Այն, ինչ տեղի ունեցավ Մյունխենում, հայկական կողմի համար կորսված հնարավորություն էր. Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ

Հարցազրույց Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանի հետ

– Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Մյունխենում ընթացող Անվտանգության ամենամյա համաժողովի ընթացքում առաջին անգամ հանրային դեբատի մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով, որին անդրադարձել էիք Ձեր ֆեյսբուքյան էջում: Թեև սա իր ձևաչափով բացառիկ միջոցառում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, Դուք այն քննադատել էիք: Ինչո՞վ էր այս քննարկումը հաջողված և չհաջողված:

– Ինձ թվում է՝ ես միակ վերլուծաբանը չեմ, որ կարծում է, թե խոսակցությունը ոչ թե չստացվեց, այլ տապալվեց այն պարզ պատճառով, որ մենք 45 րոպե հետևում էինք, թե ինչպես են երկու ղեկավարներ որոշակի հայտարարություններով միմյանց պատասխանում, որն այդ քննարկմանը հետևողների համար դիտարժան չէր, առավել ևս՝ այն մարդկանց համար, որոնք ծանոթ չեն ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին: Ցանկացած օտարերկրացի, ով հետևում էր այդ միջոցառմանը՝ լինի նա Մյունխենում թե մեկ այլ վայրում, ամենայն հավանականությամբ, չհասկացավ ընդհանրապես՝ խոսքն ինչի մասին է, և տեսավ երկու ժողովուրդների ներկայացուցիչների, ովքեր փոխանակվում էին բավականին զգացմունքային հայտարարություններով, որոնք քիչ էին հիշեցնում խոսակցություն, կարևոր չէ, թե դա խոսակցություն է դրակա՞ն, այսինքն՝ կարգավորման, թե՞ պարզապես միմյանց դիրքորոշումները հասկանալու ուղղությամբ:

– Ձեր կարծիքով՝ ղեկավարները պատրաստված չէի՞ն նման խոսակցության, քանի որ, եթե չեմ սխալվում, նման դեբատի մասին հայտնի դարձավ միայն մի քանի ժամ առաջ:

– Ես այդ մասին տեղեկատվություն շատ ավելի վաղ ունեի: Մյունխենյան կոնֆերանսը, որպես կանոն, նախապատրաստվում է որոշակի ժամանակահատվածում, իսկ օրակարգը, դեբատների ժամանակացույցը նրանք հրապարակում են կոնֆերանսից մեկ-երկու օր առաջ, և գուցե այդ պատճառով է Ձեզ մոտ նման տպավորություն: Այսինքն՝ փորձեր՝ կազմակերպել նմանատիպ հանրային միջոցառում Մյունխենի համաժողովի ընթացքում, եղել են երկար ժամանակ: Եթե հիշում եք, պարոն Փաշինյանը հանդես եկավ Կապանում մամլո ասուլիսով և հայտարարեց, որ հնարավոր է հանդիպում Ալիևի հետ Մյունխենում: Այսինքն՝ նախապես հասկանալի էր, որ ինչ-որ բան պլանավորվում է:

Ինչ վերաբերում է պատրաստվածությանը, ապա ես այդ առնչությամբ հարցեր ունեմ: Ինձ թվում է՝ դա ոչ այնքան ղեկավարների խնդիրն է, որքան, ընդհանուր առմամբ, այս տարածաշրջանի և աշխարհի: Շատ հաճախ, երբ Հայաստանի, Ադրբեջանի և, պատահում է, նաև Վրաստանի ղեկավարներն արտերկրում որոշակի հայտարարություններ են անում, որոնք նրանց զգացմունքային ռազմավարության մի բաղադրիչն են, հաճախ հղում են կատարում փաստարկների, որոնք այդքան էլ հասկանալի չեն դրսի լսարանի համար: Երբ դուք հղում եք անում ինչ-որ պատմական փաստերի՝ առանց հաշվի առնելու ընդհանուր թեման, լսարանը, առանց բացատրելու սեփական դիրքորոշումը մի լեզվով, որը հասկանալի կլինի դիվանագետների և պաշտոնական դեմքերի համար արտերկրում, ապա այդ բոլոր փորձերն անհաջող են ստացվում:

Կարծում եմ՝ հայկական կողմն ավելի քան լուրջ փաստարկներ ունի սեփական դիրքորոշումները ներկայացնելու համար Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, Ղարաբաղը ևս բավականին շատ փաստարկներ ունի և, փաստորեն, եթե պարոն Փաշինյանը խնդիր ունենար բացատրել՝ ինչում է կայանում այս հակամարտության էությունը, ինչու է այն սկսվել, ինչու անհրաժեշտություն առաջացավ հայտարարել անկախության մասին, ինչու եղավ պատերազմ, ինչու է այս առճակատումը շարունակվում մինչ օրս, ինչու է ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջնահերթ, և ոչ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ճիշտ կլիներ, քանի որ այս բոլոր հարցերը, ըստ իս, չափազանց կարևոր են:

Ներկայումս, իմ աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, հաճախ եմ շփվում օտարերկրյա դիվանագետների հետ, այդ թվում՝ ԼՂ հակամարտության թեմայի հարցով, կարող եմ ձեզ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում ավելի ու ավելի բարդ է բացատրել, թե որոնք են հայկական դիրքորոշման փաստարկները, ինչու այս հարցում Հայաստանի և Ղարաբաղի համար առաջնահերթ և կենսական է ինքնորոշման իրավունքի իրացումը, և դա ոչ այնքան հայկական դիվանագիտության խնդիրն է, որքան կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում աշխարհում՝ Իսպանիայում կա որոշակի շարժում, Ուկրաինայի հետ կապված լուրջ խնդիրներ կան, Վրաստանի հետ՝ ևս, ուստի աշխարհում այսօր աշխատող դիվանագիտությունը հակված է առաջատար համարել տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս կարծիքը ժամանակի ընթացքում է՛լ ավելի է ամրապնդվում:

Ուստի նման իրավիճակում հայկական դիվանագիտությանը բարդ է, քանի որ նա բախվում է ավելի շատ մարտահրավերների այս բացատրական աշխատանքի ընթացքում, բացի դրանից, ստիպված է լինում բացատրել և հիմնավորել, թե ինչու պետք է Ստեփանակերտն անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին: Սրանք ֆունդամենտալ կարևորություն ունեցող հարցեր են: Բացատրել դրանք փաստարկներով, որ մենք ավելի հին ենք, կամ հղումներով պատմական փաստերի, որոնք քիչ հասկանալի են արտասահմանյան դիվանագետի և լսարանի համար, չի օգնում գործին: Իմ գրառումն այդ մասին էր:

Եթե ցանկանում ես պնդել քո դիրքորոշումը, եթե ցանկանում ես բացատրել այն, ապա Մյունխենյան կոնֆերանսն ամենայն հավանականությամբ ամենակարևոր միջազգային ֆորումն է հենց նմանատիպ նպատակի իրագործման համար: Հետևաբար՝ տխուր է, երբ բախվում ես մի խոսակցության, թե ով է ավելի հին, կամ երբ, ինչ հարցազրույց է տրվել: Այնինչ պետք էր խոսել այնպես, որպեսզի արտասահմանյան լսարանը հասկանար խոսքը, և դա մտածելու տեղիք տար, գուցե չընդուներ այդ դիրքորոշումը, բայց կկարողանար հասկանալ, որ իմաստ կա այն ամենում, ինչ պնդում է հայկական կողմը: Այն, ինչ տեղի ունեցավ Մյունխենում, հայկական կողմի համար միանշանակորեն կորսված հնարավորություն էր, քանի որ այնտեղ հիանալի կերպով կարելի էր այդ ձևաչափի շրջանակում բացատրել, թե ինչում է Ադրբեջանին ուղղված գլխավոր պահանջը, և ինչպես է պետք առաջ շարժվել:

– Ձեր գնահատմամբ՝ հայկական կողմից հստակ դիրքորոշում չհնչե՞ց այդ դեբատի ընթացքում:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես երկու «աշխարհների» միջև եմ գտնվում՝ հայկական, որը հայալեզու է, և միջազգային՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ապա կարող եմ ասել, որ մարդու համար, որ նստած է հայկական քաղաքներից կամ գյուղերից մեկում, այն, ինչ ասում է պարոն Փաշինյանը, ունեցել է 100 տոկոս լեգիտիմություն, եղել է հասկանալի, ընդունելի, իսկ մարդկանց մոտ, ովքեր նստում են Բրյուսելում, Վաշինգտոնում, Լոնդոնում, շատ լուրջ հարցեր են ծագել, և ավելի շատ են կասկածներն այն բանի շուրջ, թե ինչ է տեղի ունենում այս հակամարտության շուրջ, ինչ է ընդհանրապես հնարավոր անել, ինչից են խոսում այդ մարդիկ:

– Խոսեցինք դիրքորոշման մասին, շատ է քննարկվում դեբատի վերջին հատվածը, որի ընթացքում ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրողը հարց ուղղեց ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների վերաբերյալ, որին ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահը նշեց, որ դրանք ընդունելի են ադրբեջանական կողմի համար, խոսեց Արցախի կարգավիճակից, որը կարող է լուծվել ամենավերջին փուլում: Հարկ չկա՞ր, որպեսզի հայկական կողմն այդ շատ քննարկվող թեմայի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտներ:

– Ինձ թվում է՝ այդ հարցը չկա օրակարգում, և դա բավականին ուշացած թեմա է: Այն հարցը, որը տվեց «Կոմերսանտի» լրագրողուհին, կարելի էր ուղղել 3-4 տարի առաջ, այսինքն՝ նա խոսում էր «Լավրովի պլանի» մասին, որն այն ժամանակ ակտուալ էր: Ներկայումս այն չկա բանակցային սեղանին, ուստի սկզբունքորեն խոսել այն մասին, որ ինչ-որ կողմի կարող է դուր գալ այդ քայլ առ քայլ մոտեցումը կամ կարգավիճակի հարցի լուծումը հետագայում, տեղին չէ, իմաստ չունի: Հասկանալի է, որ այն ոչ միայն՝ ակտուալ չէ, այլև՝ չի դիտարկվում:

– Իսկ ի՞նչ հարցեր կան այսօր օրակարգում, ի՞նչ հարցեր են քննարկվում փակ դռների ետևում:

– Գլխավոր քննարկումն այն է, թե ինչպես գտնել ելք այն փակուղուց, որը ստեղծվել է վերջին 10 տարվա ընթացքում: Կազանից հետո փաստորեն լուրջ քննարկումներ տեղի չեն ունենում, և ներկայումս՝ ինչպես միջնորդների, այնպես էլ՝ կողմերի ամենաբարդ խնդիրն այն է, որպեսզի գտնեն մի բանաձև, որի շրջանակում կկարողանան երկխոսել: Այն, որ Ժնևում նախարարները երկու օր հանդիպեցին, չափազանց դրական քայլ է, կարծում եմ, որ դա շատ կարևոր է, հասկանալի է, որ մարդիկ լուրջ են տրամադրված այն հարցում, որպեսզի հասկանան՝ ինչպես շարժվել առաջ: Դեռ խոսակցություններն այն մասին են, թե ինչպես դուրս գալ փակուղուց:

– Ըստ Ձեզ՝ սկզբունքային, բովանդակային նշանակություն ունեցող հարցեր չե՞ն քննարկվում:

