Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը
Մարտի 31-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աղիտու գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ միայնակ բնակվող թոշակառու կնոջ տուն էին մտել պատուհանով։ Հարձակվողր տարեց կնոջը դանակով սպառնացել էր ու հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր ու բջջային հեռախոս՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի վնաս։
Դեպքի առթիվ նույն օրը Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Տեղի իրավապահները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները՝ ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով։ Միջոցառումներին միացան նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները։ Դեպքից ընդամենը ժամեր անց համատեղ աշխատանքը արդյունք տվեց։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեց Սիսիանում բնակվող 32-ամյա մի տղամարդ։ Ձեռք բերված տեղեկությունների հիմնավորումից հետո նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Սիսիանի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։
Հետախուզական միջոցառումները շարունակվեցին. իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեին, որ ձերբակալվածը ավազակությունը կատարել էր տուժողի համագյուղացու դրդմամբ։ Աղիտուի բնակիչ, 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։
Ավազակությամբ հափշտակված զարդերն ու բջջային հեռախոսը հայտնաբերվել և առգրավվել են։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։