Էկոլոգիական կրթության ռազմավարությունն անտեսված է
Բուհերում Հայոց լեզու և գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման շուրջ ծագած տարակարծությունների ֆոնին՝ ստվերում մնաց էկոլոգիական կրթության հարցը։ Բանն այն է, որ ըստ «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի՝ էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը պարտադիր են կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Նման իրավիճակի բացատրությունը թերևս այն է, որ ամեն գերատեսչության հետաքրքրում են միայն իր ոլորտում գործող օրենքները, ինչի պատճառով չնկատվեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը օրենքով բուհերին պարտադրում է էկոլոգիական կրթություն ապահովել։
2018թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը։ Ուշագրավ է, որ կառավարության կողմից հաստատված ռազմավարության մեջ նշվում է, որ էկոլոգիական կրթության ոլորտում Կրթության և գիտության (ներկայումս՝ ԿԳՄՍ) նախարարությունը և Բնապահպանության (ներկայումս՝ Շրջակա միջավայրի) նախարարությունը արդյունավետ չեն համագործակցում։ Իսկապես, բոլոր այն խնդիրները, որոնք պահանջում են միջգերատեսչական համագործակցություն, որպես կանոն, պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Հասկանալի է, որ էկոլոգիական կրթության հարցերով հատկապես շահագրգիռ է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Բայց առանց ԿԳՄՍ նախարարության՝ այս ոլորտում հնարավոր չէ առաջընթաց ունենալ այն պարզ պատճառով, որ ուսումնական հաստատությունները գտնվում են հենց այս նախարարության ենթակայության տակ։ Բայց ԿԳՄՍՆ-ի համար էկոլոգիական կրթությունը բազմաթիվ թեմաներից մեկն է, որոնք այլ նախարարություններն ու գերատեսչությունները փորձում են տեղավորել ուսումնական ծրագրերում։
Ռազմավարությունը կարևորում է էկոլոգիական կրթության բոլոր ձևերը՝ սկսած հանրակրթությունից՝ մինչև ինֆորմալ կրթություն, քաղծառայողների կրթություն։ Այս փաստաթղթի մշակմանը ֆինանսապես աջակցել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։ Փաստաթղթում նշվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման մակարդակը էկոլոգիական կրթության ոլորտում անբավարար է։ Էկոլոգիական կրթության համար բարենպաստ պայմաններ չկան՝ ինչպես դպրոցական, այնպես էլ՝ արտադպրոցական կրթության ոլորտներում։ Ռազմավարության մեջ նշվում է նաև, որ չկան ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրեր և մասնագիտական գրականություն։ Նմանատիպ խնդիրներ են արձանագրվել նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։
Ռազմավարությունը նախատեսում է բարելավել էկոլոգիական կրթության և դաստիարակության կառավարումը՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու միջոցով։ Այդ նպատակով 2018թ. նոյեմբերին Շրջակա միջավայրի նախարարության կայքում տեղադրվել է «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծը։ Այդ նախագծով սահմանվում է միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը։
Սակայն նախագիծն առ այսօր չի ընդունվել։ Այս հանձնաժողովի գործունեությունը կարևոր է, քանի որ հենց այդ հանձնաժողովը պետք է իրականացներ ռազմավարության մոնիտորինգը։ Հանձնաժողովը պետք է տարեկան կտրվածքով գնահատեր ռազմավարության իրականացումը և ցածր ցուցանիշների պարագայում քայլեր ձեռնարկեր։ Բայց հանձնաժողովը չի գործում։
Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ 2018թ. ընդունված այս ռազմավարությունն անտեսված է։ Օրինակ, 2018 թվականից սկսած երկու նախարարությունները պետք է տպագրեին ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ, մոդուլ և սկսեին էկոլոգիական կրթության թեմաներով ուսուցիչների վերապատրաստումները։ Կրթության ազգային ինստիտուտը մինչև լուծարումը մշակել է ձեռնարկի, մոդուլի նախագծերը, բայց դրանց ընթացք չի տրվել։ Այսօր փաստացի ոչ ձեռնարկը կա, ոչ մոդուլը, ոչ էլ ուսուցիչների վերապատրաստումներն են արվել։
Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի իր բաժնում ամրագրել է «Էկոլոգիական իրազեկման, էկոկրթության, մշակույթի, դաստիարակության լայնածավալ միջոցառումների իրականացում, էկոլոգիական գիտության դերի բարձրացում» կետը։ Այդ կետի շրջանակներում նախատեսվում է, որ 2020թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակին կրթության բոլոր մակարդակներում էկոլոգիական դաստիարակությունը արդյունավետ ձևով պետք է իրականացվի։ Այս միջոցառման պատասխանատուն ԿԳՄՍՆ-ն է։ Եթե մինչև այժմ ոչինչ չի արվել, ապա հարց է առաջանում, թե ինչ կախարդական փայտիկով ԿԳՄՍՆ-ը 8-9 ամսում պետք է հասցնի կրթության բոլոր մակարդակներում ապահովել արդյունավետ էկոլոգիական դաստիարակություն։ Ավելին, դեռևս չի ձևավորվել Կրթության ազգային ինստիտուտի իրավահաջորդը, որը պետք է մշակի այդ փոփոխությունների բովանդակությունը։ Իսկ ուսուցիչների վերապատրաստումներն անորոշ ժամանակով հետաձգված են։
Ի դեպ, ռազմավարության աշխատանքային խումբը ռիսկերի բաժնում նշել է, որ շահագրգիռ կողմերը կարող են անտարբերություն և թույլ ներգրավվածություն ցուցաբերել ռազմավարության իրականացման գործընթացում։ Որպես նման ռիսկի մեղմացման և կանխարգելման գործողություն՝ նշվում է բացատրական և իրազեկման աշխատանքների իրականացումը, ինչը և անում ենք այս հոդվածի հրապարակումով։