Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նախընտրական հանդիպումները

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները: Արայիկ Հարությունյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում:

Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրեցինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Իսկ այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ ժամը 18:00-ին «Ավագյան-Արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ: Նախընտրական «ձևավորված ավանդույթ»-ի համաձայն՝ պատրաստվում եմ մի քանի ուշագրավ հայտարարություններ անել: Հանդիպմանը կարող եք հետևել իմ ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ տեսակապի միջոցով:

Առողջություն եւ խաղաղություն բոլորիս»,- գրել է Հարությունյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս