ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են Իդլիբի հարցին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի իր գործընկերոջ Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակի կայունացմանն ուղղված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը տեսակետներ են փոխանակել ստեղծված խնդրի վերաբերյալ:
Ավելի վաղ կայացել էր հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Իդլիբի հետ կապված ավելի վաղ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ:
Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռքբերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռորոշ քայլեր ձեռնարկել Իդլիբում: