«Եթե մարդը աշխատել է ինչ-որ մեկի ընկերությունում ու գրանցված չի եղել, նախկինում էլ էր գործազուրկ համարվում, հիմա էլ»․ Բաբկեն Թունյան
«Կան որոշ ոլորտներ, որոնք ունեն շրջանառության կտրուկ անկում՝ զբոսաշրջային ոլորտ, հանրային սնունդ, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, տրանսպորտ։ Մանրածախ առևտուրը մի պահ աճեց, բայց հետո քանի որ մարդիկ պաշար էին փորձում կուտակել, հիմա էլի նվազման միտում կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Այս 4 ոլորտներում անկումն, ըստ նրա՝ օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված․ «Այսինքն՝ մի կողմից չվերթներն են հետաձգվել, մյուս կողմից էլ՝ պարետատան որոշումներով և մարդկանց վարքագծով պայմանավորված՝ նույն ռեստորանների և այլ օբյեկտների շրջանակն է կտրուկ անկում ապրել։ Հստակ թվային գնահատական չեմ կարող հնչեցնել, բայց կարծում եմ, որ մարտ ամսվա տվյալները, երբ արդեն վիճակագրական կոմիտեն ամփոփի, այդտեղ այդ ամենն արտացոլված կլինի»։
Հարցին՝ մասնավոր ընկերությունները պե՞տք է աշխատակիցներին փոխհատուցեն, թե՞ այդ ամենը պետք է հոգա պետությունը, նա պատասխանեց․ «Պետությունը, երբ իր որոշումներով սահմանափակում է որոշ ոլորտների գործունեությունը, բնականաբար, չի կարող հենց այնպես ձեռքերը ծալել ու ասել՝ գիտեք՝ ինչ կա, գնացեք տուն, ձեր աշխատողներին մի կանչեք գործի, փակվեք ու այդ ամենը վերցրեք ձեզ վրա։ Դրա համար էլ հենց մշակվում են տարբեր միջոցառումներ։ Ամենատարբեր միջոցներով պետությունն աջակցության ձևեր է ցույց տալիս այդ տնտեսվարողներին և դա թիրախային է՝ որ ոլորտներում անկումն ավելի շատ է ու ավելի շատ են տուժել, այդ ոլորտների նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ կլինի»
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե պետությունն է արտակարգ դրություն սահմանել, թող պետությունն էլ վճարի իր աշխատակիցներին, Բաբկեն Թունյանն ասաց․
«Գագիկ Ծառուկյանն իրավունք ունի ցանկացած հայտարարություն անելու, իսկ պետությունն իր պատասխանատվությունը, իր պարտավորություններն ու պարտականությունը հստակ գիտակցում է։ Եթե մենք այսօր սխալ որոշումներ կայացնենք, դա հետագայում մեզ վրա է ազդելու։ Տարբեր սկզբունքներից ելնելով՝ այդ բեռը պետությունը չի թողնելու տնտեսվարողների վրա։ Պետությունը ոչ թե տնտեսվարողներին օգնություն է տրամադրում կամ մեծահոգություն է ցուցաբերում, այլ դրանով օգնում է ինքն իրեն, որովհետև եթե բիզնեսին այսօր չօգնենք կամ թողենք մենակ՝ իր խնդիրների հետ, գործազուրկ դարձած աշխատողին աջակցություն ցույց չտրվի, հետո և՛ այդ բիզնեսը սնանկանալով՝ հարկեր չի վճարելու, և՛ այդ աշխատողն է պետության վրա բեռ դառնալու ու մենք ստիպված ենք լինելու իրենց կարիքներն այլ միջոցներով հոգալ։ Այսինքն՝ այս դեպքում սա գործարք է պետական մարմինների և հասարակության միջև»։
Բաբկեն Թունյանն ընդգծեց՝ նախ պետք է հասկանալ՝ ով դրա կարիքն ունի, ով է տուժել և այդ օգնությունը հասցեական լինի․ «Եթե մարդը աշխատել է ինչ-որ մեկի ընկերությունում ու գրանցված չի եղել, նախկինում էլ էր գործազուրկ համարվում, հիմա էլ։ Այսինքն՝ նույն քննադատությունների հեղինակների վարքագծի հետևանքով՝ մենք ունենք մի վիճակ, երբ պետության համար դա լրացուցիչ ժամանակի և ռեսուրսների վատնում է ենթադրում»։