Տեր-Պետրոսյանը գիտի՝ ինչ կարող է ասել Սերժ Սարգսյանը. Նա փորձում է կասեցնել դա. Քաղտեխնոլոգ

Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հոդված էր հրապարակել «Պատերազմական վիճակի թելադրանքով» վերտառությամբ, որտեղ, ի թիվս այլ կոչերի, հասարակությանն առաջարկել էր դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն Առաջին նախագահի հոդվածը համարում է աջակցություն՝ ուղղված օրվա իշխանությանն ու նրա՝ անկում ապրող վարկանիշին:

Ըստ Բադալյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է այն, ինչը սպառնում է այս իշխանությանը՝ նման տեմպերով իր գործունեությունը շարունակելու պարագայում, ուստի գրել է հոդված, որտեղ կարմիր թելով առաջ է տանում հետևյալ թեզը. մի ՛քննադատեք Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը:

«Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ակնհայտ է դառնում իշխանությունների վարկանիշի անկումը, և հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ մի քննադատեք այս իշխանություններին: Եթե իշխանության վարկանիշն ընկնում է, բնականաբար, կսկսվեն այլ գրծընթացներ, ինչը կանխազգում է Առաջին նախագահը, և որոշել է բացահայտ աջակցել Նիկոլ Փաշինյանին: Հետաքրքիր է, որ Առաջին նախագահը խոսում է նաև ֆեյքերի մասին՝ մոռանալով, որ ֆեյքերի պահելու առումով իշխանությունները չեն զիջում որևէ մեկին»,- ասաց Բադալյանը՝ նշելով, որ իշխանության վարկանիշի անկմանը նպաստող այլ գործոններին ավելանում են՝ ինչպես գազի գնի սպասվող թանկացումը, այնպես էլ՝ համաճարակի հետևանքով խորացող տնտեսական ճգնաժամը:

Ինչ վերաբերում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի սառեցման մասին Տեր-Պետրոսյանի կոչին, ապա հայտնի է, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գնալ և այդ հանձնաժողովում խոսել, ի դեպ՝ նիստը ձայնագրելու պայմանով:

«Եթե մեզ դեռ հայտնի չէ, թե Երրորդ նախագահն այդ հանձնաժողովում ինչեր կարող է ասել, և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ ներքաղաքական գործընթացներում, ապա պարզ է, չէ՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի, թե ինչ կարող է ասել Սերժ Սարգսյանը, որն էլ կօգտագործվի վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի դեմ: Առաջին նախագահը հենց դա է փորձում կասեցնել: Սերժ Սարգսյանը հենց այնպես ոչ մի բան չի անում, և պայքարի տեխնոլոգիաներին էլ շատ լավ տիրապետում է, ինչն էլ լավ գիտի Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տեղի ունեցածի ձայնագրությունը հետագայում օգտագործի՝ արդեն ըստ իր նպատակահարմարության:

Քաղտեխնոլոգի խոսքով, թեև այս հոդվածն աջակցության կոչ է, սակայն վստահ է, որ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար այն որևէ էական նշանակություն չի ունենա, քանի որ վերջինը չի ցանկանում լսել որևէ կոչ և առաջարկ առհասարակ:

«Վարչապետը որևէ մեկի կոչերին էլ չի հետևելու, նրա համար որևէ մեկի տված կոչն այլևս կարևոր չէ՝ ընդհուպ Տեր-Պետրոսյանինը»,- ասաց Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս