
Հայաստանում պետք է ստեղծվեն ադրբեջանագիտական կենտրոններ, որպեսզի տեղեկություններ մշակեն և ներկայացնեն երկրի ղեկավարությանը. Գրիգորի Այվազյան

«Մեկ մարդը պարտավոր չէ բոլոր ոլորտներում գիտակ լինել, սակայն պետք է լինեն այնպիսի կենտրոններ, որոնք համապատասխան ոլորտներից համապատասխան տեղեկատվություն մատչելի ձևով կներկայացնեն, որպեսզի ցանկացած նման հանդիպմանը պատրաստ գնանք, և չստացվի այնպես, որ կողքին նստածը կարող է ինչ-որ հեքիաթներ պատմել,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը՝ հավելելով,- Հայաստանում պետք է ստեղծվեն մասնագիտական ադրբեջանագիտական կենտրոններ, որտեղ համապատասխան տեղեկություններ կմշակեն և կներկայացնեն մեր երկրի ղեկավարությանը»:
Մյունխենում փետրվարի 15-ին կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ հարց հնչեց, թե պատրաստվո՞ւմ են արդյոք կողմերը դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, որին Ալիևը պատասխանեց, թե իրենք չեն կորցնում հույսը, որ «կկարողանան վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանի նոր մոտեցման արդյունքում բանակցությունները լիովին տապալվեն, գուցե մենք դիտարկենք նաև այդ տարբերակը»: Այս առնչությամբ Գրիգորի Այվազյանը նկատեց.
«Այո՛, կարծում եմ՝ կարելի է դիմել այս դատարան, որպեսզի լուծվի հարցը: Իհարկե, Ադրբեջանը չի դիմելու միջազգային դատարան, որովհետև նրանց իրավական և քաղաքական փաթեթն այս պարագայում թերի է, ես դեռ չեմ խոսում պատմականի մասին: Որևէ հավակնություն իրավունք չունեն ներկայացնել Արցախի նկատմամբ: Ավելին՝ ցանկացած խոսակցություն՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի և այլնի վերաբերյալ, փլուզվում է՝ հենց հիշատակում ես, որ իրենց երկրի մայրաքաղաքում ավելի քան 250.000 հայ էր ապրում, Արցախից դուրս՝ ավելի քան կես միլիոն հայ: Ո՞ւր են քո խաղաղ քաղաքացիները հիմա: Որտե՞ղ են, ինչպե՞ս ես սա հիմնավորում: Սեփական քաղաքացիների ցեղասպանության համար ի՞նչ պատճառաբանություն կարող է լինել: Հիմա Ադրբեջանը հո չի՞ դիմելու դատարան՝ ասելով, որ արել է ցեղասպանություն և նորից է պատրաստվում անել»: