
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հայտարարության հիման վրա Ոստիկանությունը քննություն է սկսել

168.am-ը արդեն իսկ տեղեկացրել է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Ոստիկանության Արաբկիրի բաժնում իր պաշտպանյալին դաժանորեն ծեծելու մասին: Նա մասնավորապես գրել էր. «Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված»։
Ավելի ուշ փաստաբանը մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածից։
Ինչպես նշեց փաստաբանը, չբավարարվելով դրսում ծեծելով, ոստիկանները իր պաշտպանյալ Կարեն Հովհաննիսյանին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին ու շուրջ 2 ժամ խոշտանգել Կարեն Հովհաննիսյանին ու զրկել նվազագույն իրավունքներից: Անգամ, երբ խնդրել է տեղյակ պահել այդ ամենի մասին հորը կամ փաստաբանին, չեն արել, և արդյունքում ինքն այդ մասին տեղեկացրել է դեպքից 3-4 ժամ անց:
«Այնուհետև պաշտպանյալիս սպառնացել են՝ եթե որևէ մեկն իմանա այս մասին, նրան կկորցնեն, ցիտում եմ բառացի, և հասկանալի պատճառներով մենք այժմ այլ մանրամասներ, ոստիկանների անուններ չենք հրապարակում»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով, որ սա ակնհայտ խոշտանգում ու պաշտոնական դիրքի չարաշահում է, սակայն ՀՔԾ-ի հետ կապվելու իրենց բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Փաստաբանն ասում է, որ, բացի ծեծից, իր պաշտպանյալի արժանապատվությունն են նաև նվաստացրել՝ ողջ ընթացքում թույլ չտալով, որ նստի, ու ստիպելով կանգնել մեկ ոտքի վրա:
Այսօր Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։