«13:10 րոպե է. դատական նիստերի դահլիճը դատարկ է: Ոչ մեկը չկա». Արամ Վարդևանյան
Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դատական նիստը, սակայն, որի ընթացքում այդ միջնորդությունը պետք է քննարկվեր, չկայացավ, ըստ պաշտոնական վարկածի`դատավորի վատառողջ լինելու պատճառով, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը չկարողացավ վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակված հերթական նիստը։
Այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները ներկայանալու են դատարան, քանի որ փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի, և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով ներկայացրեց իրավիճակն ու ցույց տվեց դատական նիստերի դատարկ դահլիճը:
«Մենք գտնվում ենք դատական նիստերի դահլիճում, 13:10 րոպե է, և ինչպես տեսնում եք, դատական նիստերի դահլիճը դատարկ է: Ոչ մեկը չկա: Ներկա չէ դատավոր Աննա Դանիբեկյանը կամ իր կազմից որևէ անձ: Այստեղ է հենց ամբողջ խնդիրը»,- ասաց Արամ Վարևանյանը, ապա ցուցադրելով փաստաբանական թիմի մյուս անդամ Հայկ Ալումյանին` նշեց, որ այստեղ որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել. Իրենց հայտարարել են, որ փաստաբանները ներկա չպետք է գտնվեն նիստերի դահլիճում:
Արամ Վարդևանյանը նկատեց, որ սա իսկապես աննախադեպ իրավիճակ է, քանի որ նման բան ոչ միշտ է հնարավոր տեսնել: Հավելեց, որ դեռևս մեկ շաբաթ առաջ հենց այս նույն դատական նիստերի դահլիճում նշանակվեց այսօրվա դատական նիստը: Այլ տեղեկություն այդ պահի դրությամբ, փաստաբանի խոսքով, իրենք չունեն, այնինչ ցանկացած տեղեկություն, կապված դատական նիստի հետ, պետք է ներկայացվի հավուր պատշաճի:
Արամ Վարդևանյանը ցուցադրեց նաև այն հատվածը, որը Բարձրագույն դատական խորհուրդը նախատեսել էր նիստին ներկա լրագրողների համար, որպեսզի վերջիններս կարողանան իրենց գործունեությունն ապահովել: Այդ տարածքը նույնպես ամբողջությամբ դատարկ էր, թեպետ, ինչպես նշեց դահլիճում ներկա Հայկ Ալումյանը, լրագրողները դրսում են: Փաստաբանները պնդում էին, որ լրատվամիջոցներին պարզապես ներս չեն թողել: