«Սերժի շոֆերն էսքան է արել, էսքանը վերադարձրեց, սա կոռուպցիայի դեմ պայքար չի, սա խայտառակություն է, աչք կոծկել». Բագրատ Ասատրյան
Կապիտալն իրեն պետք է ազատ զգա, և երբեք չպետք է սահմանափակում լինի շարժի մասով: Այդ իմաստով մեր օրենսդրությունը լավն է: Լրագրողների հետ հանդիպմանը կապիտալի արտահոսքի վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Մեր օրենքներն ասում են՝ լիբերալ համակարգ է. եթե վաստակել ես փող, և այն օրինական է, ինչ ուզում ես արա՝ բարձիդ տակ կամ Ճապոնիայում պահի: Կարևորն այդ ազատությունն է, այստեղ ոչ մի բան չպետք է անել»,- նշեց նա:
Մեր հաջորդ հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարը, Բագրատ Ասատրյանը շեշտեց՝ դեռ առաջին էջն ենք բացել և ոչ լավ: «Կոռուպցիան եղել է համակարգ, նախկինների մասին բաց ասել եմ՝ դա բանդա է՝ սկսած ընտրություններից: Հանցագործություն էին անում, որի կարևորագույն տարրը կոռուպցիայի ամենազգալի հատվածն էր՝ քաղաքական կոռուպցիա: Ինձ երբեք ոչ մեկը չի առաջարկել փող, բայց համատարած առաջարկում էին: Կոռուպցիայի ամենամեծ դրսևորումը սա է եղել: Կներեք, քանի՞ բացահայտում է եղել այդ ուղղությամբ: Ես կարող եմ ասել՝ 0 կամ 0-ին մոտ թվեր: Այսինքն՝ համակարգային մոտեցում է պետք: Կոռուպցիան միայն նա չի, որ ինչ-որ պաշտոնյա կամ, ասենք՝ Սերժի շոֆերն էսքան է արել, էսքանը վերադարձրեց, սա խայտառակություն է: Սա կոռուպցիայի դեմ պայքար չի, սա աչքեր կոծկել է. շատ գողացի, քիչ վերադարձրու»,- ասաց Ասատրյանը:
Այս համատեքստում ԿԲ նախկին ղեկավարն ակնարկեց՝ կենտրոնացել ենք ֆինանսական կողմի վրա, մինչդեռ մինչև հիմա գործում է ծանոթ-բարեկամ սկզբունքը:
«Ես համալսարանի դասախոս եմ, եկեք և տեսեք, թե ինչ մթնոլորտ է այնտեղ. չսովորելը կանոն է: Դասախոսի բարեկամին բարձր չնշանակեցիր՝ դա հանցագործություն է»,- վստահեցրեց տնտեսագետը:
ԿԲ նախկին ղեկավարի կարծիքը փորձեցինք պարզել նաև պարգևատրումների վերաբերյալ, ինչին նա արձագանքեց՝ պետական ծառայողը պետք է բարձր վարձատրվի. քիչ ստացող պետական ծառայողը չարիք է հասարակության, պետության համար.
«Այլ հարց է՝ պարգևավճարների դեպքում չպետք է այդ ազատությունը լինի, բյուջեն պիտի որոշիչ լինի, իսկ բյուջեն դա մերն է, այն է, ինչ հասարակությունն է ձևավորում: Բյուջեի մակարդակով, խորհրդարանի միջոցով պիտի բարձր վարձատրությունները երաշխավորված լինեն: Բերեք երաշխավորված աշխատավարձերի համակարգ: Մի համակարգ, որ սոցիալական երաշխիքները թափանցիկ լինեն պետական ծառայողի համար»:
168.am-ի խնդրանքով՝ Բագրատ Ասատրյանն անդրադարձավ նաև իշխանական պնդումներին, թե ՍԴ-ն, դրա գործող կազմը խոչընդոտում են ՀՀ-ի զարգացմանը, նա պնդեց՝ համաչափ զարգացմանը խոչընդոտող երևույթ է:
«ՍԴ-ն ավելի շատ քսղաքական գործոն դարձավ, տնտեսական կյանքի վրա շատ չնչին ազդեցություն ունի, գործոն էլ չի: Փոփոխություն պիտի լինի, ես կողմնակից էի, որ արդյունավետ և ամենաանցավ փոփոխության ճանապարհով գնայինք, բայց կարծես թե այդ ճանապարհները փակվել էին»,- ընդգծեց նա:
Մեր հակադարձմանը, որ ՍԴ փոփոխությունների հանրաքվեն, ըստ էության, քաղաքական որոշման արդյունք է, ոչ թե՝ իրավական, Բագրատ Ասատրյանը համաձայնեց. «Այստեղ չեմ էլ վիճելու, կհամաձայնեմ: Բայց ոնց որ այդ կրակն ընկել ենք, դուրս ենք գալիս, դա էլ միշտ չի, որ արդյունավետ եղանակներով է: Դժվար է, հեշտ չի, ցավոք, վատ ժառանգություն ենք ստացել: Ես դեռ չեմ խոսում ՍԴ-ի մասին, ունենք շատ ծանր Սահմանադրություն, որն ունի բազմաթիվ խոռոչներ»:
Բագրատ Ասատրյանը միաժամանակ այն կարծիքին է, որ սահմանադրական փոփոխություններ քիչ պիտի արվեն, այլապես արժեզրկվում է Մայր օրենքը:
Ըստ նրա՝ ամենաորակյալը 1995-ի Սահմանադրությունն էր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում