«Ինձ համար շատ միանշանակ չի ՎՀ-ի որոշ պաշտոնյաների անկողմնակալությունը». Վահե Գրիգորյան
Փետրվարի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը հարցազրույցի տաղավարում հյուրընկալել էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանին:
ՍԴ դատավոր Վ. Գրիգորյանին, ով, հիշեցնենք, չի աշխատում, բայց ստանում է բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, օգտվում է սոցիալական երաշխիքներից, ունի ծառայողական ավտոմեքենա, անձնական աշխատասենյակ, ստանում է վառելիքի կտրոններ, Հ. Թամրազյանը հետևյալ հարցն ուղղեց.
«Դուք հիմնավորում եք, որ ՍԴ անդամի ու դատավորի միջև լուրջ տարբերություն կա, շատ պատկերավոր այդ ամենը ասում եք, որ անդամը չի կարող որոշումներ ընդունել, չունի դատավորի լիազորություններ, բայց Վենետիկի հանձնաժողովը (ՎՀ), ի դեպ, իր վերջին եզրակացությունների կամ կարծիքի մեջ ասում էր, որ այնքան էլ համամիտ չէ, և նման այսպիսի բան կար, որ դրանք գրեթե բառախաղ են, կամ տարբերություն չկա: Իրենք հակված են այդտեղ առանձնապես լուրջ տարբերություն չտեսնել: Հիմա մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ասում է՝ այ սպասենք, թող Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքը հայտնի, նոր… Հիմա մեզ հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովն ունի նման մի բան, տեսակետ, առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում: Հիմա Դուք ի՞նչ եք կարծում, նախ անհրաժե՞շտ է տալ Վենետիկի հանձնաժողովին կարծիքի համար, համազեկուցողների այդ կոչը՝ ուղարկել ՎՀ՝ գնահատականի համար, մինչև հանրաքվեի որոշում կայացնելը: Եվ հետո, ի՞նչ էր լինելու, Ձեր կարծիքով, եթե ՎՀ-ն կարծիք հայտներ, ո՞րն էր լինելու ՎՀ-ի գնահատականը»:
Ի պատասխան՝ Վահե Գրիգորյանն ասաց, որ կանխատեսում անել չի կարող, բայց հարցը բաժանեց երկու մասի, մեկը՝ արդյո՞ք ՎՀ դիմելու կամ չդիմելու կարիք, անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն կա, և երկրորդ՝ իրենց՝ այս խնդրի վերաբերյալ կատարած մեկնաբանությունը:
«Նախ բառախաղը ՎՀ-ի բառամթերքից չի: Բառախաղը այստեղ պտտվեց: Բայց եկեք սկսենք նախ նրանից, որ, կներեք, ես ուզում եմ ճշմարտության պահ արձանագրենք հիմա: Ես գործադիր իշխանության ներկայացուցիչ չեմ հիմա, որպեսզի շատ անհանգստանամ Հայաստանի՝ միջազգային գործընկերների հետ եղած հարաբերություններով, և ոչ էլ Պառլամենտի անդամ եմ, կամ քաղաքական թիմի անդամ եմ, որպեսզի անհանգստանամ պառլամենտական դիվանագիտությամբ, և այլն. ես ՍԴ դատավոր եմ և հրապարակայնորեն տված հարցին կուզեմ շատ անկեղծ պատասխանել քաղաքացիների համար: Նախ՝ ինձ համար շատ միանշանակ չի ՎՀ-ի որոշ պաշտոնյաների անկողմնակալությունը կոնկրետ այս հարցով, և ոչ միայն՝ այս հարցով»,- ասաց Վահե Գրիգորյանը:
ՍԴ դատավոր Գրիգորյանի պնդմամբ՝ ՎՀ-ն եղել է այն մարմինը, և մասնավորապես ՎՀ-ի որոշ պաշտոնյաներ եղել են այն պաշտոնյաները, որոնք 2005թ. սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարել են, որ ՀՀ-ն այլևս ունի այնպիսի Սահմանադրություն, որը ոչ մի կերպ չի կարող քննադատվել Եվրոպայի խորհրդում, որովհետև դա մոդեռն պետության կատարյալ Սահմանադրություն է, և 8 տարի անց նույն պաշտոնյան ամենայն պատրաստակամությամբ իր ողջ քննադատական արսենալով սկսել էր խոսել այն մասին, որ Հայաստանը կարիք ունի սահմանադրական փոփոխությունների:
«Նմանապես Հայաստանից գնացող բոլոր բողոքները՝ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ քաղաքական կուսակցությունների կողմից, այն մասին, որ ՎՀ-ի դիրքորոշումներից մեկը լիովին ձևախեղել է Հայաստանում ընտրական իրավունքը, մասնավորապես՝ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների չհրապարակման պահանջը (իրականում դա պահանջ էլ չէր, դա խորհրդատվական մի փաստաթղթում զետեղված մոտեցում էր), և քանի որ Հայաստանի ՍԴ-ն 2003 թվից ի վեր, հղում տալով այդ փաստաթղթին, շարունակում էր գաղտնի պահել, Հայաստանի ողջ քաղաքական ընդդիմությունը, նույնիսկ՝ ոչ իշխանական ուժերը, նրանք, ովքեր որ քաղաքական ընդդիմադիր կեցվածք էլ չունեին, քաղաքացիական հասարակությունը ուղղակի լցոնում էր և ԵԽ-ի այլ մարմինների, և ՎՀ-ի փոստարկղերն այն մասին, որ ձեր տված ռեկոմենդացիան վերաճել է ՍԴ որոշման, և դա վեր է աճել ընտրակեղծարարության ջերմոցի, դուք ինչ-որ միջամտության կարիք ունեք, հիմնականում նույն պաշտոնյաները, գլխավորապես նույն պաշտոնյաները դա բացարձակապես անտարբերության էին մատնել մինչև այն պահը, երբ Հայաստանի իշխանությունը դիմեց իրենց, որպեսզի հարցը քննության առնեն»,- նշեց ՍԴ դատավորը՝ հավելելով, որ հարցը քննության առնելուց հետո ՎՀ-ի մեկնաբանող հայտարարությունն այն մասին էր, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը ընտրակեղծարարության դեմ էֆեկտիվ միջոց է:
Ըստ Վահե Գրիգորյանի՝ մի ողջ խորհրդատվական հարթակ տասնամյակից ավելի ընտրակեղծարարության դեմ պայքարի էֆեկտիվ միջոցը փակ է պահել:
«Հիմա կուզեի պարզաբանել Հայաստանի քաղաքացու համար՝ ի՞նչ պատասխանատվություն է կրում ՎՀ-ն կոնկրետ այդ մի բացթողնման համար: Ոչ մի: Դա խորհրդատվական հարթակ է: Քանի՞ գրոշ արժի խորհրդատվական հարթակի կողմից տրված այն խորհրդատվությունը, որի համար խորհրդատվություն տվողը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Ես չեմ պատասխանի այս հարցին, սա քաղաքացունն է: Ես պատասխանատվություն եմ կրում իմ գործողությունների ու հայտարարությունների, իմ որոշումների համար: Իշխանությունը պատասխանատվություն է կրում այդ գործողությունների, որոշումների համար»,- նկատեց Վահե Գրիգորյանը:
Վերջինս նշում է, որ իր համար նույնիսկ Հրայր Թովմասյանի դիրքորոշումն ու կարծիքն է շատ ավելի ծանրակշիռ, քան որևէ խորհրդատվական հարթակի կամ միջազգային կազմակերպության պաշտոնյայի կարծիք, որն իր դիրքորոշման, կարծիքների համար բացարձակապես որևէ պատասխանատվություն չունի:
«ՎՀ-ն 2015թ. սահմանադրական փոփոխությունների վեաբերյալ ընդարձակ եզրակացություն է տվել: Եզրակացության մեջ Դուք ոչ մի տեղ չեք նկատի, որ 213 հոդվածի մասին խոսք կա: Երբ անցած տարի բուռն քննարկումների արդյունքում ՎՀ-ից կրկին եկան մեկնաբանություններ, մեկնաբանություններից մեկում բառացիորեն նշված էր, որ ՍԴ դատավորի և անդամի կարգավիճակները պիտի նույնական լինեն: Սա ինքն իրեն հակասող հայտարարություն է: ՍԴ դատավորի և անդամի կարգավիճակները նույնական չեն և իրար հավասար չեն: Հենց միայն պաշտոնավարման ժամկետի մասով նրանք ակնհայտ տարբերություն ունեն: Սա մի բան է, որը 213 հոդվածում չեն նկատել ժամանակին»,- կարծում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Վերջինս հավելում է, որ, երբ ինքն ասում է, որ նրանց անկողմնակալության նկատմամբ կասկածներ ունենալու իրավունք ունի, ինքը նկատի ունի, որ ժամանակին ՎՀ-ի տված պաշտոնական դիրքորոշումը մինչև վերջ շարունակելու են պնդել:
«Եվ ես չեմ ցանկանա ավել խորամուխ լինել ՎՀ-ի որոշ պաշտոնյաների՝ Հայաստանում բարձրաստիճան կուսակցական քաղաքական գործիչների հետ ունեցած և ,ենթադրում եմ, դեռ գրագրության ու նամակագրության վերաբերյալ, որովհետև կներեք, սա արդեն քաղաքական գործունեությանը միջամտել է դառնում, ներքաղաքական հարցերին միջամտել»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ շարունակելով, որ քանի որ քաղաքացիներին ուզում է ճշմարտությունն ասել, պետք է նշի, որ ՍԴ ճգնաժամն ու դրա լուծումը բացարձակապես Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող խնդիրներ են:
Վահե Գրիգորյանը ուղղակի ցավում է, որ շատ մարդիկ պետական այդ հասունությանը չեն հասել՝ հասկանալու համար՝ ի վերջո, ՍԴ անդամը, որ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության վերջնական ատյանն է, ոչ մի գրոշ արժեք չունի, երբ որ իր պաշտոնի անվտանգությունը կախված է միջազգային օտարերկրյա պաշտոնյաների դիրքորոշումներից, երբ դու քո իշխանության, քո ժողովրդի ու քո հասարակության մեջ չունես այնքան պաշտպանություն և մշտապես պիտի պաշտպանություն աղերսես:
«Կան շատ բաներ, որոնք ես չեմ ուզում ասել և չեմ էլ կարող ասել. Ես վստահ եմ, որ քաղաքացիները հասկանում են նաև տարբեր այլ միջավայրեր: Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ իհարկե, մեզ հետաքրքիր են միջազգային գործընկերների կարծիքները, բայց երբ մենք իրենց կխնդրենք այդ մասին: Եվ շատ տարօրինակ են նրանց միջամտությունները, երբ որ ոչ ոք նրանց չի խնդրում այդ մասին»,- հայտարարեց Վահե Գրիգորյանը:
Նշենք, որ ավելի վաղ մեկ այլ հարազրույցում Վ. Գրիգորյանը Վենետիկի հանձնաժողովի կարծիքը որակել էր՝ որպես բարոյագիտական դատարկախոսություն, որը չունի իրավաբանական և քաղաքական արժեք:
Նա նաև երդման արարողության ժամանակ նշել էր, որ Սահմանադրությունը համարում է բռնաբարության արդյունք («բռնաբարության արդյունքում ծնված երեխա»), ՀՀ նախագահին անվանել է «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ և ոչ լեգիտիմ նախագահ», ՍԴ դատավոր նշանակվելուց մի քանի ամիս առաջ էլ հայտարարել էր, որ իրեն բարոյական իրավունք չի վերապահում առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու, այնինչ հետագայում մոտ մեկ տարի պայքարեց այդ պաշտոնի համար:
Վահե Գրիգորյանը, որպես դատավոր, երդումից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ՍԴ նախագահի հետ աշխատանքը պատկերացնում է բացառապես արդյունավետ (regardless of the duration and status)` անկախ նրանից, թե ինչ տևողությամբ և ինչ կարգավիճակով կլինի այդ համատեղ աշխատանքը, այնինչ ընտրվելուց հետո (մինչ ընտրվելը նա այդ մասին կարծես մոռացել էր), հայտնում է, որ այնտեղ դատարան չկա, ուստի և չի պատրաստվում նիստերի մասնակցել:
Ընդ որում, ինչպես արդեն նշել ենք, նիստերին չմասնակցելով, որևէ աշխատանք չկատարելով՝ նա չի հրաժարվել աշխատավարձից, պարգևավճարից, ծառայողական մեքենայից:
Բացի դրանից, Վահե Գրիգորյանը խոսում է ՍԴ լեգիտիմությունից, բայց ինքն ընտրվել է լրջագույն խախտումներով:
Ի դեպ, Վահե Գրիգորյանը իշխանական թևը ներկայացնող կամ նրա համակրանքը վայելող միակ գործիչը չէ, որ կասկածի տակ է դնում միջազգային կառույցների, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի անաչառությունը:
Նախկինում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ևս նշել է, որ Բուքիքիոն այն սուբյեկտը չէ, որի կարծիքը պետք է հաշվի առնել, նրա խոսքը միջամտություն է, և իրենց խմբակցությունը պետք է պարզաբանի նրա հետ այդ հարցը: Նա ակնարկել էր նաև, որ Բուքիքիոն որոշակի շահագրգռվածություն ունի, ուղղորդված է և կապ ունի նախկին իշխանությունների հետ:
Օրեր առաջ էլ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը («Իրավունքի Եվրոպա» հ/կ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի կինը), մասնավորապես, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ ՎՀ-ի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության արձագանքին, ասել էր հետևյալը.
«Բուքիքիոն քո թվարկածներից ինչո՞վ է տարբերվում: Ինքն էլ մտերմություն է ձևավորել Դավիթ, Արփինե & Co-ի հետ ու էլի կանխակալ մոտեցումներով է առաջնորդվում: Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունները միշտ ձևական են հանդիպել ՀԿ-ների հետ ու ուղղակի պտիչկայի համար անցկացրել այդ հանդիպումները»: