Մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել, որից երեքը՝ սահմանապահ ծառայությունից. Տարոն Հովհաննիսյան
Մարտի 6-ին ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք:
Հայկական կողմից միայն մեկ պայմանագրային զինծառայող թեթև վիրավորվել էր:
Ըստ Պաշտպանության նախարարության՝ գործողությունների վերլուծությունը ցույց է տվել, որ դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ, մասնավորապես, ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ:
Արդյոք Ադրբեջանի գործողությունները, և, մասնավորապես, վերջին շրջանում Տավուշի ուղղությամբ սահմանների թիրախավորումը մեր պաշտպանական համակարգի մակարդակը ստուգելու փորձե՞ր են, թե՞ կան այլ նպատակներ: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Ադրբեջանը մարտական կորուստներ էր ունեցել և հայտնել դրանց մասին, հնարավոր եմ համարում, որ ձախողված այս փորձը պատասխան գործողություն էր, ավելին, հիմա էլ են այդպիսի գործողությունները, կամ այլ զինատեսակներից հարվածները և դրանց ցուցադրությունները սպասելի»:
Հակադարձմանը՝ դիվերսիոն ներթափանցման վերջին փորձով գուցե Ադրբեջանն իր իսկ սահմանապահ ուժերի մակարդակն ու կարողություննե՞րն է ցանկացել փորձել, Խաչիկյանն ասաց՝ եթե այդ հատվածում տեղակայված են պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, դա չի նշանակում, որ դիվերսիոն փորձը միայն հենց իրենց զինծառայողները կարող էին անել:
«Դրանք կարող էին պլանավորել ու իրագործել նաև հենց բանակի հատուկջոկատայինները»,- ընդգծեց վերլուծաբանը:
Մեր հիշեցմանը՝ անցած տարի Դուք հայտնեցիք, որ Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ երեք բազա է բացել, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես մեկ գումարտակի չափ է, և, որ դրանք պիտի սպասարկեն առաջնագիծը, արդյո՞ք նման միջոցառումներ նկատվում են այս տարի, «Ռազմինֆոյի» վերլուծաբանն ասաց, որ ներկա դրությամբ նման ծավալի աշխատանքներ իրեն հայտնի չեն:
«Կարծում եմ, որ շինարարությունների հիմնական՝ մեծ փուլն արդեն արված է: Ինչ վերաբերում է հենց անմիջապես առաջնագծում ինժեներական աշխատանքներին, ապա դրանք շարունակական բնույթ են կրելու»,- լրացրեց նա:
Իր հերթին՝ 168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի սահմանապահ ուժերի կարողություններին, նշեց՝ նրանց պատրաստվածությունը թույլ է: Ինչ վերաբերում է ադրբեջանական գործողություններին, ապա, ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ամեն գնով իր բանակի զորատեսակները մարտական մկրտության է տանում:
«Ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ադրբեջանում ներքաղաքական վիճակը շատ խառն է։ Նրանք, թերևս, այդ փորձն ունեն՝ սադրանքների միջոցով հանրության ուշադրությունը շեղելու, և ինչո՞ւ չէ՝ փորձում են իրենց սահմանապահների պատրաստվածությունը մարտական պայմաններում ստուգել»,- լրացրեց ռազմագետը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ակտիվությունը տեղափոխի Արցախի հատված, Արկադի Գրիգորյանը շեշտեց. «Արցախում, իմ կարծիքով, նրանք դեռ կուսումնասիրեն արդեն ՊԲ հրամանատարի պաշտոնում գտնվող գեներալի «պահվածքը» (Ջալալ Հարությունյանի.- Մ.Պ), հետո գուցե ինչ-որ մի տարբերակով «կփորձեն» նրան»:
Ադրբեջանի կորուստների մասով էլ 168.am-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ տարվա սկզբից 13 կորուստ են ունեցել, որից 4-ը՝ մարտական:
«Միայն մարտ ամսվա ընթացքում 4 կորուստ ունենք, որից երեքը՝ սահմանապահ ծառայությունից, այդ թվում՝ սահմանապահ ծառայության նշված 3 կորուստներից 2-ը՝ մարտական»,- ընդգծեց ադրբեջանագետը: