Ավստրալիայում կորոնավիրուսի պատճառով սահմանափակել են զուգարանի թղթի վաճառքը
Ավստրալացիները զանգվածաբար զուգարանի թուղթ են գնում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, ինչի կապակցությամբ տեղական սուպերմարկետները հարկադրված են սահմանափակել թղթի վաճառքները դեֆիցիտից խուսափելու համար: Այդ մասին հայտնել է Sydney Morning Herald թերթը՝ վկայակոչելով երկրում խոշորագույն Woolworth մանրածախ առեւտրի ցանցի ներկայացուցչին։
Ճշտվում է, որ զանգվածային գնումների պատճառով Woolworth-ը վաճառքի սահմանափակում է մտցրել՝ մեկ գնորդին զուգարանի թղթի չորս փաթեթից ոչ ավելի, այդ թվում՝ առցանց գնումների դեպքում: «Դա կօգնի համալրել պաշարները մինչեւ որ մատակարարները կընդլայնեն տեղական արտադրությունը՝ ապահովելու սովորականից բարձր պահանջարկը»,-հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Woolworth-ը նաեւ սահմանափակումներ է մտցրել ախտահանող գելերի վաճառքի վրա՝ մեկ մարդուն՝ երկուսից ոչ ավելի: Բացի Woolworth-ից, զուգարանի թղթի վաճառքի սահմանափակումներ են մտցրել (նույնպես մեկ մարդու հաշվով չորս փաթեթից ոչ ավելի) Ritchies Supa IGA ցանցի խանութները:
Թղթի տեղական արտադրող Sorbent ընկերությունը հայտնել է, որ սպառողների շարունակվող խուճապը սթրես կդառնա մատակարարումների շղթայի համար: Kimberly-Clark համանման ընկերությունը պատմել է, որ իր արտադրական գծերն աշխատում են շուրջօրյա, իսկ Հարավային Ավստրալիայի ֆաբրիկան փորձում է հաղթահարել կարճ ժամանակաշրջանում աճած պահանջարկը: Ավելի վաղ տեղեկացվել է Ավստրալիայում կորոնավիրուսի 42 հաստատված դեպքի եւ մեկ մարդու մահանալու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: