ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստացվել Ռուսաստանից և Չինաստանից
Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:
«Միասնական Ռուսաստան» («ЕДИНАЯ РОССИЯ») համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ:
Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր եւս մեր երկրների միջեւ գործակցությունը կառուցված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ բացության վրա:
Մեր կուսակցությունների միջեւ հարաբերությունները համապատասխանում են միջպետական համագործակցության բնույթին: Նրանք ունեն խոփադարձ հետաքրքրվածության եւ վստահության բարձր մակարդակ:
Հանրապետականի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեր հրաշալի երկրին՝ խաղաղություն եւ բարեկեցություն”:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ստորեւ.
« Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 30-ամյակի առիթով: Վերջին տարիներին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ Հանրապետականը շարունակում են ընկերական հարաբերություններն ու համագործակցությունը, դրական ներդրում ունենալով հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ:
Մենք պատրաստ ենք ապագայում եւս ամրացնել մեր շփումները եւ կապերը ձեր կուսակցության հետ, զարգացնել միջկուսակցական հարաբերությունների նոր տեսակ, որը բնութագրվում է առկա տարբերություններով հանդերձ՝ միասնականությամբ, փոխադարձ հարգանքով եւ փորձի փոխանակմամբ, որպեսզի ամրացնենք մեր երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական ընկերությունը եւ բազմակողմանիորեն խրախուսենք միջպետական հարաբերությունները:
Հայաստանին մաղթում ենք բարգավաճում, իսկ ձեր ժողովրդին՝ երջանկություն եւ հաջողություն»: