«Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է»
Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է, և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
«Այս առումով, շատ կարևոր եմ համարում այն, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ»,-նշեց վարչապետը:
Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն, ըստ նրա, անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով շատ է կարևորվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:
«Ընդհանուր առմամբ, կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, ըստ նրա, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է:
«Ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք, իհարկե, կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը»,-ասաց վարչապետ Փաշինյանը: