Վիճակագրական կոմիտեին ծանր փորձություն է սպասվում. կհաջողվի՞ արդարացնել վարչապետի սպասելիքները
Անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել։ Այն հայտնի կդառնա փետրվարի 20-ին։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարի սպասվող տնտեսական աճի նոր և ավելի բարձր ցուցանիշ։
Եթե մինչև վերջերս խոսվում էր անցած տարվա արդյունքներով՝ 7,5, այնուհետև՝ 8 տոկոսին մոտ տնտեսական աճի հավանականության մասին, ապա հիմա դա էլ կարծես վարչապետին չի բավարարում. նա տնտեսական աճի նշաձողը վերստին թարմացրել է և բարձրացրել՝ ընդհուպ մինչև 8,2 տոկոսի։
«Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8,2 տոկոս։ Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որը կհրապարակվի փետրվարին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Թե ովքե՞ր են այդ անկախ փորձագետները, հասկանալի է, չի ասվում։ Չնայած պարզ է, որ ոչ մի անկախ փորձագետ էլ չկա։ Դրանով պարզապես վարչապետը փորձել է փարատել այն կասկածները, որ սպասվող տնտեսական աճի ցուցանիշ հրապարակելով՝ կառավարության ղեկավարն ուղղակի ցուցում է տալիս Վիճակագրական կոմիտեին։ Այն, որ այդպես մտածելու համար հիմքեր կան, բնական է։ Վիճակագրական կոմիտեն մեկ անգամ չէ, որ վերանայել է տնտեսական աճի ցուցանիշները։ Վերանայման մեջ գուցե արտառոց բան չկա։ Բայց տարօրինակն այն է, որ վերանայումից հետո դրանք ոչ մի անգամ չեն նվազել։
Վիճակագրական կոմիտեն այդպես վարվեց մասնավորապես առաջին կիսամյակի աճի հետ։ Երկու անգամ վերանայվեց առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը, ինչի արդյունքում այն 7,1-ից դարձավ նախ՝ 7,2, իսկ հետո՝ 7,5 տոկոս։
Նույնը տեղի ունեցավ նաև երկրորդ եռամսյակի ցուցանիշի պարագայում։ Ի սկզբանե այն 6,5 տոկոս էր։ Վերանայումից հետո դարձավ 6,9 տոկոս։
Հերթը դեռևս չի հասել երրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշին։ Բայց նախորդների տրամաբանությամբ շարժվելիս՝ ենթադրվում է, որ այն ևս կվերանայվի։
Չի բացառվում, որ կրկին թարմացվեն նաև առաջին կիսամյակի տնտեսական աճի արձանագրումները։ Ի վերջո, հիմա արդեն վարչապետը շատ ավելի բարձր տնտեսական աճի հավակնություններ ունի։
Որտեղի՞ց նրան նման լավատեսություն, երբ հայտնի չեն պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։ Իսկ գուցե Վիճակագրական կոմիտեն այդ տվյալները հրապարակելուց առաջ նախապես համաձայնեցնո՞ւմ է վարչապետի հետ։
Փաստն այն է, որ այս պահին հայտնի է միայն տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Անցած տարի այն կազմել է 7,8 տոկոս։
Բայց մի՞թե դա բավական է ավելի բարձր տնտեսական աճի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար։ Առավել ևս, որ դատելով նախորդ տարիների փորձից՝ սովորաբար տնտեսական աճի ցուցանիշը շատ ավելի ցածր է լինում, քան տնտեսական ակտիվությանը։ Ինչո՞ւ հանկարծ պիտի 2019թ. առանձնահատուկ լիներ. արձանագրվել է 7,8 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ վարչապետը խոսում է տնտեսական 8,2 տոկոս աճի մասին։
Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմեց 7,7 տոկոս։ Ու այդ պայմաններում արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն՝ 0,2 տոկոսային կետով ցածր, քան տնտեսական ակտիվության ցուցանիշն էր։
Նույնը տեղի ունեցավ նաև 2018թ.։ Վիճակագրական կոմիտեն տարեվերջին գրանցեց 5,8 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ տնտեսական աճը կազմեց 5,2 տոկոս։ Այս անգամ տարբերությունն ավելի մեծ էր, և դարձյալ՝ ոչ տնտեսական աճի օգտին։
Թե ինչո՞ւ պիտի 2019թ. 7,8 տոկոս տնտեսական ակտիվության պարագայում լինի 8 կամ 8,2 տոկոս տնտեսական աճ, մնում է միայն գուշակել։
Ամեն դեպքում, այն, ինչ ասում է վարչապետը, առաժմ գնահատական է։ Եվ դա դեռ պետք է հաստատվի պաշտոնական վիճակագրության տվյալներով։
Կհաստատվի՞, թե՞ ոչ, շուտով կիմանանք։ Մի քանի օրից կհրապարակվի 2019թ. տնտեսական աճի ցուցանիշը։ Ու այն ժամանակ պարզ կդառնա՝ Վիճակագրական կոմիտեն կարդարացնի՞ վարչապետի լավատեսությունը, թե՞ կհիասթափեցնի նրան։
Չնայած վիճակագրական աճերը չէ, որ որոշում են իրական զարգացումները։ Կան շատ ավելի կարևոր ցուցանիշներ, քան վիճակագրական աճերն են։ Դրանք հաճախ գրեթե ոչինչ չեն տալիս՝ ինչպես տնտեսությանը, այնպես էլ՝ հասարակությանը։
Ահա այդպիսի աճերի է, որ բախվել է Հայաստանի տնտեսությունը։ Եվ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի 2019թ. ցուցանիշը, դրանից տնտեսական աճի որակը չի փոխվի։
Տնտեսական աճի որակը Հայաստանում շատ վատ է։ Առևտրի ու ծառայությունների աճերի հաշվին տնտեսություն չի կարող զարգանալ։ Արտաքուստ աճի գործում մեծացել է արդյունաբերության դերը, բայց դա էլ՝ հիմնականում ընդերքը դատարկելու հաշվին։ Ու դա առավել ցայտուն արտահայտվեց հատկապես տարվա երկրորդ կեսին։ Քանի դեռ հանքարդյունաբերության ճյուղում անկում էր, արդյունաբերության աճը շատ համեստ էր։ Ասենք՝ առաջին եռամսյակում այն կազմում էր հազիվ 2 տոկոս։ Որքան ընդերքի արդյունահանումն ավելացավ, այնքան բարձրացավ նաև արդյունաբերության աճի ցուցանիշը։ Բնավ զարմանալի չէ, որ տարեվերջին արդյունաբերության աճը կազմեց՝ 9, իսկ հանքարդյունաբերությանը՝ շուրջ 24 տոկոս։ Իրականում սա ոչ թե արդյունաբերության զարգացման արդյունք է, այլ ընդերքը դատարկելու հետևանք։
Էլ չասենք, թե ինչ է կատարվում գյուղատնտեսության մեջ. ոչ միայն աճ չկա, այլև այս ոլորտի կշիռը ՀՆԱ-ի մեջ գնալով նվազում է։ Ու դա՝ այն պարագայում, երբ տնտեսության այս ճյուղի վրա է նստած հասարակության չափազանց մեծ հատվածը։
Տնտեսական աճերը չէ, որ բնորոշում են տնտեսության վիճակը։ Կան շատ ավելի խորքային խնդիրներ։
Պատահական չէ, որ վիճակագրությունը տնտեսության աճեր, այն էլ՝ բարձր աճեր է արձանագրում, իսկ երկրի արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվելու փոխարեն՝ վատանում է։ Միայն դա բավական է ասելու, որ գործ ունենք անորակ տնտեսական աճի հետ։ Նման աճերը չեն կարող մեծ արդյունք ապահովել, առավել ևս, պայմաններ ստեղծել հասարակության խնդիրների լուծման համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