Բաժիններ՝

Բենզինի գինը հասել է 330 դրամի, պատճառները շատ են. պարզաբանում է տնտեսագետը

Բենզինի գներն անկում են. «Ռեգուլյար»-ը 400-410 դրամից դարձել է 330-340 դրամ, իսկ «Պրեմիում»-ը՝ 430-ից՝ 350-360 դրամ: 168.am տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե արդյոք սա միայն նավթի գնի անկումո՞վ է պայմանավորված: Նավթի մեկ բարելի գինն այս օրերին 25 դոլարից պակաս է:

«Բենզինի գնի վրա ազդում են մի շարք գործոններ: Առաջինը, ինչպես նշեցիք, նավթի գնի անկումն է համաշխարհային շուկայում, երկրորդը՝ պահանջարկի նվազումը: Հիմա տնտեսական ակտիվություն չկա, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարդիկ տանն են, բենզին քիչ են օգտագործում, ներս ու դուրս չեն անում, փոխադրումներ չեն անում, հետևաբար՝ պահանջարկը նվազել է: Շատ կարևոր է նաև, որ մենք բենզին, դիզելային վառելիք ներկրում ենք Ռուսաստանից, իսկ գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ ռուբլին վերջին ամսվա ընթացքում մոտ 20 տոկոսով արժեզրկվել է, փոխարժեքը դարձել է 6.40 դրամ: Դա էլ է նպաստել, որ մեր շուկայում բենզինը դառնա ավելի էժան»,- պարզաբանեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի պնդմամբ՝ վառելիքի շուկայում գների միասնական անկումն ու բարձրացումը պայմանավորված է մենաշնորհով: Այն վերջին երկու տարիներին ոչ միայն չի վերացել, այլև ավելի է ամրապնդվել:

«Մենաշնորհ դիրքը պահպանում են «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները, որոնք 2019-ի տվյալների համաձայն՝ տիրապետում են շուկայի 100 տոկոսին: Միասնական գների իջեցումը և բարձրացումը խոսում է այն մասին, որ այս շուկայում հակամրցակցային ռիսկ կա: Իրականացնում են համաձայնեցված գնային քաղաքականություն: Որևէ բան մեր շուկայում չի ուղղվել, հակառակը՝ ավելի է խորացել»,- ասաց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանին անհանգստացնում է նաև այն փաստը, որ այս տնտեսվարողներին է պատկանում բենզալցակայանային ցանցի մեկ երրորդը, իսկ ցածր գների պայմաններում մյուս բենզալցակայանները, որոնք այս երեք խոշոր տնտեսվարողներին չեն պատկանում, դուրս են մնում շուկայից:

«Դարձյալ տուժելու են փոքր և միջին ձեռնարկատերերը: Այս դեպքում՝ փոքր և միջին բենզալցակայանները»:

Մեր հարցին, թե դեռ որքա՞ն կիջնի բենզինի գինը, տնտեսագետը պատասխանեց.

«Ինչպես արդեն նշեցի, դա մի շարք գործոններով է պայմանավորված: Նավթի գնի կտրուկ անկում, չեմ կարծում, որ լինի, բայց ռուբլու գնանկում հնարավոր է: Սա կարող է ազդել մեր շուկայի վրա, բացի այդ, երբ հայկական դրամն արժեզրկվի, ինչն արդեն տեղի է ունենում, ապա գների բարձրացում տեղի կունենա: Հայկական դրամը կարժեզրկվի այնքան, որ կհավասարվի ռուսական արժեզրկմանը: Այդ դեպքում բենզինի գինը կբարձրանա մոտ 400 դրամ, այսինքն՝ իր նախկին գնին կվերադառնա»:

Մեր հարևան երկրների մեծ մասում վառելիքի գինն ավելի էժան է, քան մեզ մոտ, պնդում է տնտեսագետը:

«Վրացական լարին շատ ավելի է արժեզրկվել, քան հայկական դրամը, հետևաբար՝ գները պահպանվել են, էլի իջել են, բայց ոչ այնքան, որքան մեզ մոտ: Ադրբեջանում միշտ էլ ավելի էժան է եղել, քան մեզ մոտ, նրանք արդյունահանող, արտահանող երկիր են: Իրանական ռիալի արժեզրկման պայմաններում վառելիքն իրենց մոտ 5-6 անգամ ավելի էժան է, քան մեզ մոտ: Թուրքական լիրան ևս արժեզրկվել է, ավելի շատ, քան հայկական դրամը, այնտեղ ևս նվազել են գները»,- ասաց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս