«Ես կասկածում եմ, թե էդ փաթեթները որքանով արդյունավետ կգործեն, և նրանց մեջ եղած սուղ ռեսուրսները տեղ կհասնեն». Վարդան Բոստանջյան
Կենտրոնական բանկն օրերս նշեց, որ կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա, և 2020 թվականի տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները:
Ապրիլի 3-ին նմանատիպ կախատեսում էր արել նաև Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը: Ըստ վերջինի՝ կորոնավիրուսի առաջացրած ցնցումը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը` 2019թ. գրանցված 7,6%-ից՝ մինչև 2020թ. 0,5%:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ անհեռանկարային է համարում նման անորոշության պարագայում կանխատեսումներ անելը. «Այնքան անհեռանկար գործ է կանխատեսում անելն այս ծանր իրավիճակում, անորոշության պայմաններում, կառավարման գրեթե բացակայության պարագայում:
Ինչ-որ վարկանշային կազմակերպություններ գեներացնում են փուչ թվեր, և, խոշոր առումով, ես հասկանում եմ, որ շատ կազմակերպություններ, որոնք խթանել են, այսպես կոչված, «հեղափոխությունը» մեզ մոտ, հիմա դրանք էլ հակված են սուտ թվեր ասել»:
Հարցին, թե 0,5 տոկո՞սն էլ իրատեսական չի համարում, նա արձագանքեց. «Այս պահին գործ ունենք չկառավարվող երևույթի հետ, չկա որևէ մեխանիզմ, որը մեզ թույլ տա վստահ լինել նրանում, որ այդ պրոցեսը կկայունանա, կկանգնի, չի շարունակվի, և նման պարագայում հրովարտակել թվեր, անշնորհակալ գործ է»:
Անդրադառնալով ռուբլու արժեզրկման, պղնձի և առհասարակ հումքի համաշխարհային գների նվազման վերաբերյալ մեր հարցին և այլ տնտետական միտումների բացասական ազդեցությանը մեր տնտեսության վրա՝ տնտեսագետը նշեց.
«Գրեթե կոլապսային վիճակի է հանգեցնելու. ես չեմ ուզում վատ գույներով նկարագրել իրավիճակը, բայց առանց այդ էլ՝ մենք զարգացման կտրվածքով մեծ հաջողություններ գրանցած երկիր չէինք ու մենք ռեսուրսների առումով հարուստ երկիր չենք, գումարած՝ էս պլանետար-մոլորակային դժվարությունը»:
Լուծումը, ըստ նրա, ուժերի մոբիլիզացմամբ պիտի լինի. «Պետք է առաջին հերթին իրականացվի բոլոր ուժերի մոբիլիզացում, որպեսզի կարողանան պրոցեսը կանգնեցնել, իսկ պրոցեսն անթույլատրելի ձևով գնում է դեպի բարդացման, և այս ամենը, բնականաբար, ազդում է և՛ ֆինանսական, և՛ տնտեսական համակարգի վրա. Թե՛ փոքր, թե՛ միջին ու խոշոր ձեռնարկությունների համար դիսկոմֆորտային վիճակ է ստեղծվում»:
Վ. Բոստանջյանը կարևորեց պետության կողմից տրվող աջակցության հասցեականությունը. «Գոնե այս պարագայում հասցեագրվածություն ապահովեն, որովհետև ես կասկածում եմ, թե էդ փաթեթները որքանով արդյունավետ կգործեն և նրանց մեջ եղած սուղ ռեսուրսները տեղ կհասնեն»: