Հնդկաձավարին կարող է փոխարինել սագախոտը` 1կգ-ը` 9.000 դրամ կամ բրինձը, հաճարը ու ոլոռը. խորհուրդ է տալիս սննդի փորձագետը
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խանութներում հնդկաձավարի և ոսպի գների կտրուկ աճի պատճառների մասին լրագրողի հարցին պատասխանելուց հետո քաղաքացիներին հորդորեց ոսպի ու հնդկաձավարի փոխարեն ընտրել փոխարինիչներ:
«Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են: Այդպիսով նաև շուկան է կարգավորվում»,- առաջարկեց նախարարը:
Այսինքն, եթե սպառողները հետևեն նախարարի հորդորին, մի կողմից իրենց գրպանին օգուտ կտան, մյուս կողմից էլ կնպաստեն շուկայի կարգավորմանը։ Ու մինչ սպառողները սոցիալական ցանցերում փնտրում էին ոսպի ու հնդկաձավարի փոխարինիչները, սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանը գտավ ելքը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց և քաղաքացիներին հուշեց.
«Որ ստիպված չլինեմ այդքան մարդու անհատական պատասխանել, այստեղ ասեմ. հնդկաձավարի (гречка) այլընտրանքը սագախոտն է (քինուա)»,- խորհուրդ էր տվել Պիպոյանը:
Սագախոտի մեկ կիլոգրամի արժեքն էլ մոտավորապես 9.000 դրամ է:
Ֆեյսբուքի օգտատեր սպառողները հիմա էլ մեկ այլ անորոշության մեջ հայտնվեցին՝ ինչպես գնել նախկինում մեկ կիլոգրամը 250 դրամանոց հնդկաձավարի փոխարեն 9.000 դրամանոց սագախոտ։ Պատասխան չկար։
168.am-ը որոշեց պատասխանը ստանալ հենց Դավիթ Պիպոյանից.
«Մենք պետք է հասկանանք, թե ալտերնատիվը ինչ նպատակ է հետապնդում: Այսինքն, մենք պարզապես գործ ունենք սովորական շարքային քաղաքացիների՞ հետ, թե՞ գործ ունենք, օրինակ` շաքարային դիաբետով մարդկանց հետ, որոնք որ օգտագործում են ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ, մասնավորապես՝ հատիկեղեն: Հնդկաձավարն ինքը հայտնի է որպես ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերք և բնականաբար խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով տառապող մարդկանց:
Եթե խոսքը վերաբերում է շարքային քաղաքացիներին, մենք, բնական է, բազմաթիվ այլընտրանքներ ունենք: Մենք կարող ենք օգտագործել և՛ բրինձ, և՛ հաճար, և՛ ձավար, և՛ բլղուր»,- 168.am-ին ասաց Դավիթ Պիպոյանը:
Հնդկաձավարը, ըստ մասնագետի, բազմաթիվ փոխարինիչներ ունի նաև բակլազգիների շարքում: Բակլազգիներից փոխարինիչներ կարող են լինել ոսպը, ոլոռը, լոբին:
Այս մթերքներով հնդկաձավարը կարող են փոխարինել շարքային քաղաքացիները, իսկ դիաբետով հիվանդ մարդկանց մնում է ընտրություն կատարել՝ մեկ կիլոգրամի հնդկաձավար գնել՝ վճարելով 800 դրամ, թե կիլոգրամը մոտ 9.000 դրամով գնել սագախոտ:
Բայց այստեղ մեկ այլ խնդիր ևս կա: Մասնագետի խոսքով՝ մարդը շաբաթական 3-4 անգամ կարող է հանգիստ իր սննդակարգում ներառել հնդկաձավարը, անգամ մարդիկ կան, որ օրերով հնդկաձավարի դիետա են պահում:
«Բայց ալտերնատիվների առումով երբ խոսում ենք, ամեն օր, օրինակ` ոսպ օգտագործել չենք կարող»,- պարզաբանեց Դավիթ Պիպոյանը:
Իսկ ինչ վերաբերում է գնային այլընտրանքին, ապա սննդի փորձագետը վստահ է, որ շուկայում այլընտրանք հաստատ կգտնվի:
Այստեղ սննդի մասնագետը մեկ այլ բան հիշեցրեց: Անցյալ տարի էլ տուփերով վաճառվող հնդկաձավարի այն նույն գինն էր, ինչ կա այսօր, պարզապես նախորդ տարի այս ժամանակահատվածում խանութներում կար նաև կիլոգրամով վաճառվող էժան տարբերակը, որը, հատկապես, սոցիալապես ոչ լավ պայմաններով ապրող քաղաքացիները կարողանում էին ձեռք բերել:
«Անցած տարի հենց այս ժամանակահատվածում 5 տուփ հետս տարել եմ Իտալիա, գնել եմ նույն գնով, ինչ այսօր կա, պարզապես այն էժան կիլոգրամով տարբերակը հիմա չկա»,- ասաց Դավիթ Պիպոյանը:
Հ.Գ. Սագախոսը լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, պայքարում է ավելորդ քաշի և վաղաժամ ծերացման դեմ: Պատրաստվում է հեշտ և արագ (բրնձի նման): Կարելի է օգտագործել աղցանների, ապուրների մեջ: