ԵՄ-ն 65 միլիոն եվրո կհատկացնի ՀՀ կառավարությանը էներգախնայողության և մի շարք այլ ծրագրերի համար

Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում ընդունեց որոշման երեք նախագիծ, որոնցով առաջարկվում է ստորագրել Եվրամիության և ՀՀ կառավարության միջև երեք համաձայնագիր։

Առաջին համաձայնագիրը վերաբերում է ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» համագործակցությանը։

Այս համաձայնագրով Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 9 մլն եվրո՝ աջակցելու համար Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, ինչպես նաև հանրային շենքերում, չգազաֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում:

Կառավարության այսօրվա ընդունած երկրորդ որոշմամբ՝ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կստորագրվի «Դերակատարների տեղական մակարդակով հզորացում զարգացման համար» ֆինանսավորման համաձայնագիրը ՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ, որից ԵՄ օժանադակությունը կկազմի 14 մլն եվրո, ևս 1 մլն եվրո կֆինանսավորվի շահառու հանդիսացող լիազորված մարմնի կողմից:

Ծրագիրը միտված է պիլոտային նորարարական մեթոդների և գործընթացների միջոցով տեղի շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցության խթանմանը իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ և գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին առաջնահերթությունների նախանշմանը և տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար:

Կառավարության ընդունած երրորդ որոշմամբ՝ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագիր՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

Այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանը տրամադրել ռազմավարական բնույթի խորհրդատվություն և ուղղորդում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ պետական հաստատությունների ինստիտուցիոնալ, տեխնիկական և կադրային կարողությունները Թվինինգ ծրագրերի, ԵՄ բարձրաստիճան խորհրդականների ծրագրի և Երիտասարդ փորձագետների ծրագրի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս