«Բանկային համակարգը ամուր հողի վրա կանգնած է և խուճապի մատնվելու կարիք ընդհանրապես չկա»․ Բաբկեն Թունյան
«Վարկերից բացի՝ նաև ուղիղ օժանդակության ձևեր են լինելու տնտեսվարողներին, այսինքն՝ անհատույց օգնություն։ Իսկ վարկի իմաստը հետևյալն է՝ եթե բիզնեսը համարում է, որ այսօր ժամանակավոր դժվարություն ունի և համոզված է՝ մեկ է՝ այս իրավիճակը հաղթահարելու է ու իր գործունեությունը շարունակի, ինքն այդ վարկը մեծ հաճույքով կվերցնի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Ըստ նրա՝ արդեն կան մեծ թվով տնտեսվարողներ, որոնք ամեն օր հետաքրքրվում են, թե վերջնական որոշումը երբ է կայացվելու, որ կարողանան այդ գումարներից օգտվել․
«Կան որոշ գործիքներ, օրինակ՝ ՓՄՁ աջակցության գործիքը, ինչը ենթադրում է, որ առաջին մեկ տարում վարկառուն վարկի մարում չի իրականացնելու։ Բայց, կրկնում եմ, բացի դրանից՝ լինելու են նաև ուղիղ աջակցության մեխանիզմներ»։
Բաբկեն Թունյանն ընդգծեց՝ տնտեսվարողներին տրվող գումարները հարկատուների փողերն են, և ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ում տալ դրանք և ինչ նպատակով․
«Հասկանալի է, որ եթե բանկն է գումարը տրամադրում, ինքը մի քիչ ավելի զգուշավոր է, բայց դրա համար եմ ասում՝ պետությունը այդ ռիսկի մեծ մասը վերցնում է իր վրա, և երբ պետությունը տոկոսը սուբսիդավորում է, բանկն իր զգուշավորության առումով ավելի բարյացակամ է դառնում։ Բայց սրանից բացի՝ կան նաև այլ գործիքներ, որտեղ որոշումը կայացնում է ոչ թե բանկը, այլ պետությունը՝ ի դեմս Ներդրումների աջակցության կենտրոնի։ Այսինքն՝ տարբեր մեխանիզմներ կան, միայն վարկային գործիքը չէ»։
Նա նշեց, որ բանկային համակարգը ամուր հողի վրա կանգնած է և խուճապի մատնվելու կարիք ընդհանրապես չկա․ «Երբ պետությունն իր այս միջոցառումները հենց բանկերի միջոցով է կազմակերպում, նշանակում է, որ բանկերի առումով որևէ խնդիր չենք տեսնում։ Այնպես որ, քաղաքացիները կարող են հանգիստ իրենց գումարները թողնել բանկային համակարգում»։
Բաբկեն Թունյանի խոսով՝ եթե առողջապահական վիճակը կայունանա, ապա շատ արագ տնտեսության վիճակն էլ կկայունացնեն․ «Իհարկե, տնտեսական հետևանքները մի քիչ ավելի երկար իրենց զգացնել կտան, քան առողջապահականը, բայց եթե մեկ ամսից առողջապահական առումով ամեն ինչ կարգավորված լինի, տարին կփակենք շատ նորմալ տնտեսական վիճակով։ Մարդկանց վարքագիծն էլ է այս դեպքում կարևոր, միգուցե հայտարարվի, որ վիրուսի առումով ամեն ինչ կարգավորված է, բայց այն քաղաքացին, որը ծրագրել էր գալ Հայաստանում հանգստանալու, ինքը միևնույն է՝ որոշակի զգուշավորություն ցուցաբերելու է։ Նույն էլ մեր քաղաքացիները կփոխեն իրենց պլանները, ավելի զգուշավոր կլինեն»։