Երեխաներն ու մեծահասակները միատեսակ են ենթակա նոր կորոնավիրուսով վարակման ռիսկին. գիտնականներ

Մի խումբ միջազգային հետազոտողներ եկել են այն համոզման, որ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը երեխաների մոտ նույնքան մեծ է, որքան որ մեծահասակների մոտ: Այդ մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները:

Մասնագետները հետազոտության ընթացքում վերլուծել են կորոնավիրուսին վերաբերող տվյալները, որոնք հավաքվել են Շենչժեն հարավչինական քաղաքում: Դրանք ցույց են տվել, որ 10-ից ցածր տարիքի երեխաների եւ մնացած բնակչության շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշների միջեւ էական տարբերություն չկա:

«Հնարավոր է՝ սրանք այն բանի առաջին ստույգ ապացույցներն են, որ երեխաները նույնքան հեշտությամբ կարող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով, որքան որ մեծահասակները»,-ասել է Հոնկոնգի համալսարանի համաճարակաբան-ինֆեկցիոնիստ Բեն Քոուլինգը: Ավելի վաղ մի խումբ արեւմտյան փորձագետներ պնդում էին, որ երեխաները նվազ չափով են ենթակա նոր կորոնավիրուսով վարակվելուն, քան մեծահասակները այն դեպքում, երբ ռիսկի հատուկ խմբում տարեցներն են:

ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 143 նոր հիվանդացած: Անցյալ տարվա դեկտեմբերից համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է հիվանդանալու 80 հազար 552 դեպք, մահացել է 3420 մարդ:

Վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, մահացել է 29 մարդ, այդ թվում՝ 23-ը՝ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 23,8 հազար մարդ, 5,7 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե 53,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: Երկրի Առողջապահության հարցերի պետական կոմիտեին առընթեր Բժշկական գիտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Չժեն Չժունվեյը մարտի 6-ին հայտարարել է, որ Չինաստանը հույս ունի ապրիլին սկսել նոր կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերի մի մասի կլինիկական փորձարկումները:

Նույն օրն ավելի վաղ Չինաստանի գիտությունների ակադեմիայի քարտուղարի տեղակալ, ակադեմիկոս Չժոու Ցին հայտարարել է, որ COVID-19 հարուցող վիրուսի մեջ տեղի ունեցած մուտացիանները չեն ազդել պատվաստանյութի մշակման գործընթացի վրա: «Մեր գնահատումներով՝ առկա է այն բանի հույսը, որ ապրիլին պատվաստանյութերի մի մասը կհանձնվի կլինիկական փորձարկումների կամ շտապ կիրառման՝ սահմանված օրենսդրական կարգին համապատասխան»,- հայտարարել էՉժեն Չժունվեյը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս