Բաժիններ՝

«Հատուկ երեխաների հետ աշխատանքը միայն կարեկցանքի կամ բարեգործության մասին չէ». Տաթևիկ Ադամյան

«Իմ մասնագիտական և կամավորական ուղին տարել է ինձ դեպի հատուկ կարիքներով երեխաների աջակցման ոլորտ, որտեղ զգում եմ ինձ մասնագիտորեն լիարժեք։ Այս աշխատանքը միայն կարեկցանքի կամ բարեգործության մասին չէ, այն պահանջում է խորը մասնագիտական պատրաստվածություն, մշտական զարգացում և նվիրվածություն»,- ասում է 36-ամյա Տաթևիկ Ադամյանը։

Տաթևիկը անգլերենի ուսուցչուհի է և դասավանդում է Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցում։ Աշխատանքային տարիների ընթացքում նա հաճախ է հանդիպել զարգացման խնդիրներ ունեցող երեխաների և հասկացել, որ նրանք կարիք ունեն հատուկ կրթական պայմանների ու մեթոդաբանության։ Ուստի որոշել է կամավոր ներգրավվել այն կազմակերպություններում, որոնք աջակցում են հատուկ երեխաներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս։ Դրանց շարքում են՝ «Աուտիզմ իմ ուղին Անի» բարեգործական հիմնադրամը, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, «Երբ բոլորը հավասար են» ՀԿ-ն և այլն։ Այդ ընթացքում ներգրավվել է հարյուրավոր երեխաների զարգացման գործընթացում՝ կենտրոնանալով հաղորդակցման, սոցիալական հմտությունների և ինքնուրույնության վրա։

«Թեև նրանք սովորում են ներառական դպրոցներում, այնուամենայնիվ, անհրաժեշտ են հատուկ կրթական ծրագրեր, ուսուցման մեթոդներ, կենսագործունեության հարմարավետ միջավայր, մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական ծրագրերի յուրացումը դժվար կամ անհնարին է»,- նշում է Տաթևիկը։

Նա չափազանց կարևոր է համարում այս ոլորտում կամավորական աշխատանքը։

«2014 թվականից ներգրավված եմ բազմաթիվ մասնագիտական և կամավորական ծրագրերում։ Մասնագիտական աճին շատ օգնում են վերապատրաստումները, ինչպես՝ IELTS միջազգային վկայականը (2022թ.), Քեմբրիջի վկայականը (2024թ.) և դպրոցում ուսուցման փորձը, որտեղ անընդհատ սովորում և զարգանում ես։ Իսկ կամավորական աշխատանքները ինձ դարձնում են ավելի խաղաղ, ավելի լիարժեք»,- ընդգծում է Տաթևիկը։

Հատուկ երեխաների հետ կամավոր աշխատելու համար նա ինքնակրթվել է, մասնակցել բազմաթիվ սեմինարների ու վեբինարների Հայաստանում և արտերկրում։ Նրանցից են՝ «Աուտիզմի ըմբռնումը աշխատավայրում», «Աուտիզմով մարդկանց համար ներառական հասարակության կառուցում», «Համաշխարհային կրթության տոնավաճառ» և այլն.

«Նրա մշակած ծրագրի և մեթոդաբանության արդյունքում 70%-ով բարձրացել է երեխաների մասնակցությունը խմբային զբաղվածություններին, և մի քանի ծնողներ հայտնել են, որ երեխաներն ավելի ինքնավստահ են դարձել առօրյա կյանքում։ Բացի այդ, իմ մեթոդները կիրառվել են նաև այլ կենտրոններում՝ ընդլայնելով դրանց ազդեցությունը»։

2024 թվականի սկզբին Տաթևիկը կամավորական փորձառություն է ունեցել «Աուտիզմ» ազգային հիմնադրամում, որտեղ ծագել է նոր մեթոդաբանություն մշակելու գաղափարը հատուկ կարիքներով երեխաներին անգլերեն սովորեցնելու նպատակով։ Նա հետաքրքրվել է երաժշտական և ջրային թերապիաներով և սկսել է մտածել, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել անգլերենի ուսուցման ընթացքում։

2025 թվականին ԱՄՆ-ում կատարած այցի ընթացքում Տաթևիկն ուսումնասիրել է հատուկ երեխաների կրթության մշակույթը, համեմատել հայկական ու ամերիկյան մեթոդաբանությունները և ծանոթացել կիրառական վարքագծի վերլուծության (ABA) մեթոդին։ Այս փորձառությունն օգնել է նրան նոր մոտեցումներ ներդնել նաև Հայաստանում։

Հայաստանում նա համագործակցում է հատուկ մանկավարժ-հոգեբան Սիրարփի Բեգլարյանի հետ՝ զարգացնելով նոր մեթոդներ, այդ թվում՝ վարքային թերապիայի կիրառումը։

«Հատուկ կարիքներով երեխաները շարունակում են ինձ հիացնել, և ես պատրաստ եմ նրանց ապահովել ջերմ, սիրող միջավայր՝ փորձելով բարելավել նրանց կյանքի որակը»,- ասում է Տաթևիկը։

Ներկայում նա գրում է անգլերենով զարգացնող գրքեր, որոնցից առաջինը՝ «Պատկերազարդ զարգացնող խաղեր» ձեռնարկը, մեծ պահանջարկ ունի մանկավարժների, հոգեբանների և լոգոպեդների շրջանում, որոնք աշխատում են օտար լեզվով հաղորդակցվող երեխաների հետ։

Տաթևիկը նշում է, որ Հայաստանը դեռ մեծ ներուժ ունի հատուկ կարիքներով երեխաների կրթության ոլորտում։

«Մեզ մոտ պետական հաստատություններ կան, բայց տեղերը սահմանափակ են։ Շատ կարևոր է, որ պետությունը ունենա բավարար տեղեր և որակյալ մեթոդներ, որպեսզի ծնողները ստիպված չլինեն դիմել մասնավոր ու վճարովի հաստատությունների։ Միջազգային փորձը յուրացնելու և մեր մշակույթին հարմարեցնելու գործում դեռ շատ անելիք ունենք։ Ես դա նախընտրում եմ անել կամավորական հիմունքներով՝ օգտագործելով իմ ողջ ներուժն ու սերը»,- ընդգծում է նա։

Տաթևիկ Ադամյանի աշխատանքը չի սահմանափակվում դասավանդմամբ։

Նրա գիտելիքն ու գործնական աշխատանանքերը միտված են կրթական համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն։ Նրա նման մասնագետների փորձը կարևոր է ներառական կրթական ծրագրերի ու կրթության ռազմավարության զարգացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս