Տարօրինակ մարկետինգային քայլ. ինչո՞ւ է Այրվածքաբանության ազգային կենտրոնը հորդորել Տեառնընդառաջի տոնին «բարձր թռչել»
Այրվածքաբանության ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է Տեառնընդառաջի տոնին «բարձր թռչել»:
«Հորդորը շրջանցելու դեպքում հիշե՛ք, որ Կենտրոնը աշխատում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և բուժումն ԱՆՎՃԱՐ Է»,- գրված է կենտրոնի ֆեյսբույքան էջում:
168.am-ը կապ հաստատեց կենտրոնի հետ՝ հասկանալու՝ ո՞րն է նման հայտարարություն տարածելու պատճառը, ունե՞ն վիճակագրություն, թե ընդհանրապես Տեառընդառաջի տոնին քանի՞ մարդ է այրվածքներ ստացել, թե՞ սա պարզապես տարօրինակ մարկետինգային քայլ է:
Զանգահարեցինք կենտրոնի ֆեյսբուքան էջում նշված հեռախոսահամարով, և մեզ փոխանցեցին, որ նման ստատիստիկա դեռ չունեն, քանի որ Տեառնընդառաջը դեռ չի եղել. «Այսօր դեռ նման դեպք չի եղել, քանի որ օրը նոր է բացվել, բայց վստահաբար կդիմեն»:
Հետաքրքրվեցինք՝ նախորդ տարիներին եղե՞լ են նման դեպքեր, որոնք հիմք են տվել այդպիսի բովանդակությամբ հայտարարություն տարածելու համար:
Կենտրոնի մարդկային ռեսուրսների պատասխանատու-իրավաբան Զառա Թորգոմյանը նշեց, որ նախորդ տարի լուրջ դեպքեր չեն եղել. «2019թ. 2-3 թեթև դեպք է եղել: Հաղորդագրություն տարածելը տեղեկատվական քայլ էր, որ շատերն իմանան մեր մասին: Մենք վերակառուցվել ենք, նոր սարքավորումներ, նոր բժիշկներ ունենք, որ մեր մասին սկսեն հիշել և հեքիմներին դիմելու փոխարեն՝ գան մեզ մոտ անվճար բուժվեն»:
Դիտարկմանը՝ այնուամենայնիվ Տեառնընդառաջի տոնին նման մարկետինգային քայլը մի փոքր տարօրինակ է, նա արձագանքեց. «Տարօրինակություններն ավելի շատ են տարածվում, քան մեր նորմալ հաղորդագրությունները: Երբ գրում ենք, որ նոր սարքավորում ենք ձեռք բերել, ոչ ոքի դա չի հետաքրքրում, բայց սա բոլորին հետաքրքրեց»:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել է նաև խարույկավառությունը: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը. «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»:
Հորդորը շրջանցելու դեպքում հիշե՛ք, որ Կենտրոնը աշխատում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և բուժումն ԱՆՎՃԱՐ Է:Հասցե՝ ք․ Երևան, Դավթաշեն, 25ա։Ընդունարանի շուրջօրյա հեռախոսահամար՝ +374-10-350215։
Gepostet von Այրվածքաբանության ազգային կենտրոն am Mittwoch, 12. Februar 2020