Եվս մեկ միջադեպ, և այդ էլիտար զորամասը ուղղակի պետք է ցրել. Հարություն Բաբայան
Բանակում ցավոտ թեմաների՝ զինվորների մահերի մասին խոսելն ինձ համար շատ ծանր է, որովհետև դա նույնն է, որ քո ընտանիքի թուլությունների և թերությունների մասին խոսես, սակայն, այդ ամենով հանդերձ՝ ունեմ մտահոգություններ՝ արդյո՞ք պատասխանատվության են ենթարկվել և ենթարկվում այն մարդիկ, որոնք մեղավոր են ոչ մարտական պայմաններում մեր ունեցած կորուստների համար, և արդյո՞ք ցրված է այլևս այդ «էլիտար զորամաս» ասվածը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։
«Ես, իհարկե, «էլիտար զորամասի» վերաբերյալ երեկ հարց ուղղեցի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, սակայն նրա պատասխանը, ցավոք, ինձ չբավարարեց։ Ես կարծում եմ, որ մենք շատ գործ ունենք անելու, որովհետև բանակում տարօրինակ, վատ ավանդույթներ կան, որոնց մասին մենք չպետք է դադարենք խոսել, որովհետև ցանկացած խնդիր չպետք է ծածկադմփոց անել»,- ասաց Բաբայանը։
Պատգամավորի խոսքով՝ որքան էլ կառավարության ղեկավարը նշում է, որ այդ վատ բարքերի պատճառը քրեական ենթամշակույթն է, միևնույն է՝ կա գլոբալ խնդիր, և դա սպայական կազմի և զինվորների կիսազբաղվածությունն է, իսկ երբեմն էլ՝ պարապությունը, որովհետև միայն այդ ժամանակ է, որ սկսում են հարաբերություններ պարզել ու «լավ» կամ «վատ» տղա բաժանում անել։
«Մենք բանակում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում մեծ ռեֆորմների, սպայական և հրամկազմին նոր մոդելով կրթելու խնդիր ունենք»,- ընդգծեց Բաբայանը։
Պատգամավորը ցավալի իրողություն համարեց նաև քաղհասարակության անտարբերությունը զինվորների մահվան դեպքերի հանդեպ, որն արդեն պարբերական բնույթ է կրում։ Ավելին՝ պատգամավորը համոզված է, որ այդ թեման նրանց այլևս չի հուզում։
Հարցին, թե տպավորություն է ստեղծվում, որ այդ թեման չի հուզում նաև պատգամավորներին, որովհետև երեկ, օրինակ, կառավարության անդամներին հարց տվող 41 պատգամավորներից, թերևս, միայն երկուսին հետաքրքրեց այդ հարցը, Հարություն Բաբայանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողվում այս հարցը պետք է քննարկվի. և՛ Անդրանիկ Քոչարյանը, և՛ Սասուն Միքայելյանը պետք է այս հարցը խիստ դնեն։ Նշեմ սակայն, որ, իմ տեղեկություններով, այդ էլիտար զորամասում, որտեղ արձանագրվել էին մահեր, հրամանատարի հետ կապված փոփոխություն չի եղել, էլիտար զինվորների հետ մտերմություն արած սպաները մինչև հիմա շարունակում են գտնվել իրենց նույն տեղում, և հենց սա է, որ ես չեմ հասկանում։ Ես պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում կունենամ, կխոսեմ նրա հետ՝ արդեն տալով անուններ, որովհետև ևս մեկ նման միջադեպ այդ էլիտար զորամասում, դա նշանակում է, որ այն պետք է ուղղակի ցրել»։
Ըստ պատգամավորի՝ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը զինվորների մահվան դեպքերը համարում է քրեական ենթամշակույթի արտահայտման հետևանք, միևնույն է՝ կատարվածի պատասխանատուն իշխանությունն է։
«Բոլոր դեպքերում պատասխանատուն կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն են, և ասել, որ մենք ենթամշակույթ ունենք, դա հարցի լուծում չէ։ Ասենք թե՝ արձանագրեցինք, որ, այո՛, կան այդ մարդկանց խմբերը, հետո, հետո ի՞նչ պետք է անենք, հաջորդ քայլը ո՞րն է լինելու»,- նշեց Բաբայանը։
Խոսելով պետության ղեկավարի պատասխանատվության մասին՝ պատգամավորը որպես օրինակ բերեց Իսրայելի վարչապետին։
«Այդ երկրի վարչապետն ամեն մի նման դեպքից հետո ցավակցություն է հայտնում զինվորի ընտանիքին ու մեղադրում է իրեն, որ ինքը՝ որպես վարչապետ, տեր չի կանգնել իր զինվորին»,- հիշեց Բաբայանը։
Ըստ Բաբայանի՝ մենք չպետք է դադարենք անընդհատ խոսել այն մասին, որ մենք ունենք խնդիրներ, սակայն, դրա հետ մեկտեղ՝ պետք է հասարակությանը տանք լուծումներ, և սա պետք է անել ոչ միայն այս հարցում։
«Օրինակ բերեմ վարչապետի Ազգային ժողովում ունեցած ելույթը. տեսեք՝ որքան էլ նա փորձեց հետո իր ասածները սրբագրել, միևնույն է, կարծում եմ, որ մեր մտավորականությունը չպետք է լռի։ Մտավորականությունը պետք է լինի ամենախիստ ընդդիմադիրը, բայց հետաքրքիր է, որ արժեքների պահպանողներն էլ են լռում, և հենց այստեղ է, որ հարց է առաջանում, բա լավ՝ մենք դեռ որքա՞ն պետք է մնանք սևերի և սպիտակների բաժանման մեջ»,- ընդգծեց Բաբայանը՝ հույս հայտնելով, որ գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշի փոխել իր խոսքի տոնայնությունը, ինչի արդյունքում ականատես կլինենք ատելության խոսքի ու ֆեյքային հարձակումների նվազման։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում