«Փաշինյանի դռնեդուռ գնալն ու գիրք նվիրելը քողարկված քարոզարշավ էր». Գագիկ Համբարյան

Ապրիլի 5-ին նախատեսվող Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվել է փետրվարի 17-ին, բայց դասական քարոզարշավին բնորոշ քայլեր հանրաքվեի «Այո» և «Ոչ» կողմերից դեռևս չի նկատվում:

«Որքան գնում է, համոզվում եմ, որ մեր իշխանություններն ավելի շատ մտածում են ոչ թե Հայաստանում իրոք ժողովրդավարական համակարգ ձևավորելու կամ նախորդ կոռումպացված իշխանությունների մնացուկներից ձերբազատվելու մասին, այլ իրենք մտածում են Հայաստանում մենիշխանություն ձևավորելու մասին»,- խոսելով կայանալիք հանրաքվեի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ անընդունելի, անգամ անտրամաբանական է, որ մեկ տարվա մեջ երկրում անցկացվի սահմանադրական փոփոխության երկու հանրաքվե: Մինչև սեպտեմբերի վերջ հավանաբար Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կներկայացնի փոփոխությունների նոր տարբերակը:

«Հարց է առաջանում: Ի՞նչն է խանգարում գործող իշխանություններին, որպեսզի ամբողջությամբ Սահմանադրության փոփոխված տարբերակը ներկայացվի, ասենք, սեպտեմբերին և մեկ հանրաքվեի միջոցով լուծվի ՀՀ Սահմանադրության հարցը»,- նշեց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ փոփոխության հարցը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Նրա խոսքով՝ մինչ այսօր իրեն՝ որպես ՀՀ քաղաքացի, ոչ ոք չի համոզել, թե ինչն է պատճառը, որ Հրայր Թովմասյանը խանգարում է հեղափոխությանը, եթե «ՀՀ իշխանությունները մեծ հաճույքով համագործակցում են նախորդ իշխանությունների հետ, որոնցից շատերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ մեղադրում էր հանցագործություններ կատարելու կամ հանցագործությունները թաքցնելու մեջ»:

Համբարյանը կողմ կլիներ տեսակետին, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարվի ՍԴ նախագահի պաշտոնից այն դեպքում, եթե, իր խոսքով, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կամ նախորդ իշխանությունների հետ սերտորեն համագործակցած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս հրաժարական տային:

«Խնդիրը նրանում է, որ այս շղթայական ընտրակեղծարարության գործը փորձում են բարդել մեկի վրա»,- ասաց Համբարյանը:

Քաղաքագետը հետաքրքրվում է՝ տնտեսական կամ քաղաքական բարեփոխումների ի՞նչ առաջարկություններով է հանդես եկել գործող իշխանությունը, որին ՍԴ-ն խոչընդոտել է:

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գործող իշխանություններն իրենց ցանկություններին հասնելու համար ուղղակիորեն մանիպուլյացիաների են դիմում և բացահայտ կեղծում են իրականությունը՝ ցույց տալու համար, որ ՍԴ-ն հանցագործություններ է կատարում, խոչընդոտում է հեղափոխության առաջընթացին: Այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ, նեղ անձնական, թայֆայական շահ է»,- ասում է քաղաքագետը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընդունել այն հանգամանքը, որ Հայաստանում կան իշխանական օղակներ, որոնք կա՛մ գործում են անկախ, կա՛մ չեն ենթարկվում իրեն:

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ իշխանությունը խնդիր ունի հանրաքվեին անհրաժեշտ քանակությամբ «Այո» ձայներ հավաքելու հարցում, և հենց դրա համար է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել զբաղվել քարոզարշավով:

Ըստ նրա՝ երեկ «Գրքի տոնին», «Փաշինյանի դռնեդուռ գնալն ու գիրք նվիրելը քողարկված քարոզարշավ էր»: Նրա խոսքով՝ Փաշինյանը հենց իր իրականացրած քարոզարշավի միջոցով է փորձելու հավաքել անհրաժեշտ ձայները, քանի որ, օրինակ Գյումրիում, ինչպես վստահեցնում է քաղաքագետը, մեկ ու կես տարվա ընթացքում Փաշինյանը չի կարողացել հավաքել այն ամուր թիմը, որը կկարողանար անհրաժեշտ քարոզչությունն իրականացնել:

Գագիկ Համբարյանը հանրաքվեի «Այո»-ի շտաբի հետ որևէ առնչություն ունենալ չի ուզում: Նա չի պատրաստվում նաև համագործակցել «Ոչ»-ի շտաբի հետ: Քաղաքագետն ապրիլի 5-ին հանրաքվեն պատրաստվում է բոյկոտել. հանրաքվեին չի մասնակցելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս