Բաժիններ՝

«Թատերական գործիչների միությունը հեղափոխության, արժեքների վերանայման կարիք ունի». Տիգրան Աթայան

168.am-ի զրուցակիցը Կապանի դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Աթայանն է:

 – Պարոն Աթայան, Ստանիսլավսկին պնդում էր, որ «Թատրոնը սկսվում է հանդերձարանից», Ձեզ համար ինչի՞ց կամ գուցե ումի՞ց է սկսվում թատրոնը:

– Ինձ համար թատրոնը սկսվում է ազնվությունից, հոգու մաքրությունից և պարզապես ցանկությունից:

 – Եթե մեկ նախադասությամբ փորձեք բնութագրել՝ ի՞նչ է Ձեզ համար թատրոնը:

– Թատրոնն ինձ համար վեհ գաղափար է, որով կարելի է հաղթել շատ ու շատ պատերազմներ:

Մարտի 27-ին Թատրոնի համաշխարհային օրն էր: Այս տարի հասկանալի պատճառներով տարեդարձը փոքրինչ արտառոց ստացվեց՝ առանց հանդիսատեսի, առանց դերասանների, առանց ներկայացումների: Այդուամենայնիվ, ինչոր ձևով կարողացա՞վ թատրոնը նշել այդ օրը, եթե այո, ապա ինչպե՞ս, իսկ գուցե հետաձգե՞լ եք՝ հետագայում հավուր պատշաճի նշելու մտադրությամբ։ Եթե այո, ապա ի՞նչ ծրագրեր ունի Կապանի դրամատիկական թատրոնն այդ օրվա հետ կապված:

– Քանի որ մարտի 27-ն արտակարգ դրության միջակայքում է, մենք որևէ միջոցառում չենք անցկացրել, բայց մեզ մոտ գրեթե ամեն ինչ պատրաստ էր: Նախատեսել էինք շքեղ միջոցառում, դա իմ առաջին նման միջոցառումը պետք է լիներ այս կարգավիճակում: Ուզում էի այնպես անել, որ այն շատ կարևոր և հիշվող լիներ: Բնականաբար, արտակարգ իրավիճակի ավարտից հետո անելու ենք այն, ինչ պլանավորել էինք՝ առավել մեծ կազմակերպվածությամբ:

Հենց Թատրոնի օրն էլ տարիներ շարունակ տեղի էր ունենում թատերական աշխարհի կարևորագույն միջոցառումը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն հետաձգվել է, բայց ամեն դեպքում տեղի ունենալու է: Ի՞նչ ներկայացվածություն կունենա Կապանի դրամատիկական թատրոնը, Ձեր ներկայացումները և դերասաններն ի՞նչ անվանակարգերի են հավակնում:

– Կապանի դրամատիկական թատրոնը հրաժարվել է մասնակցել «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: Ես որևէ կերպ ցանկություն չեմ ունեցել մասնակցելու, քանի որ կարծում եմ՝ Թատերական գործիչների միությունը հեղափոխության կարիք ունի, արժեքների վերանայման կարիք ունի, և մեր հետաքրքրություններն այս պահին որևէ կերպ չեն համընկնում: Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությունը պետք է կազմակերպվեր Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Լավ ճանաչելով կազմակերպիչներին՝ թե՛ Թատերական գործիչների միության, թե՛ Քաղաքապետարանի, հաշվի առնելով, որ Քաղաքապետարանն իր ենթակայության տակ երեք թատրոն ունի, բացի այդ, Երևանում բազմաթիվ այլ թատրոններ կան, չեմ կարծում, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության գնահատականները որևէ կերպ կարող են լինել օբյեկտիվ: Եվ առհասարակ այս պահի դրությամբ որևէ տեսակի համագործակցություն Թատերական գործիչների միության հետ չեմ պատկերացնում:

Ես, գրեթե 6 ամիս է, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ, որևէ զանգ, որևէ գրառում չեմ ստացել ՀԹԳՄ-ից, որևէ կերպ չեն կապվել ինձ հետ՝ խորհրդատվության համար կամ աջակցելու: Բացի այդ, փետրվարի 1-ից ունենք նոր Գեղարվեստական ղեկավար, Երևանից հրավիրված ՝ Իշխան Ղարիբյանը, որին մինչև այսօր չեն շնորհավորել:

 – Պարոն Աթայան, իսկ ինչպե՞ս է սկսվում օրը Կապանի դրամատիկական թատրոնում ընդհանրապես:

– Թատրոնում օրը սկսվում է սուրճից, ապա շարունակվում է նախավարժանքով: Մնացածն արդեն՝ ըստ գրաֆիկի:

Արդեն 6 ամիս է՝ Կապանի դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն եք: Ի՞նչ ժառանգություն եք ստացել, ի՞նչ խնդիրներ ունի մարզային թատրոնը, ի՞նչ դժվարությունների եք բախվել:

– Ինձ հասած ժառանգության մասին թույլ տվեք չխոսել: Այն, ինչ եղել է մինչև ինձ, եղել է մինչև ինձ: Սիրում եմ խոսել այն մասին, ինչ կա իմ եկած վայրկյանից սկսած: Դժվարություններ բոլոր թատրոններում լինում են, բայց մենք նվնվացող տեսակ չենք, մեր դժվարություններն ինքնուրույն կարողանում ենք հաղաթահարել՝ ամբողջ աշխատակազմով: Ես մենակ չեմ, ինձ հետ հավասար քայլում են, օրը 24 ժամ աշխատում ենք՝ թե՛ արտադրական մասը, թե՛ ստեղծագործական, թե՛ ադմինիստրատիվ: Ամեն ինչ շատ լավ է, հանդիսատեսը գալիս է, տոմսերը վաճառվում են, որևէ լուրջ խնդիր չունենք:

Ի՞նչ հաջողություններ եք հասցրել գրանցել: Կա՞ն նոր ներկայացումներ, նոր բեմադրություններ:

– Հաջողությունների մասին խոսելը, կարծում եմ, դեռ վաղ է, բայց կարող եմ արձանագրել մի քանի փաստ: Մենք, խաղացանկում չունենալով որևէ ներկայացում, զրո էր, գրեթե 3 ամսում տվեցինք 6 պրեմիերա, որը ռեկորդային ցուցանիշ է: Մենք տարբեր ռեժիսորների հրավիրեցինք, բաժանեցինք խմբերի, տարբեր լոկացիաներում փորձելով, հետո կարողացանք այդ պրեմիերաներն ունենալ: 2020-ին արդեն ունենք 3 պրեմիերա՝ «Աշնան արև»-ը, մանկական «Քաղցած է, կատաղած և շատ վտանգավոր» ներկայացումը և «Հեռագիր» մոնոներկայացումը, որն ընդգրկվել է Պերմի միջազգային մոնոներկայացումների փառատոնին:

70-ից ավելի թատրոններից ընտրվել են 11-ը, որոնցից մեկը Կապանի դրամատիկական թատրոնն է, սա, կարծում եմ, հաջողություն է: Ապրիլի 7-ին նախատեսվում էր «Անհաջող գործարք» ներկայացման պրեմիերան, իսկ ապրիլի վերջին մի նոր կոմեդիա պետք է ունենայինք՝ «Եկեք քննարկենք», որտեղ զբաղված է մեր թատրոնի միայն ավագ սերունդը:

Կա՞ հետաքրքրություն թատրոնի նկատմամբ, Կապանի հանդիսատեսը հատկապես ի՞նչ ժանրի ներկայացումներ է նախընտրում և արդյոք քմահա՞ճ է:

– Մեր հանդիսատեսը, այո, քմահաճ է: Չեմ կարող ասել՝ սիրում է այս կամ այն ժանրը, քանի որ մեր գրեթե բոլոր ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Նշանակություն չունի՝ դա կոմեդիա՞ է, դրամա՞ է, թե՞ տրագեդիա է:

 – Պարոն Աթայան, հատկապես այս օրերին մարդիկ փորձում են դժվարությունները հաղթահարելու համար իրենց օրը հումորով լցնել, շուտով ապրիլի 1-ն է, այն մեզանում ընդունված է համարել կատակի, հումորի և սուտ ասելու օրը։ Ի՞նչ ծրագրեր ունեք՝ այդ օրվա հետ կապված։ Հնարավո՞ր է, որ Ձեր թատրոնի երգիծական ներկայացումներից մեկն օնլայն տարբերակով ցուցադրեք հանդիսատեսի համար։

– Մենք ունեինք մեծ ծրագրեր, բայց իրավիճակը քանի որ այսպիսին է, անցել ենք օնլայն տիրույթ: Ապրիլի 1-ին, իհարկե, կունենանք նախապես նկարահանված ներկայացման ցուցադրություն օնլայն հարթակում: Հուսով եմ, որ դուք էլ կմիանաք և կդիտեք մեզ հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս