«Մեր ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները կիսում ենք, հասկանում ենք, բայց ես չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, որ ամեն ինչ միայն իրենք են տեսնում»․ Բաբկեն Թունյան
«Մեր ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները կիսում ենք, հասկանում ենք, բայց ես չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, որ ամեն ինչ միայն իրենք են տեսնում, ամեն ինչի մասին միայն իրենք են հասկանում, ու պետությունը ձեռքերը ծալած նստում-սպասում է, թե որտեղից ինչ մտահոգություն կլինի, որ գնա դրանց հետքերով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, որ ինքն էլ է մտածել այն մասին, որ, ենթադրենք՝ պետք է բանկերի վճարումներն օրենսդրորեն դադարեցնել, բայց պարզվել է, որ նման բան չեն կարող անել, որովհետև դա հակասում է Սահմանադրությանը․ «Իհարկե, լավ է, որ ամբիոնից դրա մասին հնչեցնում ես, և մարդիկ տեսնում են, որ ուզում ես նման բան անել, բայց եթե ի սկզբանե գիտես, որ դա չի աշխատելու, ավելի լավ է նման բան չասել։ Այս դեպքում, ստացվում է, որ ոմանք վարկը մարող քաղաքացիների մասին ավելի շատ են անհանգստանում, քան մենք, բայց երբ դու իմանալով ես դա անում, վատ է, եթե չգիտես, էլի վատ է։ Պետությունը չի կարող վարկային տոկոսները սառեցնել, պետությունը կարող է այդ վարկը սուբսիդավորել, բանկերի հետ համագործակցել, որ նրանք իրենց վարկառուների հետ ավելի մեղմ պայմաններով աշխատեն, բայց ուղղակիորեն բանկին ստիպել, որ տոկոսներ չվերցնի կամ ուղղակի մարումները դադարեցնի, անհնար է, դա հակասում է օրենսդրությանն ու Սահմանադրությանը և կարող է ֆինանսական կայությունն այնպես խախտել, որ հետո դրա տակից դուրս չգանք, որովհետև այդ բանկը տոկոսներով նաև ավանդատուների գումարներն է վճարում, և այստեղ, բացի վարկառուների շահերից, նաև ավանդատուների շահերն են կարևոր»։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե պետությունը գործարարների «կաշին քերթելով՝ բյուջե է լցնում», Բաբկեն Թունյանն ասաց․ «Հիմա մենք խոսում ենք խոշոր սեփականատե՞ր Գագիկ Ծառուկյանի մասին, թե՞ պատգամավոր, թե՞ քաղաքական գործիչ։ Ամեն մի տեսակետից որ նայենք, կարող ենք տրամաբանությունը հասկանալ, բայց «կաշին քերթելը» նշանակում է, որ դու իմանաս, որ մարդն իրականում չի կարող ինչ-որ բան անել, և գնաս, նրան ստիպես, որ ունեցվածքը վաճառի, բերի, պետության հարկերը վճարի։ Բայց նման գործելաոճ չի կարող լինել, որովհետև այդ հարկերը հավաքելն ինքնանպատակ չէ։ Առաջնային նպատակը տնտեսությունը կայուն վիճակում պահելն է, ոչ թե բիզնեսը սնանկացնելը։ Եթե կոնկրետ այդպիսի դեպքեր կան, դրանց մասին կարելի է բարձրաձայնել, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, և ինչու են որևէ մեկի «կաշին քերթում»։ Բայց չեմ կարծում, որ այդ արտահայտությունն արտացոլում է այն գործողությունները, որ այսօր ՊԵԿ-ը կամ պետական մարմիններն իրականացնում են»։