«Միանգամից Ալիևի դեմքին պետք է ասվեր, որ Ադրբեջան պետությունն ընդամենը 1918 թվականին է ստեղծվել». Գրիգորի Այվազյան

Մյունխենում փետրվարի 15-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը:

Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։

«Այնքան էլ զարմանալի չէր, որ Ադրբեջանի դիկտատորը լկտիաբար ու քմծիծաղով նայում էր իրենց շուրջ կատարվածին ու փորձում էր պատմության էժանագին դասեր տալ հավաքվածներին՝ ինչ-որ հեքիաթներ պատմելով ինքնորոշման մասին, բարբաջելով 19-րդ դարում Երևանում 70 տոկոս կազմող ինչ-որ ադրբեջանցիների մասին, այն պարագայում, երբ միանգամից դեմքին պետք է ասվեր, որ Ադրբեջան պետությունն ընդամենը 1918 թվականին է ստեղծվել՝ Անդրկովկաս թուրքական բանակների ներխուժման պարագայում, իսկ ադրբեջանցի ազգ ընդհանրապես գոյություն չունի, 1936 թվականին են այս տերմինը լայն շրջանառության մեջ դրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ այս աննախադեպ հանդիպումը, որը տեղի ունեցավ ուղիղ եթերում, ցույց տվեց, թե երկու կողմերի դիրքորոշումներն ինչքան տարբեր են իրարից, անգամ որևէ համաձայնության նշույլ չկա:

«Կշտապեմ հիասթափեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ կարելի է միկրոհեղափոխություններով, մակրոհեղափոխություններով Ադրբեջանի հետ ինչ-որ հայտարարի գալ: Հանդիպումից երևաց, որ անգամ փոքրիկ շանս չկա խաղաղ ձևով հարցը լուծելու համար: Իհարկե, հայկական կողմը ջանաց և այդ հանդիպման ժամանակ փորձեց առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի կառուցողական կողմ երևա, բայց ինչպես ասում են՝ տանգոն պարում են երկուսով: Ադրբեջանը պատրաստ չէ որևէ փոխզիջման, ուղղակի հայտարարում են, թե որ ճանապարհն է իրենց համար ընդունելի՝ անընդհատ խոսելով ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ, սակայն, չգիտես ինչու՝ Ալիևը մոռանում է, որ ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականներից, որ ասում են՝ 1 մլն, առնվազն կես միլիոնը ադրբեջանահայ փախստականներն են»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարն ասաց՝ ակնկալում են, որ Հայաստանը, վերջիվերջո, ադրբեջանահայության նկատմամբ և Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ պետական հայեցակարգ կմշակի:

«Ադրբեջանահայերի հիմնախնդիրը պետք է առաջ քաշել բանակցությունների ժամանակ: Մենք չենք կարող հասարակական մակարդակով ադրբեջանական պետական մեքենային արժանապատիվ հակազդել: Պետք է նրանց հետ խոսել իրենց լեզվով, պատրաստ լինել վատթարագույն սցենարի: Այստեղ մինի կամ մակրոհեղափոխություն չի լինելու, այստեղ կլինի մեծ պատերազմ: Այդ հեղափոխությունը պետք է փորձենք որդեգրել մեր արտաքին քաղաքականության ոլորտում, նախաձեռնողականությունը վերցնել մեր ձեռքը, կանխարգելիչ հարվածներ հասցնել»,- հավելեց Գրիգորի Այվազյանը:

Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահի երազանքին, երբ Ղարաբաղն ու Երևանը ադրբեջանական տարածքներ համարեց, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակադարձմանը, երբ ասաց, որ Ադրբեջանն անգամ քարտեզի վրա չկար, երբ Տիգրան Մեծը Պոմպեոսի հետ էր բանակցում։

«Տիգրան Մեծի, Կրասոսի մասին էլ կարող ենք պատմել: Կարող ենք ասել, որ այս տարածաշրջանում միայն հայերն ու վրացիներն էին ապրում, իսկ հարևանությամբ հզորագույն պարսկական պետական միավորումներն էին: Բա պարսիկները չե՞ն վիրավորվի՝ ասելով, թե բա մենք ո՞ւր էինք այդ ժամանակահատվածում: Մենք պետք է պատմության շատ խորքերը չգնանք՝ հատկապես որ, փաստացիորեն գործ ունենք մի պետության հետ, որը 1918 թվականին է ստեղծվել, ու խփենք հենց նշանակետին: Ալիևը լկտիաբար ասում է՝ փախստականները պետք է վերադառնան հակամարտության գոտի. չհասկացանք, բա ձեր մայրաքաղաք չե՞ք ուզում վերադարձնել փախստականներին ու նրանց անվտանգությունն ապահովել»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս