Բաժիններ՝

Մեքենայից շանը կապելու ու քարշ տալու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի. բացակայում է հանցագործության դեպքը

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ մարտի 26-ին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հերթական դեպքի մասին էր ահազանգել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա մի տեսանյութ էր տեղադրել  իր ֆեյսբուքյան էջում ու գրել.

«Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին

Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օգտատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի` գորիլայից մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:

Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք էս անասունին:

Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:

Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը, ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես, ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:

Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտախի պահին ամենակարևոր պրոբլեմը շները չեն:

Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` սրա հետ համեմատելու համար»:

Այդ հրապարակումից քիչ անց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի ու այլ օգտատերերի ահազանգերին, գրել է.

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:

Եվ ահա դեպքից շաբաթներ անց փորձեցինք Ոստիկանությունից ճշտել, թե նյութերի նախապատրաստումն ի՞նչ փուլում է, և արդյո՞ք հարուցվեց քրեական գործ:

«Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»,- մեր հարցին ի պատասխան` տեղեկացրին Ոստիկանությունից:

Ըստ էության քրեական գործ հարուցելու մերժումը կայացվել է նշված հոդվածի այն հիմքով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:

Ասել է թե՝ Ոստիկանությունում միջադեպը չի համարվել հանցագործության դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս