«Փաստորեն, եթե իմ գործուղումը չլիներ, «վտանգավոր անձը» կշարունակե՞ր բնակվել Հայաստանում». Անդրանիկ Հովհաննիսյան

Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանին Հայաստանից արտաքսելու պատմությունը հասարակական լայն քննարկման առիթ դարձավ: Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը։ Նա նշել էր, որ մեկնելիս օդանավակայանի աշխատակիցն իրենից վերցրել է կացության քարտը՝ պատճառաբանելով, թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։

«Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն»,- գրել էր Հովհաննիսյանը:

Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասել էին. «Ձեր կողմից նշված անձին արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Զ ենթակետի համաձայն»: Համաձայն հոդվածի՝ Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելը արգելվում է, երբ «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:

168.amԱնդրանիկ Հովհաննիսյանի հետ զրուցեց ստեղծված իրավիճակի պատճառների, ԱԱԾ հաղորդագրության, «Օրբելի» վերլուծական կենտրոնում նրա կատարած աշխատանքի և այլ հարցերի շուրջ.

– Ինչո՞վ եք զբաղվել, որտե՞ղ եք աշխատել նախքան «Օրբելի» վերլուծական կենտրոնում աշխատելը:

– Երկար տարիներ ճակատագրի բերումով ստիպված եմ եղել ապրել հայրենիքից հեռու, բայց որոշել եմ, որ պարտավոր եմ վերադառնալ Հայաստան, ապրել և ստեղծագործել իմ հայրենի հողում՝ նպաստելով հայոց պետականության զարգացմանը։

2011թ․ ընդունվել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, որտեղ 2016թ. գերազանցությամբ ավարտել եմ «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» բաժինը՝ ստանալով չինագետի բակալավրի աստիճան, 2018թ․ ևս գերազանցությամբ ավարտել եմ «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության» բաժինը՝ ստանալով միջազգայնագետի մագիստրոսի աստիճան։ Ուսման ընթացքում պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային գիտաժողովներում և մրցույթներում՝ աշխարհի տարբեր երկրներում։ 2014թ․ ճանաչվել եմ Հայ-ռուսական համալսարանի լավագույն ուսանող, 2017թ․՝ Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող։ Ավելի քան 80 գիտական հոդվածի հեղինակ եմ։

2018թ․ հրավեր եմ ստացել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի կողմից՝ աշխատելու որպես փորձագետ այդ հիմնադրամում։ 2018թ․ մայիսյան դեպքերից հետո տեղեկացա, որ մինչև տարվա վերջ հիմնադրամը, ամենայն հավանականությամբ, կփակվի։

– Ինչպե՞ս եք հայտնվել «Օրբելի» վերլուծական կենտրոնում, Ձեզ հրավիրե՞լ են, եթե՝ այո, ապա ո՞վ է հրավիրել:

– 2018թ․ դեկտեմբերին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից ինձ հրավիրել էին հարցազրույցի, որտեղ տեղեկացա, որ շուտով նախատեսվում է ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացումը։ Ծանոթ լինելով իմ գիտական արդյունքների հետ՝ ինձ հրավիրեցին աշխատանքի՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։

– «Օրբելի» վերլուծական կենտրոնում Ձեր աշխատանքը մասնավորապես ո՞րն է եղել, ի՞նչ եք արել:

– «Օրբելի» կենտրոնում պատրաստել եմ հոդվածներ Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերին վերաբերյալ, որոնք կարող եք տեսնել կենտրոնի պաշտոնական կայքում։ Բացի այդ, իրականացրել եմ մոնիտորինգ` տարածաշրջանում վերջին իրադարձությունների վերաբերյալ, և ներկայացրել եմ կենտրոնը միջազգային գիտաժողովներում։

– Ներքի՞ն, թե՞ արտաքին ինֆորմացիաների հետ է եղել Ձեր աշխատանքը:

– Բացառապես արտաքին ինֆորմացիաների հետ եմ աշխատել։

– «Օրբելի» կենտրոնում աշխատելու ժամանակահատվածում երբևէ խնդիրներ ունեցե՞լ եք:

– Ո՛չ ուսման, ո՛չ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։

– ԱԱԾ-ն նշել է, որ Ձեր մուտքը Հայաստան արգելվել է Ձեր կողմից ՀՀ պետական անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով: Դրանից հետո ԱԱԾ-ն Ձեզ հետ կապ հաստատե՞լ է, թե՞ ոչ, կամ դուք փորձե՞լ եք կապ հաստատել ԱԱԾ-ի հետ:

– Նախ ասեմ, որ չեմ հասկանում՝ ինչ վտանգի մասին է խոսքը։ Գուցե վտանգը նրանում է, որ ես միշտ պատրա՞ստ եմ շարունակել դեռևս 1990-ականներից իմ նախնիների կողմից նախաձեռնված հայկական հողերի ազատագրման և վերաինտեգրման գործընթացը։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ իրավական տեսանկյունից, հարցն ավելի ճիշտ է ուղղել հենց հայտարարության հեղանակներին։ Իրենց կեղծ հայտարարությանը ես արդեն տվել եմ իմ հստակ պատասխանը:

Անվտանգության ծառայությունից ինձ հետ կապ չեն հաստատել և քննչական գործողություն ինձ հետ չեն իրականացրել։ Ավելին, ինձ համար շատ զարմանալի է, թե ինչպես կարող է մարդ, ով Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքներ է ներկայացնում, շարունակել ազատ ապրել Հայաստանում և աշխատել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում: Սա շատ լուրջ հարց է, և թող իմ մասին կեղծ տեղեկության հեղինակները պատասխանեն։

Նոյեմբերի 18-ին՝ դեպի ՀՀ իմ մուտքը արգելելուց 2 օր անց, տեղեկացա, որ իմ անունով մոտ 2 ամիս առաջ՝ սույն թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կողմից նամակ է ուղարկվել, սակայն ես հնարավորություն չեմ ունեցել ստանալու այն, որովհետև ՕՎԻՐ-ի աշխատակիցների անփութության թե դիտավորության արդյունքում՝ նամակն ուղարկվել է բոլորովին այլ՝ սխալ հասցեով։ Ասածներիս իրավացիությունը կարող եք ճշտել հենց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մ․ Բիչախչյանից։ Ստացվում է՝ այն նամակը, որը ես պետք է ստացած լինեի դեռ երկու ամիս առաջ իմ գրանցման և բնակության հասցեով (որը, ի դեպ, նշված է եղել իմ կացության քարտում), ստանում եմ իմ էլեկտրոնային փոստի հասցեին այն ժամանակ, երբ ես արդեն արտաքսված եմ երկրից և չեմ կարող մուտք գործել Հայաստան։

– Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ «… Եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։ Այլապես, կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը իրականացնում է գործողություններ, որոնք ծառայում են ոչ թե Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության, այլ մեր թշնամի Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերին»։ Կմանրամասնե՞ք՝ ինչ նկատի ունեք, մասնավորապես՝ վերջին նախադասության մասին է խոսքը:

– Տեղյակ եմ, որ դեպի Ադրբեջան հայերի մուտքը փակ է, և քանի որ ստացվում է՝ դեպի Հայաստան հայի մուտքը ևս փակվել է Անվտանգության ծառայության կողմից, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է ներկայացնում Անվտանգության ծառայությունը՝ նման քայլի դիմելով։

– Ձեզ հետ որևէ քննչական գործողություն այս ընթացքում իրականացվե՞լ է, թե՞ ոչ:

– Որևէ քննչական գործողություն ոչ այս ընթացքում, ոչ էլ նախկինում ինձ հետ չի՛ իրականացվել։ Փաստորեն, եթե իմ գործուղումը դեպի Տաջիկստան չլիներ, «վտանգավոր անձը» կշարունակե՞ր բնակվել Հայաստանում։

– Դուք այդտեղ ի՞նչ կարգավիճակով եք, ազատ շրջո՞ւմ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ հսկողություն կա՞, թե՞ ոչ, քանի որ, եթե նման մեղադրանք են Ձեզ ներկայացնում, ենթադրվում է, որ պետք է որոշակի գործողություններ էլ լինեն:

– Նշված մեղադրանքը բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ իմ անձի հետ։ Իմ տեղաշարժը որևէ կերպ սահմանափակված չէ, և ես ևս մեկ անգամ դիմում եմ ՀՀ Անվտանգության ծառայությանը՝ եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և hայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։

– Ձեր դիրքորոշումը ՀՀ իշխանությունների նկատմամբ ինչպիսի՞ն է, «հակահեղափոխական» որևէ գործողություն իրականացրե՞լ եք, թե՞ ոչ:

– Ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկա իշխանություններն իրենց աշխատանքում ունեն թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, և անկախ իմ աշխատելու վայրից՝ ես փորձել եմ միշտ օբյեկտիվ լինել գնահատականներ տալիս։ Նշեմ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ ինձ իրենց աջակցությունն են հայտնել ստեղծված իրավիճակում։  Հուսով եմ, որ իրենց միջոցով հնարավորություն կունենամ իրազեկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստեղծված անհեթեթ իրավիճակի մասին։

Տեսանյութեր

Լրահոս