«Տենց բան հնարավոր չի». Դանիել Իոաննիսյանը՝ ՍԴ դատավորների ՄԻԵԴ դիմելու ու պաշտոններում վերականգնվելու մասին
Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումը հարկատուների վրա կարող է ավելի թանկ նստել, քան 2.7 մլրդ դրամն է, որը գործող իշխանությունը պատրաստվում է վճարել հանրաքվե անցկացնելու համար: Սահմանադրական փոփոխությունները, որը նախաձեռնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է, որ մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններով ընդունված Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ընտրված դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն: Մայր օրենքով ՍԴ դատավորները պաշտոնավարելու իրավունք ունեն 12 տարի, մինչև այդ, օրինակ, ըստ 1995թ. Սահմանադրության ընտրվածները պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը, 2005թ.-ի Սահմանադրությամբ նշանակվածները՝ մինչև 65 տարին լրանալը:
Աժ որոշմամբ ՍԴ դատավորների պաշտոնավարման հարցը դրվել է հանրաքվեի, որը տեղի կունենա ապրիլի 5-ին:
168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կլինի, եթե հանրաքվեում հաղթի «Այո»-ն, և այժմ գործող ՍԴ դատավորները իրենց իրավունքները վերականգնելու համար դիմեն ՄԻԵԴ ու հաղթեն: Նման նախադեպ Հայաստանն ունի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աշխատանքից հեռացված դատավոր Անահիտ Սաղաթելյանը 2015-ին հաղթել էր ՄԻԵԴ-ում և ցանկություն հայտնել պաշտոնում վերականգնվելու: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մեր հարցին արձագանքեց՝ «Տենց բան հնարավոր չի», ապա մանրամասնեց.
«Եթե «Այո»-ն անցնի, ՍԴ դատավորները պաշտոնին վերականգնվել չեն կարողանա, նման իրավասություն ՄԻԵԴ-ը չունի: ՄԻԵԴ-ը իրավունք ունի ճանաչելու իրավունքի խախտումը, այդ թվում՝ լեգիտիմ ակնկալիքի՝ աշխատավարձի մասով, բայց ՄԻԵԴ-ը չի կարող որոշել, որ դատավորը պետք է վերականգնվի պաշտոնին, նման լիազորություն չունի: Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիան է սահմանում»:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, արձագանքելով Իոաննիսյանի խոսքին, պնդեց, որ իշխանությունների հույսը հենց դրա վրա է:
«Չի կատարվելու ՄԻԵԴ-ի որոշումը: Դա նորմ է որոշ պետությունների համար, օրինակ՝ մեր հարևան պետությունը: Հենց դրա վրա է հույսը դրված, որ, ինչպես ճշմարտորեն ասվեց, ՄԻԵԴ-ը ոչ թե բեկանում է հանրաքվեի արդյունքը, այլ նա վնասները կոմպենսացնում է: Բայց հարկ է նշել, որ դրա քաղաքական գինը լինելու է շատ բարձր»,- ասաց Ալավերդյանը:
Փաստաբան Կարապետ Բադալյանը Լարիսա Ալավերդյանի պնդմանը, թե ՄԻԵԴ-ի որոշումը կարող է չկատարվել, արձագանքեց, որ նման մտավախության կարիք չկա.
«ՀՀ-ն կատարել է ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները, պետք չէր այս դեպքում մեզ համեմատել հարևան երկրի հետ»: