«Վարչապետը պիտի պատշաճ արտահայտվի ժողովրդի և երկրի մասին. մեր հասարակությունը կրիմինալիզացված չի». Ալավերդյան

Համապատասխան ստուգող հանձնաժողովները պետք է ոչ միայն մահվան դեպքերն արձանագրեն, այլև ոչ կանոնադրական հարաբերությունների փաստերը բանակում, և օրենքի ամբողջ ուժով պետք է պատժվեն պատասխանատուները, ղեկավարից՝ մինչև հերթապահ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Կապ չունի՝ ով է մեղավոր, պատասխանատվությունը նախևառաջ կրում է ղեկավարությունը և այդ աշխատակազմը: Ինձ համար ընդունելի չի այն հիմնավորումը, որը հնչեցրեց վարչապետը և որն աշխուժացրեց ադրբեջանական բոլոր կայքերին՝ բա որ ասում ենք՝ հայերը կրիմինալ են, իրենց մոտ դա է: Կոչ եմ անում վարչապետին՝ պատշաճ արտահայտվել ժողովրդի և երկրի մասին,  չպետք է այն մարմնի պատասխանատվությունը, որը պիտի լավ աշխատի, նրանից վերցնել և ամբողջությամբ բարդել ժողովրդի վրա:

Կներեք, հայ ընտանիքներում չեն դաստիարակում կրիմինալ տարր, մեր հասարակությունը կրիմինալիզացված չի, դրա համար շեշտը պետք է դնել ոչ թե ամբողջ հասարակության վրա, այլ հստակեցնել՝ ով է այդտեղ: Եվ բանակի ղեկավարությունը՝ սկսած նախարարից, պետք է վերանայի այն աշխատանքը, որը զուտ զինվորական պատրաստելը չէ, այլ այն, ինչը կոչվում է դաստիարակություն: Ես համոզված եմ՝ այդտեղ կան խորքային խնդիրներ, և եթե մենք այսքան մահեր ենք տեսնում, պատկերացրեք՝ ինչքան ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքեր կան, որոնք չեն հանգեցնում մահերի»,- նշեց Ալավերդյանը՝ պնդելով, որ պիտի հստակեցվի՝ ինչ սխեմաներով և ում են մեղադրում:

Տեսանյութեր

Լրահոս