«Ենթադրում եմ՝ համաչափ ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել, իսկ երեխայի տուժելու հարցը պիտի իրավապահ մարմիններից ստանալ». Սուրեն Գրիգորյանը՝ «Վստրեչի Ապերի» տանը կատարված գործողությունների մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն ներխուժած իրավապահների գործողություններին, որի ընթացքում 5-ամյա երեխան կորցրել էր խոսելու ունակությունը, և հարցին արդյո՞ք այս ամենը շոուների շարունակությունը չէր, պատասխանեց, որ պետությունը և պետական ինստիտուտները շոուներով առհասարակ չեն զբաղվում.

«Ենթադրում եմ` համաչափ համապատասխան ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել: Իսկ երեխայի տուժելու հարցը պիտի իրավապահ մարմիններից ստանալ: Դժվար թե իրավապահները ցանկություն ունենային միտումնավոր որևէ մեկին սթրեսի ենթարկել: Ես համապատասխան մանրամասների չեմ տիրապետում, բայց հեռու եմ այն մտքից, որ մեր իրավապահ մարմիններում կան մարդիկ, ովքեր միտումնավոր կամ առանց անհրաժեշտության կարող են ցանկություն ունենալ որևէ անձի, առավել ևս՝ երեխայի, սթրեսի ենթարկել, ուրիշ բան, որ որոշ գործողություններ կատարելուց, եթե տանը կա երեխա, կարող է դա լինել անխուսափելի»,- նշեց պատգամավորը:

Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սիսակ Գաբրիելյանին էլ այս ամբողջի մեջ մեկ հարց է հետաքրքրում, թե որտեղի՞ց «Վստրեչի Ապերին» միլիոնավոր դոլարների կարողություն:

Լրագրողի հարցին՝ վարչապետը խոսում էր իրավապահ համակարգում եղած դավաճանների մասին, ովքե՞ր են դավաճանները, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ կաշառակերը ևս դավաճան է, քանի որ քաղաքակական սկզբունքներին դավաճանել է: Քրեական օրենսգիրքը միայն պետական դավաճանության համար է պատիժ նախատեսում, բայց այստեղ խոսքը սկզբունքներին դավաճանելու մասին էլ կարող է լինել, մի բանի վրա աչք փակելը, հանցագործությունները կոծկելը նույնպես դավաճանություն է, բայց ոչ՝ պետական դավաճանության մակարդակով։ Կարծում եմ՝ լավագույն ապացույցն այն է, որ պետական համակարգում եղել են սկզբունքներին դավաճանողներ։ Եթե դուք տեսնեք քրեական գործերը, իհարկե, անմեղության կանխավարկածը պահելով, այսօր ունենք փոխնախարար կալանավորված, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ով արդեն իսկ ընդունել է իր մեղքը»,- նշեց  Սիսակ Գաբրիելյանը։

Դիտարկմանը, որ այս դեպքում խոսքն իրավապահ համակարգում եղած դավաճանների մասին է, պատգամավորը նկատեց. «Դուք մի փոքր հետ գնացեք և տեսեք, թե իրավական համակարգի ինչ բարձրաստիճան պաշտոնատար անձ է փոխարինվել, դուք ձեր հարցի պատասխանը կգտնեք։ Իրավական համակարգում դավաճանություն եղել է, և որպես սանկցիա՝ եղել է նրա պաշտոնից ազատումը։ Դուք էլ գիտեք, թե իրավական համակարգում ինչպիսի անձինք են եղել, որոնք այսօր չեն աշխատում, բայց շարունակում են իրենց գործունեությունն այլ գործում»,- եզրափակեց Ս. Գաբրիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս