Բաժիններ՝

Դասեր և դասախոսություններ՝ Հ1-ով, նորաստեղծ յութուբյան ալիքով, և՝ ոչ միայն. Հայաստանն անցնում է հեռավար կրթության

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության հաստատումից հետո մեր երկրում դադարեցվել է կրթական բոլոր հաստատությունների գործունեությունը, դադարեցված է նաև ՀՀ-ում գործող բոլոր միջազգային  հաստատությունների  ուսումնական գործընթացը:

«Բոլոր տիպի ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատության ապահովման նպատակով  փորձել ենք գտնել այլընտրանքային մի շարք լուծումներ»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մասնավորապես՝  բուհերի հետ համագործակցության արդյունքում հասել ենք նրան, որ բուհերը հեռավար ուսուցում կիրականացնեն տարբեր միջոցներով և, ըստ էության, հեռավար ուսուցման  հարցում բուհերի հետ կապված խնդիրներ չենք ունենալու»,- ասաց  նախարարը:

«Ռեկտորները լիարժեք պատրաստակամություն են հայտնել հեռավար կրթության համակարգը ներդնելու, ինչը նշանակում է, որ կարձագանքեն առաջացող խնդիրներին։ Եղել է ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են իրենց պատրաստակամության և պատասխանատվության մասին։ Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ չի բացառվում, որ այս ճանապահին լինեն դժվարություններ, սակայն սա հնարավորություն է նաև, որ խնդիրները գույքագրվեն:

Վերջինիս փոխանցմամբ՝ որոշակի խնդիրներ կան՝ կապված հանրակրթական հաստատությունների  հետ, սակայն խնդիրների վերացման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Ըստ Հարությունյանի՝ հանրակրթական ուսումնական որոշ հաստատություններ առանց նախարարության միջամտության էլ անցել են հեռավար ուսուցման՝  օգտագործելով օնլայն հարթակները:

«Իհա՛րկե, չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները բոլոր դպրոցների համար, սակայն հեռահար ուսուցման համակարգի ներդրումը հիմա կարելի է համարել պիլոտային համազգային ծրագիր: Կառավարության ծրագրով հեռավար կրթության ներդրումը թեև ՀՀ-ում նախատեսված էր 2021 թվականին, սակայն այս հնարավորությունը կօգտագործենք այդ համակարգն ավելի շուտ ներդնելու համար»,- ասաց  Հարությունյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել են դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հեռուստաընկերության եթերում։

«Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսվեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, 24 ժամ ունենալու ենք նման դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, այդ ալիքի այցելությունների թրաֆիկը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները ևս կմիանան այս նախաձեռնությանը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծվել է heravar.armedu.am պորտալը, որտեղ հավաքվելու է տեղեկատվություն հեռահար կրթութություն իրականացնող ծրագերի մասին:

Հարությունյանը նշեց, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կփորձեն հասկանալ նաև առաջադրանքների ծավալը, որը պետք է էլ. փոստի միջոցով ուսուցիչներն ուղարկեն աշակերտներին և ետ ստանան՝ դրանք ստուգելու համար:

Ինչ վերաբերում է զորահավաքի տարիքում գտնվող ավարտական դասարանների աշակերտներին, ապա նախարարը նշեց, որ դասերի ժամկետների երկարաձգման հարցի պարագայում այս հարցում քննարկում պետք է կազմակերպեն Պաշտպանության նախարարության  հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս