Բաժիններ՝

IT’s a village․ երեխաները վաճառում են իրենց ՏՏ արտադրանքը՝ տեխնիկական վերազինման համար

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն արդեն կարող են վաճառել այն ամենը, ինչ ստեղծում են։ Դա հնարավոր է IT’s a village նախագծի միջոցով։

IT’s a village նախագիծը գյուղերի և փոքր համայնքների «Արմաթ» ինժեներական լաբերի սաների ՏՏ արտադրանքների օնլայն խանութ է, որը կոչված է միջնորդ ծառայելու շուկայի և արտադրող լաբերի միջև:

«Մեր առաքելություններն են՝ երեխաներին վաղ հասակից ներգրավել իրական բիզնես-պրոցեսների մեջ և աճեցնել ապագա բիզնեսմեններ, ում բիզնես-մոդելները ճկուն կլինեն տարածության և ժամանակի մեջ»,- ասում են նախագծի հեղինակները։

«Excelist» ՍՊԸ-ի հիմնադիր Մայիս Մարգարյանը, ով այս նախագծի բիզնես մենթորն ու հիմնադիրներից է, 168.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենք ստեղծել են այս նախագիծը՝ տեսնելով լաբորատորիաների սաների ներուժը։

«Նախագծի գաղափարը առաջացել է այն ժամանակ, երբ այցելում էինք Ճամբարակի շրջանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ու լսում, որ կա ներուժ, որ երեխաները կարող են շատ բաներ արտադրել իրենց ինժեներական լաբերի սարքավորումների միջոցով՝ եռաչափ տպիչներ, լազերային հաստոցներ և այլն։ Եթե դա վաճառելու համակարգ լիներ, շատ լավ կլիներ։ Կոնցեպտը քննարկեցինք տեղի խմբակավարների հետ և հասկացանք, որ, եթե լինի պատասխանատու մեկը, ով կապ կպահի արտադրողների և շուկայի մեջ, ապա լավ կլինի։

Մյուս կողմից՝ նաև զուգահեռ գործում է «Մարզերի երեխաները՝ մարզերում» ծրագիրը, որը նախատեսում է մարզերի երիեխաներին տանել իրենց տարածրջանից դուրս՝ ծանոթացնել Հայաստանի մյուս մարզերին, մշակույթներին, կապել իրենց, ստեղծել ցանց, ինչո՞ւ ոչ, նաև նկատել ակտիվ երեխաներին, նրանց մոտիվացնել, զարգացնել, ներգրավել ինչ-որ բաներում։ Այս ծրագիրը հենց ընդգրկեց տարածաշրջանի ակտիվ երեխաներից Միլենա Ճաղարյանին, ում առաջարկվեց կորդինացնել բիզնես գաղափարը՝ օնլայն խանութ և ֆեյսբուքյան էջ, որը պետք է կապ հաստատեր տարածաշրջանի «Արմաթ» լաբորատորիաների հետ, ներկայացներ արտադրանքները և վաճառեր դրանք։

Միլենային առաջարկեցինք, սիրով համաձայնեց, երկու մենթոր նշանակվեցին՝ բիզնեսի գծով՝ ես, իսկ տեխնիկական գծով՝ Ճամբարակի տարաշրջանի խմբակների ղեկավար Արայիկ Ավալյանը, ով աշխատում է Ճամբարակի շրջանում»,- պատմում է Մայիս Մարգարյանը։

Օնլայն խանութը համագործակցում է Գեղարքունիքի մարզի մի շարք լաբորատորիաների հետ՝ Դրախտիկի, Ճամբարակ քաղաքի, Սևան քաղաքի լաբը, Վարդենիսի լաբը, և այսպես շարունակ։ Նախագծի հեղինակները նշում են, որ կան որոշ խնդիրներ, որոնք լուծելուց հետո նրանք նպատակ ունեն տարածվել։

Միլենա Ճաղարյանը պատմում է, որ ինքը եղել է «Արմաթի» ակտիվ աշակերտուհի։ Խանութի միտքը վաղուց կար, բայց դեռ ոչ մեկը չէր նախաձեռնել։

«Այնպես ստացվեց, որ Մայիսը ու իմ խմբակավարը՝ Արայիկ Ավալյանը, մի օր էլի այդ թեման քննարկելու արդյունքում հանգում են նրան, որ արժի ինձ առաջարկել, որ նախաձեռնեմ այս ամենը։

Մայիսը իմ բիզնես խորհրդատուն է, իսկ Արայիկը՝ տեխնիկական։ Ես ու Մայիսը սկսեցինք բացել էջը, կապեր հաստատել, դիմել էջի դիզայնի համար, և այդպես շարունակ։
Էջը պատրաստ լինելուն պես արդեն մեր գյուղերի երեխաների աշխատանքներից տեղադրեցինք, սկսեցինք օնլայն վաճառքը»,- պատմում է Միլենան։

Միլենան 16 տարեկան է, հիմա նախագծի համահիմնադիրներից եմ, և մենեջերը կառավարում է էջը, կապեր է հաստատում «Արմաթ» լաբորատորիաների հետ, պատվերները ընդունում, տալիս լաբերին, կազմակերպում առաքումն ու վճարումը:

«Այս ամենը «Մարզերի երեխաները՝ մարզերում» ծրագրի շրջանակներում գործող նախաձեռնություն է, որի նպատակը մարզերում երեխաների ներուժի բացահայտումն է, աշխատանքով ապահովումը, կրեատիվ գաղափարների իրագործումը, բիզնես ու արտադրական ոլորտներում աճը, զարգացածությունը»,- ասում է Միլենան։

Երեխաներն արդեն պատվերներ են ստացել մի շարք ընկերություններից, նաև արտասահմանից՝ մասնավորապես Նյու Յորքից։ Երեխաների արտադրանքները փոստով ուղարկվել են Ճամբարակից մինչև անգամ Մեղրի.

«Առաջին մեկ շաբաթում մեր շրջանառությունը կազմել է 60 000 դրամ, և մենք պատրաստվում ենք շուտով պատվեր առաքել հեռավոր ԱՄՆ»։

Այս նախագծի եկամուտը երեխաներն օգտագործում են իրենց «Արմաթ» լաբի տեխնիկական վերազինման համար։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս