Բաժիններ՝

«Այս օրենքում առաջին անգամ առանձին նշված են վարչապետի իրավասությունները». Համլետ Մաթևոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ընթանում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումը։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր-ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի խոսքով՝ եթե նախորդ օրենքում միայն կանխարգելման և արագ արձագանքման հատվածն էր, ապա օրենքի այս նոր նախագծում կան երեք հիմնական ուղղություններ՝ աղետների ռիսկերի նվազեցում, ծագած իրավիճակում արագ արձագանքում և վերականգնում, ինչպես նաև հետագայում վերականգնողական աշխատանքների կատարում:

«Կարևոր է նաև այն, որ, եթե նախորդ օրենքում մենք ունեինք տարբեր կառավարման մարմիններ, որոնք  գտվում էին մեկ վերնագրի տակ, և շատ դժվար էր տարբերել կանխարգելման և օպերատիվ գործողությունները, ապա այս նախագծում դրանք բաժանված են, և ներկայացվում է, թե այս կամ այն մարմինն ինչ իրավասություններ ունի: Կա կարևոր կետ նաև արտակարգ իրավիճակում արտակարգ ռեժիմ հայտարարելու մասին, մենք տեսնում ենք, որ ժամանակի պահանջը խոսում է դրա անհրաժեշտության մասին: Օրինակ՝ այսօր Չինաստանում, կորոնավիրուսի պատճառով, տեսնում ենք, թե ինչպես են դեպի քաղաքներ մուտքերը փակվում, հայտարարվում արտակարգ իրավիճակ և սահմանափակվում բնակչության գործողությունները»,- շեշտեց Համլետ Մաթևոսյանը:

Նրա խոսքով՝ նախկին օրենքում չի եղել արտակարգ իրավիճակի վերաբերյալ հայտարարելու մասին որևէ տող կամ միտք, եղել է միայն աղետի գոտի հայտարարելու մասին, ինչն էլ հետաղետային գործընթաց է եղել:

«Այս օրենքում առաջին անգամ առանձին նշված են վարչապետի իրավասությունները, որտեղ գրված է,  որ ուժային կառույցները կարող են միանալ ԱԻՆ աշխատակիցներին և օգնել նրան վարչապետի որոշմամբ»,- նշեց նա:

Ըստ Համլետ Մաթևոսյանի՝ օրենքի նախագիծն արդեն շրջանառվել է համապատասխան կառույցներում, եղել են փոփոխությունների հետ կապված առաջարկներ, և դրանք ընդունվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս