
Վանեցյանին նախկին ՕԵԿ-ականներ են միացել. ինչ պլաններ ունեն. «Ժողովուրդ»

Թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախընտրական ցուցակում ներառել նախկին ՕԵԿ-ականների, որոնք նաեւ պատգամավորներ են եղել, փորձեցինք ճշտել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանից:
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բազմիցս հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կարծում ենք՝ հանրության համար որոշակի չափով տեսանելի են նաեւ կուսակցության կազմակերպական աշխատանքների իրականացումը եւ կուսակցական կառույցների աշխարհագրության ընդլայնումը։
Այս գործընթացում «Հայրենիք» կուսակցությանն են անդամագրվում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, մի շարք քաղաքացիներ էլ, հայտնելով իրենց աջակցությունը, պատրաստակամություն են հայտնում ներգրավվելու կուսակցական-քարոզչական աշխատանքներին։
Վերը նշվածով՝ Ձեր կողմից բարձրացված հարցին անդրադարձանք առավել ընդհանրական եղանակով: Այնուամենայնիվ, Ձեր հարցին առավել որոշակիությամբ պատասխանել չենք կարող, քանի որ «Հայրենիք» կուսակցությունում այս պահի դրությամբ նախընտրական որեւէ ցուցակի եւ դրանցում անձանց ներգրավվածության հարցեր չեն քննարկվում։
Առհասարակ, նախընտրական ցուցակը կազմվելու է որոշակի չափանիշների հիման վրա, որոնցից կլինի նաեւ կոնկրետ անձի կատարած աշխատանքը, ջանքերի ներդրումը կուսակցության նպատակների իրագործման հարցերում։ Հետեւաբար, այս պահին կուսակցության քաղաքական գծի վերաբերյալ աջակցության խոսքեր հայտնելը, միջոցառումներին ներկա գտնվելը, կուսակցությանն անդամագրվելը ինքնին խիստ անբավարար քայլեր են «Հայրենիք»-ի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնելու համար», – նշեց Հակոբյանը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։