Մարդկանց իրավունքները շարունակաբար խախտող պրակտիկա սոցիալական ապահովության համակարգում. ՄԻՊ
Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Անձի պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն հենց այդ իրավունքի, այլև մարդու մյուս իրավունքների համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև այնպիսի իրավունքների, որոնք մարդու համար ունեն կենսական կարևորություն։ Այդպիսի իրավունքներից է սոցիալական ապահովության իրավունքը:
Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքում առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ: Այդ վարքագծի պատճառով մարդկանց բարձրացրած շատ հարցեր չեն ստանում արդարացի և ողջամիտ ժամկետներում լուծումներ։ Այս մասին են վկայում Պաշտպանին հասցեագրվող բանավոր և գրավոր բողոքները:
Այսպես, սոցիալական ապահովության համակարգում վարչարարության համար կարևոր նշանակություն ունի սոցիալական ապահովության իրավունքի իրացման սկզբնական փուլը՝ դիմում ներկայացնելու պահից սկսած։ Ընդ որում, խոսքը վերաբերում է դիմումի գրավոր ձևի պահպանմանը: Սրա հետ է կապվում այդ դիմումի քննարկման ընթացքում անձի իրավունքների ապահովման հարցը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումները վկայում են, որ լայն տարածում ունեն դեպքերը, երբ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում չեն վերցնում մարդկանցից դիմումներ: Մարդիկ շատ դեպքերում պատշաճ չեն տեղեկացվում կամ նրանց չի տրամադրվում խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի կամ այդ փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացնելու և այդ ժամկետը բաց թողնելու հետևանքների մասին։
Ավելին, մերժումները մեծ մասամբ բանավոր են՝ դրանով իսկ զրկելով մարդուն հետագայում իր իրավունքները պաշտպանելու և անգամ պետական մարմնին իր դիմելը հիմնավորելու հնարավորությունից։ Դրանից բացի, գրավոր դիմումը ենթադրում է գրավոր ընթացակարգի նախաձեռնում ու գրավոր մերժում, իսկ գրավոր մերժումը հնարավորություն է տալիս մարդուն պատկերացում կազմել իր դիմումը մերժելու հիմքերի մասին: Գրավոր մերժման դեպքում մարդը հնարավորություն կունենա նաև բողոքարկելու այդ մերժումը: Նշվածի բացակայութան պատճառով է, որ կենսաթոշակառուն հայտնվում է քաշքշուկների մեջ: Այս անթույլատրելի պրակտիկան հանգեցնում է նաև նրան, որ մարդը զրկվում է իրեն հասանելիք այլ գումարներից ևս՝ կենսաթոշակից, թաղման նպաստից և այլն:
Բազմաթիվ օրինակներից մեկը. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով քաղաքացին հայտնել է, որ դիմել է Սոցիալական ապահովության պետական ծառայություն հանգուցյալ կենսաթոշակառուի 7 ամսվա չստացած կենսաթոշակը, ինչպես նաև թաղման նպաստը ստանալու խնդրանքով, սակայն ստացել է բանավոր մերժում՝ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվելու հիմնավորմամբ։ Նույն օրը կենսաթոշակառուի մահվան փաստի վերաբերյալ քաղաքացու բանավոր տեղեկության հիման վրա դադարեցվել է կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Քաղաքացին նույն օրը դիմել է նաև թաղման նպաստ ստանալու խնդրանքով, սակայն արդյունքի չի հասել: Նա նույն հարցերով Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմել է նաև մի քանի ամիս անց, սակայն կրկին արդյունքի չի հասել: Երկու դեպքում էլ պետական մարմնի աշխատակիցները դիմողից դիմում չեն վերցրել և չեն էլ տեղեկացրել այդպիսի հնարավորության մասին և հենց այդ պատճառով նա բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը: Նշված ոչ պատշաճ վարչարարության հետևանքով դիմողը զրկվել է հանգուցյալ կենսաթոշակառուի չստացած կենսաթոշակը և թաղման նպաստը ստանալու իրավունքից:
Վերը նկարագրվածից բացի, ներկայում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրավունքի դադարեցում իրականացվում է համակարգում ներդրված ավտոմատ ծրագրերի միջոցով, սակայն խնդրահարույց է այն, որ դրանով պայմանավորված Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցներն անձի իրավունքը դադարեցնելիս չեն իրականացնում քաղաքացիների իրազեկման և անհրաժեշտ փաստական հանգամանքների ճշգրիտ և ամբողջական հավաքագրման գործընթաց, որի պատճառով էլ ի հայտ չեն գալիս նաև անձանց օգտին առկա հանգամանքները:
Խնդրահարույց պրակտիկայի մեկ այլ դրսևորում է պետական մարմին դիմող մարդկանց ոչ լիարժեք տեղեկությունների տրամադրումը կամ դրանք առհասարակ չտրամադրելը: Օրինակ՝ գործերից մեկով դիմողի ամուսնու մահվանից հետո նրա երկու երեխաները ստացել են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։ Երեխաներից մեկի չափահաս դառնալուց հետո նպաստը դադարեցվել է։ Այն վերականգնելու նպատակով դիմողն այցելել է Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, սակայն ծառայությունում չի տրամադրվել տեղեկություն այն մասին, որ եթե 18 տարին լրացած անձն առկա ուսուցմամբ սովորում է ուսումնական հաստատությունում, ապա նպաստը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով շարունակվել մինչև նրա 23 տարեկանը լրանալը։ Արդյունքում, դիմողի 18 տարին լրացած որդին 6 ամիս շարունակ զրկվել է նպաստից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավոր է իրականացնել պատշաճ վերահսկողություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նկատմամբ՝ նրանց պատասխանատվությունն իրենց աշխատանքի հանդեպ ավելի բարձրացնելու, մարդկանց սոցիալական ապահովության համակարգին առնչվող անհրաժեշտ և ամբողջական տեղեկությունների տրամադրումն ապահովելու, մարդկանց քաշքշուկներից զերծ պահելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ սոցիալական ապահովության համակարգում կան, իհարկե, բարեխիղճ ու պատասխանատու աշխատակիցներ, սակայն նկարագրված անթույլատրելի պրակտիկան ունի տարածված բնույթ:
Վերը նկարագրված խնդիրների մասին բազմիցս նշվել է Պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում: