
Կազմվել է 6667 արձանագրություն, որից 1735-ով կա վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում. Փոխոստիկանապետ

«Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունը կատարել է Իրանից դեպի Հայաստան մուտք գործող 515 բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ուղեկցում՝ ոստիկանության 417 կարգախմբի ներգրավմամբ: Սահմանափակվել է վարորդների և նրանց ուղեկցող անձանց՝ երթուղուց դուրս տեղաշարժը: ՃՈ ծառայողները կատարել են նաև 69 այլ տրանսպորտային միջոցի ուղեկցում:
Շարունակվում է նաև դեպի Արցախ տանող բոլոր ճանապարհների վրա ուժեղացված հսկողությունը՝ արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ՝ բացի հայտարարված բացառությունները: Ապրիլի 6-ի դրությամբ Արցախ է թույլատրվել մեկնել 1908 տրանսպորտային միջոցի, իսկ 575-ի մուտքն արգելվել է: Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացման վայրում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ամփոփելով ոստիկանության գործողություններն ապրիլի 6-ի դրությամբ:
Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը շարունակում է հետևել տնտեսական գործունեություն իրականացնողների վերաբերյալ պարետի ընդունած որոշումների կատարման ընթացքին, և այդ նպատակով բաժանվել է 2138 իրազեկման թերթիկ, դադարեցվել է 2164 տնտեսական օբյեկտների գործունեությունը, որոնցից 36-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Ինչ վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված անձանց մեկուսացման և ինքնամեկուսացման կանոններին, ապա փոխոստիկանապետը փոխանցեց, որ ապրիլի 6-ի դրությամբ այդ կանոնները խախտելու համար կազմվել է 6667 արձանագրություն, որից 1735-ով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում:
«ՃՈ կարգախմբերի կողմից 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են 3-րդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար»,- ասաց Հայկ Մհրյանը: