Բաժիններ՝

«Եղե՛ք առաջինը, եղե՛ք նախաձեռնող, եղե՛ք լիդեր, մտածեք լուծումներ, որոնք չեն անցել մարդկանց մտքով»․ 16-ամյա Միլենայի հաջողության պատմությունը

168.am-ը շարունակում է ներկայացնել պատանիների, ովքեր, չնայած երիտասարդ տարիքին, հաջողություններ են գրանցել տեխնոլոգիաների, բիզնեսի ոլորտում։

Տեխնոլոգիական կրթության ու բարձր տեխնոլոգիաների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը շատ տարածված են ոչ միայն՝ մայրաքաղաք Երևանում, այլև՝ մարզերում և սահմանամերձ շրջաններում։ Մեր հերթական հերոսը Ճամբարակի քաղաքի 16-ամյա աշակերտուհի Միլենա Ճաղարյանն է, ով արդեն ունի մի շարք հաջողված նախագծեր։

Միլենան սովորում է Ճամբարակի ավագ դպրոցում։

«Սովորում եմ Ճամբարակի ավագ դպրոցի բնագիտական հոսքի 11-րդ դասարանում, միայն այն պատճառով, որ դպրոցում չկար ֆիզմաթ հոսք, որը լրացնում եմ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հաճախելով: «Արմաթն» իմ կյանքում հայտնվեց շատ ճիշտ ժամանակահատվածում, երբ ես հետաքրքրված էի այդ ոլորտով, երազում էի «Թումո» հաճախելու մասին, բայց չունեի ռեալ հնարավորություն:  Հենց այդ ժամանակ Ճամբարակում բացվեց «Արմաթ» լաբը, որի բացման առաջին իսկ օրվանից սկսեցի հաճախել: «Արմաթում» սովորել եմ մի շարք ծագրերի տիրապետել, բայց ամենակարևորը, որ ձեռք եմ բերել, թերևս, ալգորիթմական մտածողությունն է: «Արմաթի» շնորհիվ դեռահասությանս տարիները կարողացա ճիշտ օգտագործել ու տեխնոլոգիական կրթություն ստանալ, ինչի մասին այդքան երազում էի, և որն էլ հիմք հանդիսացավ հետագա գործունեությանս և մասնագիտական կողմնորոշմանս հարցում: «Արմաթով» բազմաթիվ հաջողություններ ենք գրանցել, ինչի համար էլ շատ շնորհակալ եմ ընկեր Արայիկին՝ իմ խմբակավարին, ում միջոցով հասել եմ այս արդյունքներին»:

Միլենան հաջողակ նախագծեր ունի մի շարք ոլորտներում։

«Առաջին նախագիծը, որի մասին ուզում եմ նշել, New Breath երիտասարդական ակումբն է, որը մեկ տարի առաջ հիմնել ենք ես և Մամիկոն Կիրակոսյանը: Երկուսս էլ նույն գաղափարի շուրջ բազմիցս մտածել էինք, ու ստացվեց այնպես, որ միասին իրագործեցինք այդ ամենը՝ մի օր պատահական Ճամբարակում համայնքային միջոցառումներից մեկին հանդիպելու ու զրուցելու արդյունքում:

Ըստ մեր նախնական ծրագրի, Ճամբարակում պետք է բացեինք ընթերցասրահ-լաբորատորիա, որը կլիներ ոչ միայն ընթերցասրահ, այլ նաև ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ կանցկացվեին սեմինարներ, կինոդիտումներ, գրքի քննարկումներ, ինչպես նաև՝ ժամանցային սեղանի խաղերի հանդիպումներ: Այս գաղափարը տարավ մեզ նույն ուղղությամբ, այն է՝ հասարակական կազմակերպությունների ու դրամաշնորհային ծրագրերի որոնման ու նաև կամավորության:

Բացահայտեցինք World Vision հասարակական կազմակերպությունը, որը, ինչ խոսք, արեց ամեն հնարավորը՝ մեր ծրագրերին աջակցելու և իրագործելու համար: Ընթացքում մեզ միացավ նաև Ճամբարակի ակտիվ երիտասարդներից Դավիթ Խաչատրյանը: Մեկ տարվա արդյունքում կարող եմ արձանագրել, որ ունեցել ենք մի շարք սեմինարներ բուլինգի, երեխաների իրավունքների, բռնության կանխարգելման թեմաներով, ինչպես նաև կինոդիտում-քննարկումներ, իսկ ամենախոշոր ծրագիրը, որի մասին կցանկանայի նշել, եռօրյա վրանային ճամբարի ծրագիրն էր, որը իրականացրինք Արտանիշի Armenian Camp ճամբարի տարածքում՝ «Հոդված 3» ՀԿ-ի ֆինանսավորմամբ:

Ճամբարում երեխաները 3 օր շարունակ Սևանա լճի ափին վայելեցին իրենց հանգիստը՝ այն համատեղելով հագեցած սեմինարներով՝ վերոնշյալ թեմաներով: New Breath-ը շարունակում է իր գործունեությունը, հուսով ենք՝ այն կհասցնի իրագործել իր մյուս ծրագրերը, որոնք ևս միտված են մարզերում երեխաների կյանքը ոչ ֆորմալ կրթության միջոցով ակտիվացնելուն ու զարգացնելուն:

Մյուս շատ կարևոր ծրագիրը IT’s a Village օնլայն խանութն է, որտեղ մենք վաճառում ենք մարզերի գյուղերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների մոդելավորած և տպած 3D մոդելները, ինչպես նաև փայտի վրա լազերային և նկարազարդ աշխատանքները, որոնք ներկայացված են բրոշների, էջանշանների, կախազարդ-ֆիքսատորների և այլ հետաքրքիր ու ֆունկցիոնալ ապրանքների ձևով»։

Միլենան հիմա նախագծի համահիմնադիրներից է. մենեջերը կառավարում է էջը, կապեր է հաստատում «Արմաթ» լաբորատորիաների հետ, պատվերները ընդունում, տալիս լաբորատորիաներին, կազմակերպում առաքումն ու վճարումը.

«Հաշվի առնելով, որ օնլայն խանութը «Մարզերի երեխաները՝ մարզերում» ծրագրի նախաձեռնություններից է, ուրախ եմ նշել, որ համանուն ծրագրի մեկ այլ նախաձեռնության՝ «Աշխարհը փոխող կամավորների» անդամ եմ, որի միջոցով ևս նախատեսում եմ արդյունավետ ծրագրեր իրականացնել համայնքիս համար:

ՏՏ ոլորտի հետ կապված՝ սիրով կնշեմ նաև Zero Robotics միջազգային ծրագրի հայաստանյան ճամբարի մասին, որտեղ էլ Հայաստանի տարբեր մարզերից հավաքված ՏՏ ոլորտի հետ կապված երեխաներով սովորեցինք միջազգային ծրագրի կոդերը, դիմելու ու մասնակցելու կարգը»:

Միլենան կարծում է, որ հաջողության հասնելու համար պետք է լինել առաջինը և գտնել լուծումներ, որոնց մասին մարդիկ դեռ չեն մտածել։ Նա իր հասակակիցների համար ունի հաջողության հասնելու մի շարք խորհուրդներ։

«Եղե՛ք առաջինը, եղե՛ք նախաձեռնող, եղե՛ք լիդեր: Եթե ձեր միջավայրում չկան նախադրյալներ առաջ շարժվելու, լավ ծրագրեր իրականացնելու համար, ապա դուք ինքներդ ստեղծեք այդ միջավայրը և կգտնեք գաղափարակից ընկերների: Բաց մի թողեք ոչ մի շանս համայնքային, ճամբարային և այլ ծրագրերի մասնակցելու: Դրանք ձեզ տալու են նոր գիտելիքներ ու շփումներ, որոնք հետագայում նպաստելու են Ձեր նախաձեռնությունների զարգացմանն ու ճանաչողությանը: Հավատացեք, կան շատ ու շատ դրամաշնորհային ծրագրեր, հասարակական կազմակերպություններ, բարի մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ իրագործել ձեր ծրագրերը, միայն պետք է պրպտալ, գտնել, դիմել: Շատ ուշադիր եղեք ձեր համայնքում ու առհասարակ աշխարհում առկա խնդիրներին, մտածեք լուծումներ, որոնք չեն անցել մարդկանց մտքով:

Դրեք փոքր, շատ փոքր նպատակներ և հասեք դրանց: Երբեք չվախենաք սխալվելուց կամ ձախողելուց, դրանք միլիոններ արժեն, եթե դրանցից եզրակացություններ անեք: Մի շատ կարևոր կարգախոս էլ, որը սովորել եմ իմ հավատարիմ բիզնես խորհրդատուից․ «Կա հազար պատճառ՝ մեկ բան չանելու, և մեկ պատճառ՝ հազար բան անելու համար»:

Ապագայի մասին խոսելիս՝ Միլենան առաջինը նշում է լավ և որակյալ կրթությունը.

«Ապագայիս պլանները կապում եմ, առաջին հերթին՝ ՏՏ ոլորտում որակյալ կրթություն ստանալու հետ, ինչն ըստ իս՝ իրենից ենթադրում է նաև կրթություն Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ այ, աշխատանքային ոլորտում հետագա զարգացումների մասին խոսելը, կարծում եմ՝ դեռ վաղ է, որովհետև շատ բան կախված է այդ ժամանակ երկրում տիրող իրավիճակի, ՏՏ ոլորտի զարգացման և առաջնահերթության վերաբերյալ պետության ունեցած տեսլականի հետ: Չնայած սա իրենից անմիջականորեն չի ենթադրում, որ ես պատրաստ չեմ աշխատել ու ստեղծագործել իմ պետությունում, եթե չլինեն նախադրյալներ: Կարծում եմ՝ անգամ այդ դեպքում մենք ինքներս կստեղծենք այդ նախադրյալները՝ պետությունը տեխնոլոգիական ուղղությամբ առաջ տանելու համար»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս