու են հակաճգնաժամային իմունիտետի բարձր ցուցանիշներ ունեցող ազգային պետությունները:
-Պարոն Մարտիրոսյան, նոր կորոնավիրուսի տարածմամբ աշխարհը և համաշխարհային տնտեսությունը կանգնեցին նոր ճգնաժամի առջև: Շատ մտածողներ են այս օրերին նկատում, որ աշխարհն այլևս նոր է, նույնը չի լինի: Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ նոր աշխարհակարգի ձևավորման շեմին ենք:
-Վերափոխում եմ Իոսիֆ Բրոդսկու խոսքերը՝ գլոբալ հանկարծաշրջման օրերին «բոլորն էլ մի քիչ գուշակ են»: Այն, որ համավարակը (ընդ որում` կորոնավիրուսային – Ա. Մ.) կլինի, ասում էին շատ մասնագետներ, գրողներ, կինոմատոգրաֆիստներ, ֆուտորոլոգներ, բայց ոչ ոք չէր կարողանում ասել, թե հատկապես որտեղ և թե կոնկրետ ինչ վարակ կհամակի ամբողջ մոլորակը. մեր առջև «սև կարապ» չէ, այլ` «կանխատեսված պատահականություն»:
Քաոսի տեսությունում կա «թիթեռի էֆեկտ» այլաբանություն. համակարգի սկզբնական վիճակում փոքրիկ փոփոխությունները կարող են առաջացնել փոքրիկ իրադարձություններ, որոնք էլ պատճառ կդառնան մեծամասշտաբ փոփոխությունների կամ կատակլիզմների: Եթե այդ «կանխատեսելի պատահականություն» այլաբանությունը դիտարկենք նորովի, ապա «թիթեռնիկի թևերի թափահարումը» կարելի է փոխարինել, օրինակ, եգիպտական մոծակի (Aedesaegypti) խայթոցով:
Վարակաբանները և համաճարակաբանները հիմա կանխատեսում են, որ կլիմայական փոփոխությունները կբերեն նրան, որ որոշ աֆրիկական մոծակներ, որոնք հազվադեպ հանդիպող հիվանդություններ տարածողներ են, կտեղափոխվեն հյուսիս` Եվրոպա, և համավարակները կդառնան նոր իրականություն և կտարածվեն ամեն 3-5 տարին մեկ:
COVID-19 համավարակը գուցե ինչ-որ առումով զգուշացում է մարդկությանը: COVID-19-ը վրա հասավ, երբ ամբողջ աշխարհն անցումային փուլում էր, երբ հին աշխարակարգը արդեն մարտահրավերներին չէր դիմակայում, իսկ նորը դեռ չէր ձևավորվել: Մեծ հաշվով`կա երկու ճանապարհ. 1). համագործակցային, երբ բոլոր երկրները միասնական ուժերով պետք է պայքարեն հերթական համավարակի դեմ կամ 2).աշխարհը կվերադառնա անցյալին, պայմանական ասած, միջնադար` 14-15-րդ դարեր` «Սև մահվան» ժամանակներ:
Համաշխարհային հանրությանը պետք է լինելու ադապտացված ձևով գտնել նոր միջոց` միասին գոյատևելու, կամ էլ գլորվել դեպի քաոս, որտեղ գոյատևումը կլինի ուժեղագույններինը, իսկ մահացությունը կգերազանցի անգամ 1918-19թթ. «Իսպանական գրիպի» ցուցանիշները, երբ տարբեր հաշվարկներով, վարակվել էր կես միլիարդ մարդ, իսկ մահացավ՝ մինչև 50 միլիոնը:
Պարադոքսը նրանում է, որ 20-րդ դարից հետո մարդկությունն աճել է համարյա հինգ անգամ` 1.5 միլիարդից՝ դառնալով գրեթե 7.5 միլիարդ, միաժամանակ վարակիչ համավարակների համար ավելի լինելով խոցելի՝ պատմության մեջ բնակչության աննախադեպ շարժունակության պատճառով:
Հասկանալը, թե ինչն է պետք թողնել անցյալում, իսկ նորից ինչը վերցնել զինանոց՝ ադապտացիայի փուլում մարտահրավեր է համաշխարհային առաջնորդների համար: Միանգամայն ակնհայտ է, որ որոշ բաներ, ինչպիսիք են` անհատական պաշտպանության միջոցների, բժշկական սարքավորումների արտադրությունը, բիոտեխնոլոգիական հետազոտոթյունների պետական ֆինանսավորումը վերածվելու են ազգային անվտանգության այնպիսի օրակարգային հարցերի, ինչպիսին այսօր համարվում է զենքերի հետազոտությունն ու արտադրության զարգացումը:
Բայց ժամանակը կանգ չի առնելու: Այս համավարակի շոկից հետո, համավարակների սպառնալիքներին դիմակայելու նոր մեխանիզմների, արագ արձագանքման միջազգային ինստիտուտների ստեղծման գործընթացը պետք է դառնան առաջնահերթություն համաշխարհային առաջնորդների համար: Կդառնա՞ն իրականում. արդեն այլ հարց է:
-Նոր կորոնավիրուսը կարծես լակմուս լիներ աշխարհի դերակատարների համար: Մեկ ամսում հայտնի դարձավ, որ աշխարհի գերհզորներ համարվողները` Մեծ քառյակի երկրները, չեն կարողանում դիմագրավել համաճարակը: Ավելին, ամենամեծ թվով վարակակիրներն այդ երկրներում են: Կարո՞ղ ենք ասել, որ նոր իրողությունը` համավարակի տեսքով, վերադասավորումներ է անելու դերակատարների շարքերում: Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները փոփոխվող աշխարհում նոր դերակատարների, հների տեղերի մասին:
-Երկրների մեծ մասը, պարզվեց, պատրաստ չէր համավարակի մարտահրավերներին: Բայց երկրների ոչ մեծ խումբ կարողացավ շատ վաղ փուլում որոշակիացնել COVID-19-ի իրական սպառնալիքները և, կոնկրետ վարքագծային մշակույթներում սոցիալական մոբիլիզացիայի ռեսուրսներին համապատասխան գտնել լուծումներ ՝ վիրուսային սպառնալիքը վերահսկելու համար: Եթե այս վարակից մահացության թիվը համեմատենք այլ վարակիչ հիվանդությունների թվի հետ, ապա այն այդքան սարսափելի չի թվա, բայց իրական խնդիրը, որ ստեղծում է COVID-19-ը, այն է, որ այն առանց ախտանշանների, կարող է արագ վարակել մեծ թվով մարդկանց: Եվ եթե նույնիսկ վարակակիրների 15 տոկոսն է հիվանդությունը ծանր տանում, երբ հաշվարկը վերաբերում է տասնյակ հազարավոր վարակվածների, ապա առողջապահական համակարգը, անգամ ամենազարգացած երկրներինը, չի դիմանում. չեն բավականացնում սարքերը, մահճակալները, անձնական հիգիենայի էլեմենտար պարագաները և պաշպանիչ անձնական միջոցները, բժիշկները: Այս խնդիրներն արդեն բոլորին են հայտնի:
Իհարկե, եթե այնպիսի գերտերություն, ինչպիսին ԱՄՆ է, հայտնվում է լրիվ անպաշտպան իրավիճակում համաճարակի առաջ, ապա միջազգային հարաբերությունների որոշ տեսաբանների մոտ գայթակղություն է առաջանում ցանկալին իրականության տեղ ներկայացնելու: Բայց դա ամբողջությամբ այդպես չէ: Վերջին 30 տարում ԱՄՆ-ն, արդեն երկրորդ անգամ, ձախողվել է ազգային անվտանգության կրիտիկական մարտահրավերների հարցում, ինչը նշանակում է, որ ձախողվել է դրանց դիմակայելու համար ռեսուրսների ռազմավարական բաշխման հարցերում: Սառը պատերազմի ավարտից հետո բաց էր թողնվել ահաբեկչության սպառնալիքը, իսկ վերջին տարիներին ազգային անվտանգության հայեցակարգում առաջնային սպառնալիքներ էին համարվում կամ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, կամ կիբերանվտանգությունը, սակայն պարզվեց, որ ամենալուրջ սպառնալիքը համաճարակայինն է: Չի կարելի ասել, որ այս սպառնալիքները իրենց տեսադաշտում չկային, բայց առաջնահերթություններն էին այլ:
Նոր իրավիճակում ոչ մեծ երկրները ցուցադրում են ճկունություն, ինքնակազմակերպվածություն, կոլեկտիվ գործողությունների կարգապահություն, սովորելու ունակություն, ընդհանուր շահի թելադրանքին ենթարկվելու կարողություն, այդ իսկ պատճառով նրանք կարողանում են հաղթահարել համաճարակն ավելի հաջողությամբ և ավելի քիչ զոհերով:
Դեռ չի ավարտվել համավարակի մոլեգնումը, բայց արդեն ուրվագծվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը: Նոր աշխարհակարգի և ուժերի դիրքավորման մասին կարելի է խոսել միայն այդ ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալիս, որը բոլոր ցուցանիշներով ավելի կոշտ կլինի, քան 2008-ի ռեցեսիան էր:
-Այս համավարակը հարուցել է տնտեսական ճգնաժամ. փակվել են երկրների ցամաքային, օդային սահմանները, կանգնել են որոշ արտադրություններ: Իսկ տնտեսությունը, հայտնի է, թելադրում է նաև քաղաքականություն: Այս առումով ի՞նչ քաղաքական զարգացումների ականատես կարող ենք լինել:
-Տարբեր երկրներ համավարակից դուրս կգան տարբեր արագությամբ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մոտ պիկը կլինի ժամանակի տարբեր կետերում: Խնդիրներից մեկը կապված է մտածելակերպի հետ. որոշներին թվում է, որ իրենք կարող են խուսափել ֆինանսատնտեսական ճգնաժամից, որն արդեն թակել է իրենց դուռը: Տեղաշարժման սահմանափակումներն ավելի շատ կտարածվեն մարդկանց` վարակ փոխանցողների, քան` ապրանքների վրա: Դա նշանակում է, որ տնտեսության ծառայությունների ոլորտները, օրինակ` զբոսաշրջությունը, կարող են ավելի խոցելի իրավիճակում հայտնվել, բայց դա կարող է չտարածվել այն ոլորտների վրա, որոնք մինչ ճգնաժամն էլ սովորաբար աշխատել են հեռավար ձևով, ինչպիսին` ՏՏ ոլորտն է:
Ես չեմ փորձի ասել, թե որքան կտևի ճգնաժամը, բայց այն կհասցնի իր շտկումները մտցնել նաև քաղաքականության մեջ` ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին: Հիմա դեռ ուշ չէ զբաղվելու առաջիկա ճգնաժամի համար սցենարային պլանավորմամբ: Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են շատ գրագետ հաշվարկել ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության տարբեր ճյուղերի վրա` հիմնվելով 2008-ի փորձի վրա: Ճգնաժամն անխուսափելի է, բայց այն ավելի լավ կհաղթահարեն այն պետությունները, որոնք պատրաստ կլինեն, ոչ թե նրանք, որոնք կփորձեն անտեսել կամ հույսը դնել այն բանի վրա, որ նրանց այն չի առնչվի:
-Այս պահին, կարծես առավել քիչ է խոսվում հակամարտությունների մասին: Բոլորը կենտրոնացած են չերևացող և ավելի վտանգավոր թշնամու` համավարակը հաղթելու վրա: Այս «զինադադարը» կարո՞ղ է նաև ազդել տարբեր հակամարտությունների բանակցային գործընթացների վրա: Ի՞նչ սպասել այս առումով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
-Համավարակն իր ազդեցությունն է ունենում հակամարտությունների վրա այն առումով, որ ստեղծում է լրացուցիչ ռեսուրսային լարվածություն կողմերի համար: Բացի այդ, Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում լրջագույն և ցավոտ հարված ստացավ տնտեսության հիմնական ճյուղը համարվող նավթի արդյունաբերությունում: Բռնցքամարտի լեզվով ասած` Ադրբեջանը հայտնվել է գրոգգի իրավիճակում (մարտի ժամանակ հարվածների արդյունքում տիրապետումը մի պահ կորցրած բռնցքամարտիկ-Tert.am): Դա բնավ չի նշանակում, որ Ադրբեջանը ամբողջովին կվերանայի իր ռազմավարությունը կամ մարտավարությունը: Փոփոխություն կարող է լինել միայն հայկական պետությունների ազդեցության արդյունքում, եթե օրինակ, հայկական պետությունները ճգնաժամից դուրս գան ամենաքիչ կորուստներով և նույնիսկ ուժեղացած: Բայց դրանք միջնաժամկետ հեռանկարի խնդիրներ են՝ մի քանի տարվա: Առաջիկայում դիվանագիտական գործընթացը կարող է սառեցվել, շփման գծում իրավիճակն էլ նման է լինելու 2019-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների իրավիճակին:
– Հայաստանի ղեկավարությունը, հիշում ենք, սկզբից ծաղրով էր վերաբերվում համավարակին: Վարչապետն անգամ ասում էր, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»: Բայց այսօր երկրում արդեն արտակարգ դրություն է, և նույն ղեկավարների կոչերը համավարակին լուրջ վերաբերվելու և դրանից զգուշանալու մասին են: Ձեր տպավորությամբ` ի՞նչ ցույց տվեց աշխարհի փորձը և ինչպե՞ս պահեց Հայաստանն իրեն` համավարակի տարածումը կանխելու համար:
-Սկզբնական փուլում՝ հունվարի 20-ից մինչև փետրվարի կեսը, երբ վարակի բռնկումը, բացի Չինաստանի Ուհան նահանգից, եղավ նաև Ասիայի հարավարևելյան այլ երկրներում և Հեռավոր Արևելքում, Հայաստանի ղեկավարությունը կորոնավիրուսի ժամանակը չուներ: Եվ այն ժամանակ թվում էր, թե դա տեղի էր ունենում Հայաստանից շատ հեռու, բայց երբ Ճապոնիան, Սինգապուրը, Հարավային Կորեան լուրջ մոտեցան սպառնալիքին, պետք էր ուշադիր ուսումանսիրել նրանց փորձը: Օրակարգում հանրաքվեն էր և քարոզարշավը, որոնք պահանջում էին ճիշտ հակառակ գործողություններ, ինչն արվում էր Թայվանում, Հարավային Կորեայում, Սինգապուրում: Ռազմավարական սխալն արվել է այս փուլում: Մանրամասները դեռ ենթակա են ուսումնասիրման, բայց անգամ առողջապահության նախարարի և այլ պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից պարզ էր դառնում, որ երկու սկզբունքային մոտեցումներից, իրենք ընտրել էին` «բրիտանաշվեդականը»`բնակչության իմունիտետը. առանց որևէ լուրջ սահմանափակող միջոցառումների. բնակչության 70 տոկոսը պետք է վարակվի` ձեռք բերելով կոլեկտիվ իմունիտետ՝ անխուսափելի կորուստներով, ինչպես մյուս սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում է լինում: Ակնհայտ սխալը նրանում է, որ ի տարբերություն այլ սուր շնչառական վարակների, COVID-19-ը, բացի ասիմպտոմատիկ ինկուբացիոն ժամանակահատվածից, ունի վարակման ավելի բարձր գործակից, ինչը նշանակում է, որ հաճախ դեպքերի 25% մարդիկ վարակվում են, բայց վարակվածության առաջին կամ երկրորդ մակարդակների հայտնաբերելն անհնար է:
Երկրորդ փուլը սկսվեց Իտալիայի հյուսիսում սարսափեցնող իրավիճակով: Այստեղ ևս ժամանակ կորցրինք, գործողություններում նկատելի էր անհետևողականություն: Իրանի դեպքում միջոցներ ձեռնարկվեցին, չնայած որ այս ուղղությամբ արվածը շատ զգայուն էր ընկալվում, բայց Իտալիայի դեպքում արված քայլերը շատ ուշացած էին: Մինչ մարտի կեսերը, երբ արդեն բոլորի համար ակնհայտ էր, որ իտալական փորձի կրկնությունը Հայաստանում կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ, իշխանությունները կտրուկ միջոցներ ձեռնարկեցին: Այս փուլում սկսեց աշխատել բնակչությանն ընդդիմանալը, որը հանկարծ ստիպված պիտի լիներ հավատալ հին հռոմեացիների խոսքին` Salus populi suprema lex esto (Ժողովուրդի բարօրությունը բարձրագույն օրենքն է), և վարակի «նոր տիպի» սպառնալիքին, վարակի, որն ավելի քիչ, քան մեկ ամիս առաջ, առողջապահության նախարարի կողմից «լուրջ» չէր համարվում: Բնական է, որ խիստ, բայց այդ փուլում արդյունավետ միջոցները բնակչության մեծ մասի համար, որոնք չունեն ֆինանսական ամրության պաշար, կստեղծեն սոցիալական լարվածություն: Մարդկանց մոտ կվերջանան ոչ միայն փողը, այլ նաև սննդի պաշարները, և իշխանությունները կկանգնեն դիլեմայի առաջ` շարունակել կարանտինի միջոցառումները և արտակարգ դրությունը՝ սոցիալական դժգոհության բռնկման բարձր հավանականությամբ, կամ սոցիալ-տնտեսական գործոնների ճնշման ներքո ժամանակից շուտ չեղարկել արտակարգ դրությունը և կարանտինային սահմանափակումները` էքսպոնենցիալ վարակման երկրորդ ալիքը ստանալու ռիսկով: Բարդ դիլեմա է և սխալ որոշումը կարող է խորացնել ճգնաժամային իրավիճակը: Այստեղ կարևոր է ճիշտ հաշվարկել հնարավոր կարուստները և հասարակությանը վստահեցնելու արդյունավետ ռազմավարություն մշակել, որ ամենաքիչ կորուստներով ճիշտ որոշումը դա է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: