«Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ»
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։
Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, որտեղ միջազգային պրակտիկան նախընտրում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը։
Հայկական կողմը, քաջ գիտակցելով այս վտանգը, Արցախյան հակամարտությունը ներկայացրել է որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում՝ տեղական և միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Իրենց ինքնորոշման համար պայքարող ազգերը ստանում են միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ և օգտվում միջազգային իրավունքով տրված բոլոր իրավունքներից և հնարավորություններից։
Դրանով էր պայմանավորված Արցախի անկախության գործընթացը, պետական ինստիտուտների ձևավորումը, ժողովրդավարական արժեքների և իդեալների ամրագրումը Արցախի Սահմանադրության և պետական իշխանության մարմինների գործունեության մեջ։
Վերջին ժամանակներում հաճախ ենք լսում այնպիսի վտանգավոր արտահայտություններ, ինչպիսիք են «Արցախը Հայաստան է, և վերջ», «Արցախը Հայաստանի մարզ է», «Բակո Սահակյանը Արցախի մարզպետն է» և այլն, իսկ Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու և միջազգային հանրությանը Արցախը որպես Հայաստանի մաս ներկայացնելու քաղաքականություն։
Ցանկանում եմ կարծել, որ նշված արտահայտությունների հեղինակները «մոլորված և անգրագետ» պատրիոտներ են, իսկ իշխանությունների մեջ չկան խելացի և բանիմաց իրավաբաններ, որ Փաշինյանին կհուշեն, որ Հայաստանի կենսական շահերից է բխում Արցախյան հակամարտությունը որպես ազգերի ինքնորոշում ներկայացնելը, ինչ-որ պահի Արցախի անկախությունը ճանաչելը, ապա հետագա ճակատագիրը Արցախի ժողովրդի ուղղակի կամարտահայտման միջոցով որոշելը։
Սա հատկապես կարևոր է Արցախյան հակամարտության միջազգային-իրական հարթության վրա կարգավորելու հեռանկարի գոյությամբ, ինչի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց Մյունխենյան դեբատի ժամանակ։
Չեմ ուզում հավատալ, որ այս ամենն արվում է հատուկ ծրագրի շրջանակներում, իսկ անողները քաջ գիտակցում են իրենց արարքների պետական մակարդակի վտանգավորությունը։
Ցանկացած խոսք, միտք կամ գործողություն, որ կթուլացնի Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը՝ կդիտարկվի որպես Ադրբեջանական շահերի ուղղակի ներկայացուցչություն և պաշտպանություն՝ հետագա բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով։
Եվ միշտ հիշեք. Արցախը երբեք չի եղել և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. ազգերի…
Gepostet von Artur Ghazinyan am Montag, 17. Februar 2020