Բաժիններ՝

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 12-ին հանդիպեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ջատագով, մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի ու ԱԷՄԳ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզունների ուղենշման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետների ու անվտանգ գործունեության, միջուկային էներգետիկայի զարգացման և միջուկային անվտանգության հարցերին: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր գնահատեց միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները:

Նախարարն առանձնահատուկ մատնանշեց միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցում: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք  ընդգծվեց միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ Հայաստանի և Գործակալության միջև արդյունավետ համագործակցությունն առողջապահության ոլորտում:

Միջուկային էներգետիկայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս