«Այո, ես համաձայն եմ, որ այն կենսափորձը չի կարող ունենալ անձը 25 տարեկանում, որ կարողանա շատ բարդ հարցեր լուծել. այստեղ շատ կարևոր է ԲԴԽ դերը». Գրիգոր Բեքմեզյան

168.am «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանն է:

– 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններով սահմանադրի կողմից նախանշվեց նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը: ՀՀ Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Արդյո՞ք ԲԴԽ-ն ողջ ծավալով իրականացնում է իր գործունեությունը՝ վերահսկողական, դատական համակարգի պաշտպանության առումով ու օրենքով իրեն վերապահված այլ գործառույթների ու իրավասությունների համակցությամբ:

Այո, ԲԴԽ-ն բավականին նոր մարմին է, և լիազորությունները, որոնք նախանշված են Սահմանադրությամբ և նաև Դատական օրենսգրքով, այո, ԲԴԽ-ին տալիս են մի շարք լիազորություններ, որոնք ուղղված են դատական իշխանության անկախության ապահովմանը: Իրականում որպեսզի ԲԴԽ-ն ամբողջությամբ իրականացնի հանրության այն հույսերը, որոնք դրված են ԲԴԽ-ի վրա, այսինքն՝ ամբողջությամբ ապահովի դատական իշխանության անկախությունը, ապահովի, որպեսզի դատական իշխանությունը գործի արդյունավետ և օբյեկտիվ, իմ կարծիքով, ԲԴԽ լիազորություններն այդքան էլ շատ չեն: Օրինակ, ԲԴԽ-ն չի կարող ինքնուրույն վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ: Որևէ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար ԲԴԽ-ն պետք է սպասի, մինչև վարույթ հարուցող մարմինը, այն է՝ արդարադատության նախարարը կամ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը, կհարուցեն վարույթ, կուղարկեն ԲԴԽ, և ԲԴԽ-ն կքննի: Սա չի նշանակում, որ սխալ է, որ ԲԴԽ-ն չի կարող վարույթ հարուցել: Ես սա շեշտում եմ նրա համար, որ շատ հաճախ սուբյեկտները՝ քաղաքացիները, տարօրինակ է, բայց նաև իրավաբանները, դիմում են ԲԴԽ-ին՝ անմիջապես դատավորների վերաբերյալ բողոքներով: Այս բողոքներին մենք չենք կարող ընթացք տալ, որովհետև մենք այդ իրավասությունը չունենք:

Մյուս խնդիրը, որ ունենք: ԲԴԽ-ն պետք է ապահովի դատավորների անկախությունը: ԲԴԽ-ն հսկում է, որպեսզի որևէ սուբյեկտ չփորձի ճնշել դատավորներին, փորձի ազդել նրանց կողմից կայացված դատական ակտերի վրա, և այլն: Բայց ԲԴԽ-ն այս գործընթացն անում է, ըստ էության, դիտարկման սկզբունքով: Այսինքն՝ մենք հետևում ենք դեպքերի ընթացքին և, եթե տեսնում ենք առերևույթ գործողություն, արձագանքում ենք: Օրենքը պարտադրում է դատավորներին, որ եթե նրանց նկատմամբ կա ճնշում, անպայման դիմեն ԲԴԽ-ին: Քանի դատավորը մեզ չի հայտնել իր նկատմամբ կատարվող ճնշումների մասին, մենք կարող ենք այդ մասին չիմանալ, որովհետև այդ ճնշումները կարող են լինել զանգի կամ հանդիպման տեսքով: Այսինքն՝ ըստ էության մենք այստեղ էլ ենք սահմանափակված:

– Այսինքն՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ, եթե դատական իշխանության որևէ ներկայացուցչի վրա որևէ ուղղությունից կա ճնշում, ապա տվյալ դատավորը պետք է դիմի ԲԴԽ-ին:

– Նույնիսկ պարտավոր է: Եթե չդիմի, դա կարող է հանգեցնել դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության:

– Արդարադատության նախարարը լրագրողների այն դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվում, ասաց, որ, եթե նրանք իրենց նկատմամբ ճնշում են զգում, թող դիմեն վարչապետին:

– ՍԴ դատավորների անկախության ապահովումը ԲԴԽ-ի լիազորությունների մեջ չի մտնում: Մենք որևէ սահմանադրական իրավունք և պարտավորություն չունենք՝ ՍԴ դատավորների հետ կապված: Այսինքն՝ եթե նույնիսկ ՍԴ դատավորները մեզ դիմեին, մենք ոչինչ չէինք կարող անել: Այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ՝ ասվել է, որ պետք է դիմեն վարչապետին:

– Բայց վարչապետի՞ն, թե՞ այդ դեպքում՝ իրավապահ մարմիններին:

– Կախված է նաև ճնշման բովանդակությունից: Եթե այդ ճնշումը քրեական հանցակազմի հատկանիշներ ունի, պետք է դիմեն իրավապահ մարմիններին միանշանակ: Եթե ունի քաղաքական, բարոյական ինչ-ինչ հատկանիշներ, ապա պետք է դիմեն այն ուժին, որ կողմից իրենք զգում են այդ քաղաքական ճնշումը:

Արդյո՞ք ԲԴԽ-ն ազատ է գործում, անկաշկանդ ու անկախ:

– Բացարձակ անկախ ենք: Միակ ճնշումը, որ զգում ենք, հանրության ճնշումն է, որ մեր նկատմամբ կա, որը դրական ճնշում է, և պարտադիր պետք է, որ այդ ճնշումը լինի, և ես հույս ունեմ, որ չի էլ դադարի:

– ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, ասում է, որ ԲԴԽ-ն անկախ չէ այն պահից, երբ որոշեցին փոխել կազմը՝ Գևորգ Դանիելյան, Սերգեյ Մեղրյան… Ինչո՞վ հարմար չէին: Ինչո՞ւ որոշեցին փոխել ԲԴԽ կազմը:

– Ես չգիտեմ՝ իշխանություննե՞րն են որոշել, թե՞ ոչ, ես կարող եմ փաստերն արձանագրել առ այն, որ ԲԴԽ մի շարք անդամներ հրաժարական տվեցին, և իշխանությունները Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր էին համալրել ԲԴԽ կազմը: Ընդ որում, ոչ միայն իշխանությունները, այլև դատական իշխանությունը: Իրենք պարտավոր էին համալրել թափուր տեղերը:

– Իրավաչա՞փ էր վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչը:

– Ես իմ դիրքորոշումը դեռևս ԱԺ-ում եմ հայտնել: Ես, այո, գտել եմ, որ իրավաչափ էր: Ես այդտեղ դատարանի նկատմամբ ճնշում չեմ դիտել:

…Կոնկրետ չի փորձվել որևէ դատավորի ճնշման ենթարկել: Դա քաղաքական ակցիա էր, որը տեղավորվում էր հետհեղափոխական տրամաբանության մեջ:

…Ցանկացած հեղափոխական գործողության մեջ կարող են լինել խախտումներ: Ես չեմ ուզում հիմա քաղաքական հայտարարություն անել, քանի որ այն ժամանակ իմ կարծիքը հայտնել եմ ու հետ չեմ կանգնելու իմ կարծիքից, բայց ես գտնում եմ, որ որոշակի բաներ փոխելու համար խախտումներ կարող են լինել: Ամեն դեպքում, չենք կարող ասել, որ դատարանների դուռ փակելը դատական իշխանության բարեփոխումների ամենալավ տարբերակն էր, բայց ենթադրում եմ, որ այդ պահին քաղաքական իշխանությունը հարմար է գտել այդ տարբերակով շարժվել, և կարծում եմ, որ այդ գործողություններն ավելի բևեռեցին հասարակության ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, և ավելի ի ցույց դրեցին հասարակության պահանջմունքները դատական իշխանության նկատմամբ:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ՍԴ դատավորներից մեկն աշխատանքի չի գնում, բայց պատկառելի գումարներ է ստանում:

– Ես՝ որպես ԲԴԽ անդամ, սկզբունք եմ որդեգրել, և Խորհուրդն էլ այդ սկզբունքը որդեգրել է, որ մենք ՍԴ-ի հետ կապված որևէ կարծիք չենք հայտնում և վերաբերմունք չենք դրսևորելու, որովհետև մենք առանձին սահմանադրական մարմիններ ենք և չենք ուզում այդ վեճի մեջ խառնվել: Կարծում եմ՝ այդ հարցով պետք է դիմել Վահե Գրիգորյանին, իր պատասխանը լսել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ասֆալտին ծեփելու, պատերին փռելու, շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացող դատավորներ, որքանո՞վ են նպաստում դատական իշխանության անկախությանը:

– Ես չեմ ցանկանա գնահատական տալ և խոսել քաղաքական գործիչների արտահայտությունների մասին ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ, որովհետև դրանք հիմա շատ-շատ են, և ոչ միայն՝ վարչապետի կողմից, այլ նաև այլ քաղաքական գործիչների կողմից՝ և ընդդիմադիր, և իշխանամետ: Բոլորի կողմից կան հարվածներ դատական իշխանության նկատմամբ: Իհարկե, ժամանակին ԲԴԽ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, և ընդհանրապես բոլոր քաղաքական հայտարարությունների հետ կապված՝ կոչ է արել զերծ մնալ դատական իշխանության նկատմամբ վիրավորական կամ ցանկացած այլ արտահայտություն անելուց, որը կարող է նվազեցնել դատական իշխանության հեղինակությունը: Ես հավատարիմ եմ մնում այդ հայտարարությանը:

– Միջազգային կառույցների արձագանքը ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և դրանց տոտալ արհամարհանքը ԲԴԽ-ին չե՞ն անհանգստացնում:

– Ես ասացի, որ ՍԴ-ի հետ կապված հարցերով և այս հարցով միջազգային գործիչների արձագանքն ավելի քաղաքական ենթատեքստ պիտի ունենա, ԲԴԽ-ն ուղղակի աշխատում է զուտ հետևել դիտորդի կարգավիճակով և չառնչվել դրան:

Արդյո՞ք ՍԴ-ն է պատասխանատու դատական իշխանության անկախության համար:

– Ոչ: Դատական իշխանության անկախության համար պատասխանատու է ԲԴԽ-ն՝ համաձայն Սահմանադրության:

– ԲԴԽ-ն մեխանիզմներ մշակե՞լ է դատարանների ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:

– Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք և շատ ակտիվորեն ենք աշխատում: Առաջին հերթին՝ մենք փորձում ենք Հայաստանում ներդնել էլեկտրոնային արդարադատության համակարգը: Օրինակ, հիմա դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը պարզեցված վարույթով քննվող գործեր են: Դրանք բռնագանձման գործեր են, և հիմնականում վեճ չկա այդտեղ: Մենք փորձում ենք այնպես անել, որ որոնք դատավորից ահագին մեծ ժամանակ ու ռեսուրս են խլում, քննվեն էլեկտրոնային եղանակով: Մոտակա օրերին մենք կսկսենք այդ համակարգի թեստավորումը:

– Դատական համակարգի երիտասարդացման հարցն ինչպե՞ս եք պատրաստվում լուծել, որովհետև երիտասարդների համար կարծես թե գրավիչ չէ դատական համակարգը:

– Հիմա ոչ միայն երիտասարդների, այլև ոչ ոքի համար գրավիչ չէ դատավորի գործը: Մենք փորձում ենք բարձրացնել դատավորի աշխատավարձը, սոցիալական երաշխիքները հստակեցնել, նվազեցնել ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև փոխել հանրության վերաբերմունքը դատավորների նկատմամբ: Պետք է հասկանանք, որ դատավորի համար միայն երիտասարդ լինելը քիչ է, պետք է նաև որոշակի փորձ, իմաստնություն, աշխարհայացք ունենալ ձևավորված, որը հնարավորություն կտա մարդկանց ճակատագրերի հետ աշխատել:

– Դատական օրենսգրքի փոփոխություններով՝ նախատեսվում է դատավորների տարիքային շեմը նվազեցնել: Կարո՞ղ է 25 տարեկան դատավորը քրեական գործերով ակնկալելի արդար ու կշռադատված որոշում կայացնել՝ ելնելով կենսափորձի պակասից:

– Պետք է մի բան ֆիքսենք: Նոր փոփոխություններով նախատեսվում է, որ մինչև դատավորի համար ԲԴԽ հարցազրույցի փուլին հասնելը բոլոր դատավորները պարտավոր են անցնել հոգեբանական թեստավորում: Բայց, այնուամենայնիվ, այո, ես համաձայն եմ, որ 25 տարեկանը բավարար չէ, այսինքն՝ այն կենսափորձը չի կարող ունենալ անձը 25 տարեկանում, որ կարողանա շատ բարդ հարցեր լուծել: Բայց և չեմ բացառում, որ կարող են լինել 25 տարեկան անձինք, որոնք շատ լավ կարող են դա անել: Դրա համար ես շատ կարևորում եմ ԲԴԽ-ի դերը: Քանի որ ԲԴԽ-ն է, ամեն դեպքում, ընտրում, նա պետք է այնքան պրոֆեսիոնալիզմ ու օբյեկտիվություն ունենա, որ ընտրի ճիշտ թեկնածուի, որը պատրաստ կլինի աշխատել դատավորի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս