«Այս իրավիճակում բոլոր քաղաքական ուժերն իրենց բավականին պարկեշտ են պահում». Բորիս Նավասարդյան
«Ես ամեն դեպքում կտարբերակեի պատերազմական իրավիճակը և այն ճգնաժամը, որ մենք ունենք այսօր. դրանք իրենց բնույթով տարբեր են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, և պատասխանելով մեր հարցին՝ եթե պատերազմական իրավիճակ է, որքանո՞վ էր ճիշտ Արցախում ընտրություններ անցկացնել կամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ անցկացնել։
Բորիս Նավասարդյանը պնդում է՝ եղել և մնում է այն կարծիքին, որ Արցախում ընտրություններ չպետք է անցկացվեին. «Դրա հետևանքով էական թերություններ կային, առաջին հերթին՝ այդ ընտրությունների միջազգային լեգիտիմացման առումով։ Եվ ես հստակ մնում եմ այն կարծիքին, որ այս ընտրություններն Արցախում պետք է անցնեին ամենայն թափանցիկությամբ, այդ թվում՝ միջազգային դիտորդների և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ։ Այդ հնարավորությունը չկար, և բացի նրանից, որ կային ռիսկեր արցախցիների առողջության համար, կար նաև այդ խնդիրը»։
Ինչ վերաբերում է հանրաքվեի քարոզարշավին, նա ասաց, որ կարելի էր ավելի շուտ այն ընդհատել.
«Բայց եթե մենք հիմա հետևենք նրան, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, համարյա բոլոր երկրներում այդ խիստ միջոցներն ուշացել էին։ Այդ թվում՝ որպես օրինակ բերվող Չինաստանում այդ խիստ միջոցները ձեռնարկվեցին բավականին ուշ, և բոլոր վերլուծությունների համաձայն՝ եթե դրանք ավելի շուտ մտցվեին, և՛ զոհերը, և՛ վարակվածներն ավելի քիչ կլինեին։ Նույնը վերաբերում է գրեթե բոլոր երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին»։
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության այն հատվածին, թե իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե՝ իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը, եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է «պետական դավաճանության», Բորիս Նավասարդյանն ասաց.
«Իշխանությունների տեսակետներին հակասող հայտարարություններ միշտ հնչել են, այսօր էլ խնդիր չեմ տեսնում, եթե հնչում են, տարբեր մոտեցումներ կարող են լինել՝ ընդունվող միջոցառումների նկատմամբ։ Սակայն նրանք որևէ սպառնալիք իրավիճակի համար չեն ստեղծում, և որևէ լուրջ քաղաքական ուժ այն սահմանները չի անցնում, որը կստեղծեր լրացուցիչ դժվարություններ կամ անհարմարություններ՝ իշխանությունների աշխատանքի համար։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այս իրավիճակում բոլոր քաղաքական ուժերն իրենց բավականին պարկեշտ են պահում»։