Արդար և օբյեկտիվ դատաքննության պահանջով բողոքի ակցիա՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ

2019 թվականի հունիսի 1-ին ՌԴ Կրասնոգորսկ քաղաքում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայի մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինի գործով նախաքննությունը թեև ավարտվել է, բայց դատական նիստ դեռ նշանակված չէ:

Սպանության համար այս պահին կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը և Սահակ Սահակյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի՝ սպանություն հատկանիշներով, այդ թվում և՝ Սերգեյ Խոջոյանին: Մյուսները մեղադրվում են հանցակցության և խուլիգանության համար:

Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց էին հավաքվել կալանավորվածների հարազատներն ու փաստաբանները: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 9 ամիս առաջ տեղի ունեցած իրադարձության մանրամասներին, նրանք ասացին, որ տղաները, որոնք այս պահին կալանքի տակ են, իրենց առաջադրված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեն:

Հայրապետյան Հրանտի փաստաբան Կարեն Ներսիսյանի փոխանցմամբ՝ կալանավորվածների հարազատներն ու ընկերները հունիսի 1-ից մինչև օրս հույս ունեին, որ ՌԴ քննչական մարմինները տեղի ունեցածին կտան իրավական գնահատական, բայց նման գնահատական չկա: Ու ըստ մեղադրյալների հարազատների ու փաստաբանների՝ եղածն ընդամենը հաշվեհարդար է:

Փաստաբանի դիտարկմամբ՝ 2019թվականի հունիսի 1-ին բնակելի շենքի առաջին հարկում գտնվող սրճարան-բարում, որն այդ օրը եղել է մարդաշատ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով, եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ երկու ռուս երիտասարդ, որոնք հարբած մտել են սրճարան, «իրենց պահել են շատ ցինիկ ու սկսել են վիրավորել սրճարանում գտնվողներին»: Հենց բնակելի այդ շենքի 9-րդ հարկում էր ապրում  Հրանտ Հայրապետյանը, որն այդ օրը եղբայրների և ընկերների հետ տանը նշում էր իր ծննդյան տարեդարձը: Ռուս երիտասարդների սրճարան մտնելուց ու հանդուգն վերաբերմունք ցույց տալուց հետո սրճարանի աշխատակիցները զանգել են սեփականատիրոջը, որը մասնակցում էր Հրանտի  ծննդյան տարեդարձի միջոցառմանը:

«Իջել է, սկսել է խմածներին համոզել, որպեսզի դուրս գան, մի կերպ համոզելով՝ հանել է դուրս: Սրանք չեն հանգստացել, փորձել են նորից մտնել բար, ու այդ ժամանակ, քանի որ ծննդյան օրվա կապակցությամբ մասնակիցները որոշել էին բարում ուտել տորթ և խմել թեյ, ժողովուրդն իջնում է, որ մտնի բար, ու տեսնում է կոնֆլիկտը, մոտեցել են: Ցավոք սրտի, այդ պահին իրենց մոտով անցնում էր Բելյանիկինը՝ իր սիրած աղջկա հետ, ու տեսնում է 2 ռուս քաղաքացու՝ խմած, շրջափակված հայերի մեջ, միջամտել է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ  Բելյանկինն իր մոտ ատրճանակ է ունեցել:

«Մեկ անգամ կրակել է օդ՝ պահանջել ցրվել, տղաները չեն ցրվել, դրանից հետո Բելյանկինը 3 անգամ կրակել է եղբայրներից մեկի՝ Հովիկ Հայրապետյանի վրա, որից հետո ատրճանակն ուղղել է մյուսների վրա: Հովիկ Հայրապետյանն է իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է Բելյանկինին: Ցավոք սրտի՝ հարվածը եղել է մահացու: Փաստաբանի փոխանցմամբ՝ Հովիկ Հայրապետյանը Բելյանկինին դանակահարելուց հետո փախել է, քննչական մարմինը ձերբակալել է միջադեպի վայրում գտնվող մյուս բոլոր հայերին»,- պատմեց Կարեն Ներսիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ իրենց անհանգստության պատճառն այն է, որ այն մարդը, որը ղեկավարել է քննչական գործողությունները, այսօր ՌԴ գլխավոր դատախազն է , «հո չի՞ մեղադրելու ինքն իրեն»: Փաստաբանի փոխանցմամբ՝ Հովիկ Հայրապետյանը չի հավատում, որ ռուսական քննչական ծառայությունները կիրականացնեն օբյեկտիվ և արդար դատաքննություն, դրա համար էլ շարունակում է մնալ փախուստի մեջ: Իսկ քննչական մարմնի համար էլ ձեռնտու չէ նրան գտնելը, որովհետև  «կառուցած գործը» կքանդվի:

Փաստաբանական խմբի դիտարկմամբ՝ տեղի ունեցածում հսկայական դերակատարություն ունի  ադրբեջանական լոբբիին, ինչպես նաև՝  ռուսական մամուլի ուղղորդված անդրադարձը կատարվածին: Ըստ նրանց՝ տպավորություն էր ստեղծվում, որ տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ նաև հեղինակավոր հեռուստաընկերությունների և թերթերի հրապարակումներից այլազգիների դեմ մեսիջ էր  փոխանցվում:

«Հայաստանի պետությունը պետք է սովորի վերջիվերջո պաշտպանել իր քաղաքացիներին: Թող սովորի ուրիշ պետություններից, այն պետություններից, որոնք իրենց քաղաքացու համար ատամներով կրծում են բոլորի կոկորդները»,- ասաց Կարեն Ներսիսյանը:

Հայրապետյանների հոր՝ Ռոմիկ Հայրապետյանի խոսքով, 9 հայերը, որոնք այսօր կալանավորված են, անազատության մեջ են այն պատճառով, որ ազգանունները «յան»-ով է: Հոր  ցանկությունն էլ մի բան է՝ արդար, օբյեկտիվ դատաքննություն:

«Ոչ մեկի դուխը չի՞ հերիքում, որ ձևի համար մի բան անեն: Ո՞ւր է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Օգնություն չկա: Եկել ենք էլի էս մարդկանցից օգնություն խնդրենք»,- ասաց տղաների հայրը՝ նկատի ունենալով ռուսական ներկայացուցչությունը:

Փաստաբանները մի քանի օր առաջ նամակ են հղել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությանը: Արձագանք դեռ չկա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս