Եթե «Ոչ»-ի շտաբ չձևավորվի, ապա անհանգստանալու բան չկա. Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շենքում «Իմ քայլը» խմբակցության շուրջ երկու ժամ տևողությամբ անցկացվող նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, լրագրողները ֆիքսել էին, որ Իմ քայլը» խմբակցության նիստն ընթանում էր խիստ հսկողության ներքո։
Նիստի ավարտից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների միայն մեկ հարցին՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել հանրաքվե 2020-ի «ԱՅՈ»-ի քարոզարշավին. Նա ասաց, որ մասնակցելու է: Իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ է արձակուրդ վերցնել այդ նպատակի համար, վարչապետն առանց պատասխանելու՝ հեռացավ։
Լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը նախ՝ տեղեկացրեց, որ սա խմբակցության հերթական հանդիպումն էր վարչապետի հետ։
«Հարցեր հնչել են՝ կապված հանրաքվեի հետ, քննարկումը, կարելի է ասել, մեծ մասամբ նվիրված էր խմբակցությանն առնչվող հարցերին, շատ հարցեր են հնչել Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպման մասին։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կունենանք կա՛մ մամուլի ասուլիս, կա՛մ հայտարարություն, որտեղ կխոսվի և կասվի բոլոր մանրամասները՝ կապված հանրաքվեի մեր աշխատանքների հետ, հիմա ես զերծ կմնամ ինչ-որ բան ասելուց»,- փոխանցեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ կձևավորվի «Ոչ»-ի շտաբ, բայց եթե չձևավորվի, ապա անհանգստանալու որևէ բան չկա, քանի որ շատ հետաքրքիր, քաղաքականապես բուռն և շատ հաճելի ժամանակահատված է սպասվում, որտեղ իրենք կզրուցեն քաղաքացիների հետ։
Նա շեշտեց, որ դեռևս չի քննարկվել, թե ինչ ձևաչափով է անցկացվելու քարոզարշավը, մեկ բան պարզ է, որ վարչապետը մասնակցելու է: «Նա սիրում է մարդկանց հետ շփվել, ժողովուրդն էլ սիրում է իր վարչապետին։ Չեմ կարող ասել՝ վարչապետն արձակուրդ կվերցնի՞, թե՞ ոչ»,-լրագրողների հարցին ի պատասխան՝ հավելեց ԱԺ փոխնախագահը։
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ պարզաբանելով, որ առաջարկվել է ֆորմատ, որտեղ Հայաստանի հարևան երկրի ղեկավարն իրեն վատ է զգացել, քանի որ այնպես չէ, որ նա հայտնի է իր հրապարակային խոսքով։
«Սա այն ձևաչափն էր, որը մեզ համար ամենալավ ձևաչափն է, երբ Ադրբեջանի նախագահը փորձում է իբրև պատմական ակնարկներ անել և ի պատասխան ստանում է այնքան պատմական ակնարկ, որ այդ հաղորդման ձևաչափը կարող է չբավարարել, ուստի քննադատությունները սին և արհեստածին խոսակցություններ են։ Վստահ եմ, որ մինչև այս հանդիպումն այդ քննադատական տեքստերը գրված են եղել»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են պանելային քննարկման՝ Արցախի հարցի վերաբերյալ։
Զվարթ Խաչատրյան