– Պատերազմից հետո արդեն ավելի քան 25 տարի կողմերը քննարկում են գրեթե նույն հարցերը՝ ԼՂ կարգավիճակի, Ղարաբաղի շուրջ 5 ամբողջական ու 2 ոչ ամբողջական շրջանների, անվտանգության հարցեր, ինչպես հակամարտության գոտում ապահովել անվտանգություն: 1990-ական թթ. սկսած սրանք են այն բոլոր հարցերը, որոնք կողմերը քննարկում են պարզապես տարբեր վարիացիաներով, տարբեր առաջարկներով, խաղարկվել են տարբեր պլաններում, և հասկանալի է, որ ով էլ, ինչ էլ մտածի, ստիպված է լինելու պտտվել այս երեք հարցերի շուրջ:

– Այսինքն՝ լրջորեն հեռանալ նաև Մադրիդյան սկզբունքներից չենք կարող:

– Մադրիդյան սկզբունքները, պլանները, որոնք առաջարկվել են 1990-ական թթ., նույնիսկ «Լավրովի պլանը», բոլորը խաղարկում են վերոնշյալ երեք թեման, և հասկանալի է, որ Մադրիդյան սկզբունքները դրանք ներկայացնում են ընդհանուր գծերով: Երեք սկզբունքները, որոնք իսկապես Մադրիդյան սկզբունքներն են՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և անվտանգություն, դրանք ամրագրված են նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում, այսինքն՝ սրանք այնքան համապարփակ են, որ այնտեղ կարելի է ներդնել հնարավոր ցանկացած բան: Ժամանակն անցնում է, շատ բան է փոխվում, և անհրաժեշտություն է առաջանում փնտրել նոր լուծումներ: Ամենավերջին առաջարկը հենց «Լավրովի պլանն» էր, որը հայկական կողմն արդարացիորեն մերժեց, քանի որ հաշվի չէր առնում ԼՂ կարգավիճակի հարցի հստակեցումը: Դրանից հետո որևէ այլ ծրագիր չի եղել, իհարկե, կարիք կա ինչ-որ բան մշակել:

Շատ ավելի լավ կլիներ, որ հենց Հայաստանն ու Ադրբեջանը կարողանային մշակել տեսլական՝ ինչպես առաջ ընթանալ, չսպասելով, որ կհայտնվի դրսից մեկն ու կառաջարկի ինչ-որ փաթեթ: Տեսնում ենք, որ փորձում են այդ ուղղությամբ շարժվել, շատ են խնդիրները, քանի որ Բաքվում վատ են հասկանում, թե ինչ են ցանկանում Երևանում ու Ստեփանակերտում, իսկ Երևանում և Ստեփանակերտում ևս բարդ են հասկանում, թե ինչ են ցանկանում Բաքվում:

Բացի դրանից, շատ բարդ է նաև աշխարհաքաղաքական իրադրությունը, և կա խաղաղապահ առաքելության հարց՝ ռուսական կամ միջազգային, սա բարդ հարց է: Պետք է առաջ ընթանալ, փորձում են լուծումներ գտնել, ամենալուրջ մարտահրավերն այս պահին այն է, որ կա արագ լուծումներ գտնելու ցանկություն: Ես հասկանում եմ, որ դա հնարավոր չէ, արագ քայլերն անհնար են, պետք է երկար աշխատել, գտնել դետալային որոշումներ հետևողականորեն:

Ինձ թվում է, որ կա ընկալում երկու կողմից, դա շատ լավ է: Միևնույն ժամանակ՝ հարկավոր է, որպեսզի այդ ընթացքում շփման գծում լինի կայունություն: Բարեբախտաբար, ներկայումս մեծ ուշադրություն է հատկացվում այդ հարցին միջնորդների և միջազգային հանրության կողմից: Պետք է կայունություն լինի, որպեսզի հնարավոր լինի գտնել այդ բարդ դետալային որոշումները, որոնք չեն կարող լինել այսօր, հաջորդ շաբաթ կամ շատ մոտ ապագայում:

Տեսանյութեր

Լրահոս