Փաշինյանի նախկին խոսնակի կայքերի ֆինանսավորման թելերը տանում են դեպի Սամվել Ալեքսանյան. «Փաստինֆոն»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երկու կայք է հիմնել՝ NewArmenia.am և 365news.am: Կայքերի ընթացիկ համակարգմամբ զբաղվում է նրա դուստրը, իսկ ինքը՝ Կարապետյանը ֆինանսական հարցերն է լուծում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս երկու կայքերի ֆինանսավորումն իրականցնում է նախկին օլիգարխ, ներկայումս իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող Սամվել Ալեքսանյանը: Yerevan.Today-ը երեկ հայտնել է, որ Վլադիմիր Կարապետյանը դիմել է Սամվել Ալեքսանայնին, որպեսզի 2 միլիոնանոց փաթեթով համագործակցի կայքերի հետ, բայց այս պահին գործարքը կայացել է պահանջած թվի տասը տոսկով:
Վլադիմիր Կարապետյանը չի հերքել, որ իր դուստրն է զբաղվում կայքերի համակարգմամբ և հորդորել է կապ հաստատել վերջինիս հետ: Իսկ Սամվել Ալեքսանյանի կողմից ֆինանսավորվելու մասին ասել է. «Ես այնքա՜ն ուրախ եմ, որ դուք այդքան խորությամբ տիրապետում եք այս կամ ուրիշ կայքերի ներքին խոհանոցին։ Շատ լավ, դուք բավականին ուշադիր հետևում եք, և ես ձեզ հաջողություն եմ մաղթում այդ կայքերի և մյուս կայքերի ուսումնասիրության գործում։
Իսկ Սամվել Ալեքսանյանի մասով ասեմ՝ չի համապատասխանում իրականությանը»: Վերջինս այդպես էլ չի հստակեցրել, թե Ալեքսանյանի մասով ո՞ր դիտարկումը չի համապատասխանում իրականությանը. այն որ ինքը 2 միլիոն է պահանջել, թե՞ որ միայն տասը տոկոսն է սացել: Ինչևէ անկախ հերքումներից, լրատվական շրջանակները պնդում են, որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Հավելենք, որ նախկին խոսնակի կայքը զբաղվում է հիմնականում իշխանության ընդդիմախոսների դեմ հոդվածներ հրապարկելով և սպասարկելու է տարբեր թեմաների շուրջ «իմքայլականների» տեսակետի հանրայնացմանը։